Jump to content

Ֆրանսերենի ուսումնասիրության դիպլոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Diploma in French Language Studies
Diploma, language test, language assessment Խմբագրել Wikidata
ՍպասարկողFrance Éducation international Խմբագրել Wikidata
Issued byFrench Ministry of education Խմբագրել Wikidata
DELF A1 Diploma

Ֆրանսերենի ուսումնասիրության դիպլոմ (ֆր.՝ Diplôme d'études en langue française) կամ «DELF», դիպլոմ ֆրանսերենի հմտությունների գծով՝ նախատեսված ոչ լեզվակիր ֆրանկոֆոնների համար։ Այն համակարգվում է «France Éducation international» (FEI) հասարակական հաստատության կողմից՝ Ֆրանսիայի Կրթության նախարարության ղեկավարությամբ։ «DELF»-ն ընդգրկում է չորս անկախ դիպլոմներ, որոնք համապատասխանում են Լեզուների ընդհանուր եվրոպական շրջանակի առաջին չորս մակարդակներին՝ A1, A2, B1 և B2։ Այս մակարդակից վերև` «հմուտ խոսողների» մակարդակները (C1, C2) սերտիֆիկացվում են «DALF»-ի կողմից[1][2]:

«DELF» քննությունները հասանելի են չորս տարբերակով՝ «DELF Tout Public»` նախատեսված չափահաս մարդկանց համար, «DELF Prim»` նախատեսված տարրական դպրոցի աշակերտների համար (հասանելի է միայն pre A1, A1 և A2 մակարդակներում), «DELF Junior et Scolaire»` նախատեսված միջնակարգ դպրոցի աշակերտների համար և «DELF Pro»` հարմար այն մարդկանց համար, որոնք ցանկանում են աշխատել: Այս քննություններից յուրաքանչյուրը նույն արժեքն ունի և հանգեցնում է միևնույն դիպլոմի շնորհմանը, սակայն քննական թեմաները կարող են տարբերվել՝ թիրախային խմբին համապատասխան լինելու համար: «DELF»-ը վկայական չէ, այլ դիպլոմ ՝ անժամկետ և ամբողջ կյանքի համար։

Քննական թեստի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«DELF»-ում քննական թեստը կազմված է 4 մասից՝ բանավոր խոսքի ընկալում (ֆր.՝ Compréhension orale), գրավոր խոսքի ընկալում (ֆր.՝ Compréhension écrite), բանավոր խոսք (ֆր.՝ Production orale) և գրավոր խոսք (ֆր.՝ Production écrite)։ Լսելը, կարդալը և գրելը («Epreuves Collectives») ընթանում են իրար ետևից, իսկ բանավոր քննությունն իրականացվում է առանձին:

Մաս 1 - Բանավոր խոսքի ընկալում (Compréhension orale)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում թեկնածուն լսում է ձայնագրությունների շարք և նրանից պահանջվում է լրացնել լսելու հմտությունները ստուգող հարցեր՝ կապված ներկայացված վարժության հետ: A1-ից B1 մակարդակներում յուրաքանչյուր ձայնագրություն երկու անգամ է միացվում, և տևողությունը կազմում է առավելագույնը 3 րոպե՝ A1 մակարդակում, և մինչև 6 րոպե՝ B1 մակարդակում: B2 քննության ժամանակ թեկնածուներին ներկայացվում են երեք ձայնագրություններ: Առաջին և երկրորդ ձայնագրությունները հնչում են երկու անգամ, իսկ երրորդը՝ միայն մեկ անգամ։ Ընդհանուր ձայնագրությունների տևողությունը B2 մակարդակում կազմում է մոտավորապես 8 րոպե:

Մաս 2 - Գրավոր խոսքի ընկալում (Production orale)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը ստուգում է թեկնածուների ընթերցանության ընկալման հմտությունները՝ նրանց ներկայացնելով մի քանի կարճ տեքստեր, որոնց հաջորդում են բազմակի ընտրության տարբերակներով հարցեր՝ կապված ներկայացված նյութի հետ: A1 և A2 մակարդակի թեստերում սովորաբար հանդիպում են մի քանի կարճ տեքստեր: B1 և B2 մակարդակներում թեկնածուներին տրվում են ավելի երկար տեքստեր, իսկ B2 մակարդակի տեքստերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1000 բառ:

Մաս 3 - Գրավոր խոսք (Production écrite)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը ստուգում է թեկնածուների գրավոր հմտությունները և կրկին ներառում է տարբեր թեմաներ՝ ըստ մակարդակների։

