Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն (կամ ֆինանսական վերլուծություն) ընկերության ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրման և վերլուծության գործընթաց՝ ապագայում եկամուտ ստանալու համար ավելի արդյունավետ տնտեսական որոշումներ կայացնելու նպատակով։ Այդ հաշվետվությունները ներառում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, հաշվեկշիռ, դրամական հոսքերի հաշվետվություն, հաշվետվություններին կից ծանոթագրություններ և կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն (անհրաժեշտության դեպքում)։ Ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը մեթոդ կամ գործընթաց է, որը ներառում է ռիսկերի, գործունեության արդյունքների, ֆինանսական վիճակի և կազմակերպության ապագա հեռանկարների գնահատման հատուկ մեթոդներ[1]։

Այն օգտագործվում է տարբեր շահագրգիռ կողմերի կողմից, ինչպիսիք են վարկային և սեփական կապիտալում ներդրում անողները, կառավարությունը, հասարակությունը և կազմակերպությունում որոշում կայացնողները։ Այս շահագրգիռ կողմերն ունեն տարբեր շահեր և իրենց կարիքների բավարարման համար դիմում են տարբեր մեթոդների։ Օրինակ, սեփական կապիտալում ներդրում անողները հետաքրքրված են կազմակերպության երկարաժամկետ եկամտաբերությամբ և, հնարավոր է, շահութաբաժինների վճարումների կայունությամբ և աճով։ Պարտատերերը ցանկանում են ապահովել կազմակերպությունների պարտքային արժեթղթերի (օրինակ՝ պարտատոմսերի) տոկոսների և հիմնական պարտքի վճարումը սահմանված ժամկետում։

Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության ընդհանուր մեթոդները ներառում են ֆունդամենտալ վերլուծություն, Դյուպոնտի վերլուծություն, հորիզոնական և ուղղահայաց վերլուծություն և ֆինանսական գործակիցների օգտագործում։ Պատմական տեղեկատվությունը, որը զուգորդվում է ֆինանսական տեղեկատվության հետ կապված մի շարք ենթադրությունների և ճշգրտումների հետ, կարող է օգտագործվել հետագա գործունեությունը պլանավորելու համար։ Ֆինանսական վերլուծաբանի որակավորում կարող են ստանալ պրոֆեսիոնալ ֆինանսական վերլուծաբանները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Գրեհեմը և Դեյվիդ Դոդդն առաջին անգամ հրատարակեցին իրենց ազդեցիկ «Անվտանգության վերլուծություն» գիրքը 1934 թվականին[2][3]։ Նրանց գրքի առանցքային գաղափարն այն է, որ շուկայի գնագոյացման մեխանիզմը ֆինանսական արժեթղթերի համար, ինչպիսիք են բաժնետոմսերը և պարտատոմսերը, հիմնված է շուկայի շատ մասնակիցների կողմից իրականացվող սխալ և անտրամաբանական վերլուծական գործընթացների վրա։ Սա հանգեցնում է նրան, որ արժեթղթի շուկայական գինը միայն երբեմն է համընկնում այն իրական արժեքի հետ, որի շուրջ գինը տատանվում է[4]։ Ներդրող Ուորեն Բաֆեթը Գրեհեմի և Դոդդի փիլիսոփայության հայտնի կողմնակիցն է։

Գրեհեմի և Դոդդի մոտեցումը անվանում են ֆունդամենտալ վերլուծություն, որը ներառում է․

  1. Տնտեսության վերլուծություն
  2. Արդյունաբերության վերլուծություն
  3. Ընկերության վերլուծություն։

Վերջինս ֆինանսական հաշվետվությունների վերլուծության առաջնային ոլորտն է։ Այս երեք վերլուծությունների հիման վրա որոշվում է արժեթղթի ինքնարժեքը[4]։

Հորիզոնական և ուղղահայաց վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոնական վերլուծությունը համեմատում է ֆինանսական տեղեկատվությունը ժամանակի մեջ, սովորաբար վերջին եռամսյակների կամ տարիների ընթացքում։ Հորիզոնական վերլուծությունը իրականացվում է՝ համեմատելով նախորդ հաշվետվության, օրինակ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ֆինանսական տվյալները։ Այս վերջին տեղեկատվությունը համեմատելիս անհրաժեշտ է որոնել այնպիսի տատանումներ, ինչպիսիք են ավելի բարձր կամ ավելի ցածր եկամուտները[5]։

