Բեղմնավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի սերմնաբջիջ՝ մի ձվաբջիջի բեղմնավորելուց

Ներքին և արտաքին բեղմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեղմնավորումը երկու հապլոիդ՝ իգական և արական գամետների միաձուլումն է և որի հետևանքով դիպլոիդ բջջի՝ զիգոտի առաջացումը. զիգոտից զարգանում է նոր օրգանիզմ։
Գամետները համարվում են ծնողական բջիջները, իսկ զիգոտը՝ սերնդի սկզբնական բջիջը։
Բարձրակարգ կենդանիների մոտ տարածված ներքին բեղմնավորության համար էգերը և արուները օժտված են բազմապիսի ներքին և արտաքին հարմարանքներով սեռական օրգաններով։
Սեռական գեղձերը, որոնցում ձևավորվում են սեռական բջիջները, կենդանու սեռը որոշող գլխավոր օրգաններն են, նրա գլխավոր սեռական հատկանիշները, որոնց օգնությամբ կարելի է որոշել սեռի պատկանելությունը։
Կենդանիները օժտված են նաև երկրորդական սեռական հատկանիշներով։ Այսպիսով, կենդանական աշխարհում գոյություն ունի բաժանասեռության երևույթ (սեռական երկձևություն)։ Քանի որ օրգանական աշխարհը բազմատեսակ է և բազմաձև, դրան համապատասխան էլ էվոլյուցիայի ընթացքում մշակվել են բազմապիսի հարմարանքներ, որոնք ծառայում են իգական և արական անհատների հանդիպմանը, սեռական ընտրությանը, հետևապես և բեղմնավորման պրոցեսի իրականացմանը։
Սակայն օրգանական աշխարհի ցածրակարգ կենդանիների մոտ (աղեխորշավորներ, որդեր) կան այնպիսի տեսակներ, որոնց մոտ մեկ օրգանիզմում համատեղում են երկու սեռեր, դա երկսեռության կամ հերմոֆրոդիտիզմի երևույթն է, որը այդ ձևերի համար բնական հատկություն է։ Սեռական բազմացման մեջ պետք է տարբերել երկու կարգի երևույթներ. մեկն արտաքին բեղմնավորումն է՝ մայրական օրգանիզմից դուրս սեռական բջիջների հանդիպումը և միաձուլումը, երկրորդը՝ ներքին բեղմնավորումը մայրական օրգանիզմի սեռական օրգաններում։
Ջրային կյանք վարող կենդանիներից շատերին բնորոշ է արտաքին (օրգանիգմից դուրս) բեղմնավորում։ Նրանց կողմից իգական և արական սեռական բջիջները դուրս են նետվում ջրի մեջ, որտեղ էլ նրանք հանդիպում են և բեղմնավորվում։ Որպեսզի բազմացման այդպիսի համակարգը արդյունավետ լինի, էգերն ու արուները պետք է միաժամանակ հանդես գան նույն տեղում և միաժամանակ իրենց սեռական բջիջները դուրս նետեն ջրի մեջ։ Այդպիսի համաձայնությունը նրանց էվոլյուցիայի պրոցեսում ձեոք է բերվել միջավայրի խթանիչների և հորմոնալ մեխանիզմների փոխազդեցության արդյունքում և դարձել է նրանց վարքագծի կարևոր դրսևորումներից մեկը։ Այդպիսի տեսակները իրենց բեղմնավորումը ապահովելու համար արտաքին միջավայր են դուրս նետում հսկայական քանակի ձկնկիթ, ձկների որոշ տեսակներ՝ մինչև 300.000 (պերկես)։ Դրանց մեծ մասը ոչնչանում է, չի բեղմնավորվում կամ այլ կենդանիների սնունդ է դառնամ, բայց չնչին քանակի բեղմնավորումն անգամ (դա կարգավորվում է բնական ընտրությամբ) ապահովում է այդ տեսակների միջին խտության պահպանումը, հետևապես և տեսակի գոյատևումը։
Այլ է ցամաքային կյանք վարող կենդանիների բեղմնավորման պրոցեսը։ Նրանց մեծ մասը ներքին բեղմնավորմամբ է բազմանում, իգական և արական սեռական բջիջների հանդիպումը և միաձուլումը տեղի է ունենամ սեռական ակտի ժամանակ՝ էգի ներքին սեռական օրգաններում։ Այս դեպքում նույնպես սպերմատոզոիդների քանակը բազմակի գերազանցում է ձվաբջիջների քանակին։ Ներքին բեղմնավորմամբ բազմացող (իգական անհատի սեռական օրգաններում տեղի ունեցող բեղմնավորություն) կենդանիների մոտ ամուսնական վարքագիծը շատ բարդ է. յուրաքանչյուր կենդանի իր ամուսնական վարքագծով իր պոտենցիալ գույգին հաղորդում է նույն տեսակի հակառակ սեռին իրեն պատկանելությունը։ Դա հանգեցնում է այն բանին, որ արուն իր սպերման փոխանցում է էգին, իսկ էգը այն ընդունում է։ Այսպես, օրինակ՝ սարդերի, կաղամարների (ծովային մոլյուսկ) արուները իրենց սիրահետման արարողությունը ավարտում են՝ էգին իրենց սպերմայով լի պարկը փոխանցելով(սպերմատոֆոր
Այլ անողնաշարավորների մոտ, ինչպես նաև շնաձկների, սողունների, թռչունների, կաթնասունների ամուսնական վարքագիծը խթանում է կոպուլյացիայի պրոցեսը, որի ժամանակ սպերման արուի մարմնից տեղափոխվում է էգի մարմնի մեջ։ Գամետների միաձալումից առաջացած այդ բջիջը ինքնուրույն գոյացության ընդունակ է դառնում միայն սաղմնային զարգացման պրոցեսը անցնելուց հետո։

