Ֆեմինիստական արվեստի ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեմինիստական արվեստի ծրագիր (անգլ.՝ Feminist Art Program, FAP), կանանց համար նախատեսված քոլեջային մակարդակի արվեստի ծրագիր, որն ստեղծվել է 1970 թվականին նկարչուհի Ջուդի Չիկագոյի կողմից ու շարունակվել նկարչուհիներ Ռիտա Յոկոյիի, Միրիամ Շապիրոյի և այլոց կողմից։ Ծրագիրը մեկնարկել է Ֆրեզնոյի պետական քոլեջում որպես գեղարվեստական կրթության մեջ և ընդհանրապես արվեստի աշխարհում գենդերային անհավասարությունների լուծման միջոց։ 1971 թվականին Ջուդի Չիկագոն ու Միրիամ Շապիրոն ծրագիրը ներկայացրել են նորաբաց Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում, իսկ Ռիտա Յոկոյին շարունակել է ղեկավարել Ֆրեզնոյի հատվածը մինչև 1992 թվականին իր թոշակի անցնելը։ Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում ծրագիրն աշխատել է մինչև 1976 թվականը, որտեղ ուսանողներն ընթերցել են կին գրողների գործեր, ուսումնասիրել կին նկարիչներին և արվեստ ստեղծել կին լինելու մասին՝ հիմնվելով խմբային գիտակցության բարձրացմանն ուղղված դասընթացների վրա։ Հաճախ ծրագիրն առանձնացել է արվեստի դպրոցի մյուս հատվածից, որը թույլ էր տալիս կանանց զարգանալ ջերմոցային միջավայրում և հեռու խորաթափանց քննադատություններից[1]։ Թեև անջատողական գաղափարախոսությունը քննադատվել է որպես սեռն ամրապնդող, ծրագիրը մնայուն տպավորություն է թողել ֆեմինիստական արվեստի վրա, որը կարելի է տեսնել հետահայաց, խմբային ցուցահանդեսներում և սկզբնական նախագծերի ստեղծագործական վերագործարկումներում։

Ֆրեզնոյի ֆեմինիստական արվեստի ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական ծրագիրն ստեղծվել է Ջուդի Չիկագոյի կողմից և մեկնարկել Ֆրեզնոյի պետական քոլեջում (այժմ՝ Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի պետական համալսարան) 1970 թվականի աշնանը։ 1971 թվականի գարնանն այն դարձել է ամբողջական 15 միավորանոց ծրագիր, որն ԱՄՆ-ում առաջին ֆեմինիստական արվեստի ծրագիրն էր։ Ֆրեզնոյի պետական քոլեջում Ջուդի Չիկագոն դասավանդել է տասնհինգ ուսանողի՝ Դորի Ատլանտիս, Սյուզան Բոուդ, Գայլ Էսկոլա, Վանալին Գրին, Սյուզան Լեյսի, Քեյ Լանգ, Կարեն ԼեԿոկ, Յան Լեսթեր, Քրիս Ռաշ, Ջուդի Շեֆեր, Հենրիետա Սփարկման, Ֆեյթ Ուիլդինգ, Շոունի Վոլլենման, Նենսի Յուդելման և Շերիլ Ցյուրիլգեն[2]։ Նկարչուհի Վիքի Հոլն աշխատել է որպես Ջուդի Չիկագոյի օգնական[3]։ Միասին այս կանայք վարձել և վերանորոգել են համալսարանից դուրս, Մեյփլ Էվնյու 1275 հասցեում գտնվող ստուդիան, որտեղ նրանք համագործակցել են արվեստի շուրջ, բացել ընթերցանության և քննարկումների խմբեր իրենց կյանքի փորձի վերաբերյալ, որոնք այնուհետև ազդեցություն են ունեցել իրենց արվեստի վրա։

