Ֆյուչերսային բորսա
Ֆյուչերսային բորսա (երբեմն՝ դերիվատիվների բորսա), բորսա, որում վաճառքը տեղի է ունենում ֆյուչերսային գործարքներով՝ բորսային ապրանքներ կամ արժեթղթեր ապագայում մատակարարելու պայմանագրերով:
Ֆյուչերսային առևտրի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիստոտելի «Քաղաքականությունը» պարունակում է ֆյուչերսների վաճառքի վերաբերյալ ամենավաղ գրավոր հիշատակումներից մեկը. Թալես Միլեթացին մշակել է «ֆինանսական մոտեցում, որը կարող է ունիվերսալ գործածություն ունենալ»: Թալեսը, հենվելով աստղաբանական տվյալների վրա, կանխատեսել է, որ ձիթապտղի բերքը բացառապես լավը կլինի հաջորդ տարվա աշնանը: Հավաստիացած լինելով իր կանխատեսման մեջ՝ նա համաձայնություններ է կնքել Միլեթի և Հիոսի գործարարների հետ և նրանց ավանդ է տվել իր գումարները, որպեսզի երաշխավորի իր բացառիկ իրավունքը՝ օգտագործելու նրանց ձիթապտուղը, երբ բերքը հասնի: Թալեսը գործարքներ կնքեց ցածր գներով, քանի որ ոչ ոք չգիտեր՝ բերքը առատ կլինի՞, թե՞ ոչ:
Գործնականում բոլոր ժամանակակից ապրանքային, ֆոնդային և արժույթային բորսաները բացի սփոթ գործարքներից՝ իրականացնում են առևտուր ֆյուչերսային պայմանագրերով:
Ֆյուչերսային առևտրի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆյուչերսային բորսայում առքուվաճառքը՝ ի համեմատումն ապրանքների շուկայում իրական ապրանքների առքուվաճառքի, ունի հետևյալ առանձնահատկությունները.
- գործարքների առավելապես սպեկուլյատիվ բնույթ,
- իրական ապրանքների շուկայի հետ անուղղակի կապ՝ հեջավորման միջոցով,
- պայմանագրի բոլոր պայմանների միասնականացում՝ բացի գնից,
- հաշվարկային պալատի մասնակցությունը գնորդի և վաճառողի հաշվարկների միջև,
- առևտրի լայն տարածումը՝ վարկի միջոցով, որը տրամադրվում է վաճառվող ապրանքի գրավով (սահմանային առևտուր):