Բեղմնավորման ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեղմնավորման ընթացք

Ձվաբջջի մեջ թափանցելուց հետո սպերմատոզոիդի կորիզը մոտենում է ձվաբջջի կորիզին և ձուլվում է նրա հետ։ Այնուհետև, ձվաբջիջը անմիջապես պատվում է հատուկ թաղանթով և անթափանցելի է դառնում մյուս սպերմատոզոիդների համար։
Կաթնասուն կենդանիների ձվարանից դուրս եկող ձվաբջիջը անմիջապես բեղմնավորման ընդունակ չէ, քանի որ ծածկված է ֆոլիկուլային բջիջներից կազմված պսակաձև թաղանթով։ Այդ թաղանթը սպերմատոզոիդների ներկայությամբ աստիճանաբար լուծվում է։ Նրանք արտադրում են հատուկ, թաղանթի լուծմանը նպաստող ֆերմենտներ՝ հիալուրոնիդազ և մուցինազ, որոնցից առաջինը քայքայում է ֆոլիկուլային բջիջների միմյանց հետ սոսնձմանը ծառայող հիալուրոնաթթուն, երկրորդ ֆերմենտը՝ մուցինազը, լուծում է ձուն շրջապատող լորձաթաղանթը։ Ինչպես տեսնում ենք, սպերմատոզոիդների մեծ քանակությունը, որը շրջապատում է ձվաբջիջը բեղմնավորության ակտի ժամանակ, անհրաժեշտ է՝ ձվաբջիջը շրջապատող արգելքների հաղթահարման ժամանակ։ Առաջին իսկ սպերմատոզոիդի ձվաբջջի մեմբրանից ներս թափանցելուց հետո առաջանում է հատուկ էլեկտրական ռեակցիա, որին հետևում է քիմիական վերափոխում։ Դրանից հետո ոչ մի նոր սպերմատոզոիդ չի կարող թափանցել ձվաբջջի մեջ։ Սա մոնոսպերմիայի երևույթն է։ Օրգանական աշխարհի որոշ խմբերում (միջատներ, շնաձկներ, որոշ թռչուններ, կաթնասուններ) հայտնի է նաև պոլիսպերմիայի երևույթը, երբ մի ձվաբջջի մեջ կարող են թափանցել մեկից ավելի սպերմատոզոիդներ։ Այս դեպքում նույնպես ձվաբջջի հետ միաձուլվելու հնարավորություն ձեռք է բերում ներս թափանցած սպերմատոզոիդներից միայն մեկը, իսկ մյուսները բջջապլազմայում անհետանում են։
Սպերմատոզոիդների քրոմոսոմների հապլոիդ (ո) հավաքակազմը ձվաբջջի քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմի հետ միաձուլումից հետո վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմը (2ո)։
Այսպիսով, զիգոտը՝ բեղմնավորված ձվաբջիջը և զարգացող օրգանիզմի բոլոր բջիջները պարունակում են քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմ, և սեռական ճանապարհով բազմացող յուրաքանչյուր նոր ձևավորվող անհատ, ստանամ է քրոմոսոմների այն քանակը, որը հատուկ Է այն տեսակին, որին նա պատկանում է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 383