Ուղղահայաց վերլուծությունը ֆինանսական հաշվետվությունների տոկոսային վերլուծությունն է։ Ֆինանսական հաշվետվություններում նշված յուրաքանչյուր հոդված նշվում է մեկ այլ հոդվածի տոկոսներով։ Օրինակ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում յուրաքանչյուր հոդված պետք է նշել համախառն վաճառքի ծավալի տոկոսներով։ Այս մեթոդը կոչվում է նաև կարգավորում[6] կամ տոկոսավորում[5]։

Ֆինանսական գործակիցների վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական գործակիցները ֆինանսական հաշվետվությունների արագ վերլուծության շատ հզոր գործիքներ են։ Գոյություն ունեն գործակիցների չորս հիմնական կատեգորիաներ՝ իրացվելիության գործակիցներ, շահութաբերության գործակիցներ, ակտիվության գործակիցներ և լծակների գործակիցներ։ Որպես կանոն, նրանք վերլուծվում են ժամանակի մեջ և տվյալ դաշտի մրցակիցների միջոցով։

  • Իրացվելիության գործակիցները օգտագործվում են որոշելու համար, թե որքան արագ կարող է ընկերությունը իր ակտիվները վերածել դրամական միջոցների ֆինանսական դժվարությունների կամ սնանկության դեպքում։ Ըստ էության, դա ընկերության գոյատևման ունակությունն է։ Իրացվելիության ընդհանուր գործակիցներն են ընթացիկ գործակիցը և իրացվելիության ինդեքսը։ Ընթացիկ իրացվելիության գործակիցը ընթացիկ ակտիվների հարաբերությունն է ընթացիկ պարտավորություններին և որոշում է պարտավորությունների դիմաց վճարման համար հասանելի իրացվելիության ծավալը։ Իրացվելիության ինդեքսը ցույց է տալիս, թե որքան արագ ըկերությունը կարող է ակտիվները վերածել դրամական հոսքերի և հաշվարկվում է հետևյալ բանաձևով․ (առևտրային դեբիտորական պարտք x իրացման օրերի քանակ) + (ապրանքային պաշարներ x իրացման օրերի քանակ) / առևտրային դեբիտորական պարտք + ապրանքային պաշարներ։
  • Շահութաբերության գործակիցները ցույց են տալիս, թե որքան շահութաբեր է ընկերությունը։ Մի քանի հայտնի շահութաբերության գործակիցները անվնասաբերության շեմի և համախառն շահույթի գործակիցներն են։ Անվնասաբերության շեմը հաշվարկում է, թե որքան դրամական միջոցներ պետք է ընկերությունը գեներացնի, որպեսզի կարողանա ծածկել անգամ մեկնարկային ծախսերը։ Համախառն շահույթի գործակիցը հավասար է համախառն շահույթ / եկամուտ։ Այս գործակիցը ցույց է տալիս ակնկալվող եկամտի արագ պատկերը։
  • Ակտիվության գործակիցները նախատեսված են ցույց տալու համար, թե որքան լավ է կազմակերպված ընկերության ռեսուրսների կառավարումը։ Ակտիվության երկու ընդհանուր գործակիցները կրեդիտորական պարտքի շրջանառության ու դեբիտորական պարտքի շրջանառության գործակիցներն են։ Այդ գործակիցները ցույց են տալիս, թե որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի ընկերությունը կարողանա մարել կրեդիտորական պարտքերը և համապատասխանաբար, որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի ընկերությունը ստանա վճարումները։
  • Սեփական և փոխառու կապիտալի հարաբերակցության գործակիցները ցույց են տալիս, թե ֆինանսական գործողությունների իրականացման համար որքանով է ընկերությունը ապավինում իր պարտքին։ Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության համար օգտագործվող սեփական և փոխառու կապիտալի հարաբերակցության հիմնական գործակիցը փոխառու կապիտալի հարաբերակցությունն է սեփական կապիտալին։ Այս գործակիցը ցույց է տալիս, թե որքանով է պատրաստ ընկերությունը օգտագործել պարտքը ֆինանսական գործողությունների իրականացման համար։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով․ (երկարաժամկետ պարտք + կարճաժամկետ պարտք + վարձակալություն)/սեփական կապիտալ[7]։

Դյուպոնտի վերլուծության մեջ օգտագործվում են մի քանի ֆինանսական գործակիցներ, որոնք միասին բազմապատկում են սեփական կապիտալի հավասար եկամտաբերությունը, այս ցուցանիշը ցույց է տալիս, թե որքան է ընկերության եկամուտը՝ բաժանված ներդրված միջոցների (սեփական կապիտալի) չափին։

