American Idiot, ամերիկյանGreen Dayփանկ-ռոք խմբի յոթերորդ ստուդիական ալբոմն է, թողարկվել է 2004 թվականի սեպտեմբերի 21-ին Ռեփրայզ Ռեքորդս ձայնագրման լեյբլի կողմից։ 2003 թվականի կեսերին խումբը սկսեց երգեր ձայնագրել Cigarettes and Valentines ալբոմի համար, բայց շուտով երգերը գողացվել էին և անօրեն հայտնվել համացանցում։ Այդ պատճառով խումբը որոշեց չշարունակել ձայնագրությունները, այլ սկսել աշխատել նոր երգեր ստեղծագործել[11]։ The Who խմբի գործունեությամբ ոգեշնչված երաժիշտները որոշեցին ստեղծել ռոք-օպերա։ Ապագա ալբոմը սկսեցին ձայնագրել Օկլենդի Studio 880-ում և ավարտեցին Հոլիվուդի Ocean Way Recording ստուդիայում։
Ալբոմը մեծ հաջողություններ ձեռք բերեց, հայտվելով 27 երկրների հիթ-շքերթներում՝ դրանցից գլխավորելով 19-ը։ Թողարկման օրվանից ողջ աշխարհում վաճառվել է սկավառակի 14 միլիոնից ավել օրինակ[12], որից 6 միլիոնից ավել միայն ԱՄՆ-ում[13]։ Ալբոմի շնորհիվ խումբը շատ մրցանակներ է ստացել, ներառյալ Գրեմմիի «Լավագույն ռոք-ալբոմ» մրցանակը։ Քննադատներից ստացել է հիմնականում դրական գնահատականներ։
«American Idiot» ալբոմից հինգ երգերի համար նկարահանվել են տեսահոլովակներ՝ «American Idiot», «Boulevard of Broken Dreams», «Holiday», «Wake Me Up When September Ends» և 9 րոպե տևացող «Jesus of Suburbia». Ալբոմի հիման վրա ներկայացվեց համանուն ռոք-օպերան, պրեմիերան կայացավ 2009 թվականի սեպտեմբերի 16-ին Բրոդվեյի «Berkeley Repertory» թատրոնում[14]։