  • A1 – Առաջին առաջադրանքը անձնական տվյալներով փաստաթուղթ լրացնելն է։ Երկրորդ առաջադրանքը պարզ տեքստ է՝ առօրյա կյանքի թեմաներով։
  • A2 – Առաջին առաջադրանքը կարճ դեպք կամ փորձառություն նկարագրելն է։ Երկրորդ առաջադրանքը շարադրանք է՝ հրավերի, շնորհավորանքի, դիմումի, տեղեկատվության տրամադրման, հիմնավորման և այլ նմանատիպ թեմաներով։
  • B1 – Անձնական տեսակետի արտահայտումը տրված իրավիճակում՝ շարադրանքի, նամակի կամ հոդվածի միջոցով։
  • B2 – Անձնական տեսակետի և հիմնավորված կարծիքի արտահայտումը՝ դիմումի, նամակի պատասխանի և այլ տարբերակներով, ինչպես B1 մակարդակում։

Գրավոր խոսքի պահանջվող երկարությունը A1 մակարդակում 40 բառ է, A2 մակարդակում՝ 60-ից 80 բառ, B1 մակարդակում՝ 160-ից 180 բառ, իսկ B2 մակարդակում՝ առնվազն 250 բառ։

Մաս 4 - Բանավոր խոսք (Production orale)

[խմբագրել | խմբագրել կոդը]

A1 և A2 մակարդակներում քննության այս հատվածը ներառում է ուղղորդվող զրույց, որտեղ թեկնածուին օգնում և առաջնորդում է քննողը (քննվողը պատմում է իր մասին և պատասխանում հարցերի), որոշակի թեմայի վերաբերյալ կարճ տեղեկատվության փոխանակում և դերախաղ (դիալոգ) քննողի և թեկնածուի միջև: B1 մակարդակում այն ներառում է ուղղորդվող զրույց, ինտերակտիվ վարժություն (կրկին դերախաղ) և փաստաթղթի քննարկում` նախատեսված թեկնածուից արձագանք ստանալու համար: B2 մակարդակում թեկնածուից ակնկալվում է արտահայտել իր հիմնավորված տեսակետը որևէ բարդ թեմայի վերաբերյալ և մասնակցել խորացված քննարկմանը։

Չնայած տարբեր բարդություններին, «DELF»-ի գնահատումը նույնն է յուրաքանչյուր մակարդակում: Քննության յուրաքանչյուր բաժին գնահատվում է առավելագույնը 25 միավոր, հետևաբար ամբողջ քննության համար ընդհանուր միավորը 100-ն է: Հաղթահարելու համար համար յուրաքանչյուր հատվածում պետք է նվազագույնը 5 միավոր 25-ից, իսկ ընդհանուր քննության համար նվազագույնը 50 միավոր 100-ից:

Քննության տևողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քննություն Լսել Կարդալ Գրել Ընդհանուր Խոսել
«DELF» A1 20 րոպե 30 րոպե 30 րոպե 80 րոպե 5–7 րոպե (10 րոպե պատրաստվելու ժամանակ)
«DELF» A2 25 րոպե 30 րոպե 45 րոպե 100 րոպե 6–8 րոպե (10 րոպե պատրաստվելու ժամանակ)
«DELF» B1 25 րոպե 45 րոպե 45 րոպե 115 րոպե 15 րոպե (10 րոպե պատրաստվելու ժամանակ)
«DELF» B2 30 րոպե 60 րոպե 60 րոպե 150 րոպե 20 րոպե (30 րոպե պատրաստվելու ժամանակ)

«DELF»-ը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում «DELF» քննությունները Հայաստանում կազմակերպվում էին միայն Ալյանս Ֆրանսեզ համաշխարհային անշահույթ, ապոլիտիկալ և ոչ կրոնական՝ ֆրանսերեն և ֆրանկոֆոն մշակութային ցանցի կողմից[3]։ Ներկայումս դրանք իրականացվում են տարեկան 5 անգամ և կազմակերպվում են Ֆրանսիական ինստիտուտի հովանու ներքո[4]։ «DELF» քննությունների մասին տեղեկատվությունը ներկայացված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կայքում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««DELF» tout public».
  2. Décret n° 2020-1196 du 29 septembre 2020 relatif au diplôme d'études en langue française et au diplôme approfondi de langue française, 2020-09-29, Վերցված է 2024-03-20-ին
  3. «Alliance». alliancefr.am. Վերցված է 2024-07-26-ին.
  4. https://am.ambafrance.org/Annonce-«DELF»-DALF
  5. «DELF/DALF միջազգային քննությունների հունիսի քննաշրջանի գրանցումները բաց են». La France en Arménie. Վերցված է 2024-07-26-ին.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]