Շահաբաժինների զեղչման մոդելը կարող է օգտագործվել նաև ընկերության բաժնետոմսերի արժեքի գնահատման համար՝ այն տեսության հիման վրա, որ նրա բաժնետոմսերի արժեքը հավասար է նրա բոլոր հետագա վճարվող շահաբաժիններին, որոնք զեղչված են մինչև իրենց ընթացիկ արժեքը[8]։ Այլ կերպ ասած, այն օգտագործվում է բաժնետոմսերի գնահատման համար՝ հետագա շահաբաժինների ընթացիկ զուտ արժեքի հիման վրա։

Ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը, որպես կանոն, կատարվում է էլեկտրոնային աղյուսակներում և ամփոփվում տարբեր ձևաչափերով։

Ֆինանսական հաշվետվությունների վերաձևակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական արդյունքների վերաձևակերպումը որոշակի նպատակով նախկինում հրապարակված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության փոփոխության և վերաթողարկման գործողությունն է[9]։

Ներդրողներին անհրաժեշտ է հասկանալ ընկերության՝ շահույթ գեներացնելու կարողությունը։ Սա, ներգրավված կապիտալի ծավալի և այլ ֆինանսական գործակիցների նկատմամբ շահույթի աճի տեմպի հետ միասին, կազմում է ընկերության արժեքի վերլուծության կարևոր մասը։ Վերլուծաբանները կարող են փոփոխել («վերաձևակերպել») ֆինանսական հաշվետվությունները, ճշգրտելով նախնական ենթադրությունները, որոնք կօգնեն այս հաշվարկներին։ Օրինակ, գործառնական վարձակալությունը (դիտվում է որպես վարձակալական գործարք) կարող է վերափոխվել կապիտալի վարձակալության (նշելով սեփականության իրավունքը)՝ ավելացնելով ակտիվները և պարտավորությունները հաշվեկշռին։ Դա ազդում է ֆինանսական հաշվետվությունների ցուցանիշների վրա[10]։

Վերաձևակերպումը հայտնի է նաև որպես հաշիվների կարգավորում[11]։

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական վերլուծաբանները, որպես կանոն, ֆինանսական և հաշվապահական կրթություն ունեն բակալավրիատի կամ մագիստրատուրայի մակարդակով։ Անձը կարող է ֆինանսական վերլուծաբանի որակավորում ստանալ մի շարք բարդ քննություններ հանձնելու միջոցով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվապահական հաշվետվություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. White, Gerald I.; Sondhi, Ashwinpaul; Fried, Dov (1998). The Analysis and Use of Financial Statements. John Wiley & Sons, Inc. ISBN 0-471-11186-4.
  2. New York Times,August 16, 1998 Gretchen Morgenson – Market Watch MARKET WATCH; A Time To Value Words of Wisdom“ … Security Analysis by Benjamin Graham and David Dodd, the 1934 bible for value investors.”
  3. New York Times, January 2, 2000 Business Section Humbling Lessons From Parties Past By BURTON G. MALKIEL “BENJAMIN GRAHAM, co-author of "Security Analysis," the 1934 bible of value investing, long ago put his finger on the most dangerous words in an investor's vocabulary: "This time is different." Burton G. Malkiel is an economics professor at Princeton University and the author of "A Random Walk Down Wall Street" (W.W. Norton).
  4. 4,0 4,1 Dodd, David; Graham, Benjamin (1998). Security Analysis. John Wiley & Sons, Inc. ISBN 0-07-013235-6.
  5. 5,0 5,1 «Accountingtools.com - Financial Statement Analysis». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  6. Perceptual Edge-Jonathan Koomey-Best practices for understanding quantitative data-February 14, 2006
  7. Staff, Investopedia (2010 թ․ օգոստոսի 12). «Financial Statement Analysis». Investopedia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  8. McClure, Ben (2004 թ․ ապրիլի 12). «Digging Into The Dividend Discount Model». Investopedia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Earnings Recast».
  10. «Recasting». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  11. Selling Your Business For Dummies.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարարների միություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • SFAF Արխիվացված 2021-12-16 Wayback Machine - Ֆինանսական վերլուծաբանների ֆրանսիական միություն
  • ACIIA - Միջազգային ներդրումների որակավորված վերլուծաբանների միություն
  • EFFAS - Ֆինանսական վերլուծաբանների միությունների եվրոպական ֆեդերացիա