Ֆրեզնոյի ֆեմինիստական արվեստի ծրագիրը ծառայել է որպես մոդել այլ ֆեմինիստական արվեստի նախագծերի համար, ինչպիսին է Womanhouse-ը։ Շեյլա դե Բրետեվիլը և Առլեն Ռեյվենը նույնպես դասավանդել են այդ ծրագիրը։ Womanhouse-ը, Ֆրեզնոյի նախագծի նման, նույնպես վերածվել է ֆեմինիստական ստուդիական տարածքի և առաջ մղել համատեղ կանանց արվեստի հայեցակարգը[2]։

Ջուդի Չիկագոյի՝ Կալիֆոռնիայի համալսարան տեղափոխվելուց հետո դասընթացը Ֆրեզնոյի պետական քոլեջում 1971 - 1973 թվականներին շարունակել է Ռիտա Յոկոյին, որից հետո 1973 - 1992 թվականներին՝ Ջոյս Էյկենը[Ն 1]։

Ֆեմինիստական արվեստի ծրագիր Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Չիկագոն և Միրիամ Շապիրոն վերականգնել են Ֆեմինիստական արվեստի ծրագիրը (FAP) Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում։

Ֆեմինիստական արվեստի ծրագիրը (FAP) ստեղծվել է Ջուդի Չիկագոյի և Միրիամ Շապիրոյի կողմից Վալենսիայի Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում 1971 թվականին։ Հիմնվելով «արմատական կրթական տեխնիկայի» վրա, որոնք նրանք առաջին անգամ փորձարկել էին կանանց դասարաններում 1970-1971 թվականներին Ֆրեզնոյի պետական քոլեջում աշխատելիս, Չիկագոն և Շապիրոն ստեղծել են իր տեսակի մեջ առաջին ծրագիրը՝ հասանելի միայն կանանց։ Չիկագոն մասնավորապես հասկացել էր, որ նա պետք է «վերափոխի» իր կրթությունը որպես արվեստի պատմաբան, քանի որ նրան դասավանդել էին բացառապես տղամարդիկ ու նա համարում էր, որ այդ ենթատեքստն իրեն՝ որպես նկարչի, տղամարդկանց ազդեցություն է պարտադրում և թույլ չի տալիս զարգացնել իր «սեփական ձևերը, գեղարվեստական լեզուն և թեմատիկան»[1]։

Ֆեմինիստական արվեստանոցի աշխատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեմինիստական արվեստանոցի աշխատարանն ստեղծվել է 1973 թվականին Լոս Անջելեսում Ջուդի Չիկագոյի, Առլեն Ռեյվենի ու Շեյլա դե Բրետեվիլի կողմից՝ որպես երկամյա ֆեմինիստական արվեստի ծրագիր։ Ծրագրում ընդգրկված կանայք մեծ դեր են ունեցել Կանանց շենքը՝ կանանց արվեստը և մշակույթը ցուցադրող առաջին անկախ կենտրոնը, գտնելու և ստեղծելու գործում։ Հիասթափված Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում տղամարդկանց գերակշռող մթնոլորտից և ցանկանալով ունենալ սեփական տարածքը՝ կանայք մոդելավորել են իրենց դասերը ոչ հիերարխիկ կառուցվածքի հիման վրա և կենտրոնացել ուսանողներին արվեստի ոչ ավանդական ձևերով, ինչպիսիք են՝ կատարողական արվեստն ու գրաֆիկական դիզայնը, դասավանդման վրա։ 1974 թվականին Չիկագոն հեռացել է ֆեմինիստական արվեստանոցի աշխատարանից «The Dinner Party» ստեղծագործության վրա աշխատելու նպատակով, իսկ 1970-ական թվականների վերջին հեռացել են նաև Ռեյվենն ու Բրետեվիլը․ ծրագրի ղեկավարումն ստանձնել են նախկին ուսանողները։ Սակայն ֆեմինիստական արվեստանոցի աշխատարանին գրանցումը նվազել է, քանի որ փոխվել է քաղաքական մթնոլորտը և նվազել պետական ֆինանսավորումը։ Ծրագիրը փակվել է 1981 թվականին, թեև Կանանց շենքը բաց է եղել մինչև 1991 թվականը[4][5]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էյկենն իր աշակերտների հետ բացել է կանանց 25 համագործակցություն պատկերասրահը, մշակել Ֆրեզնոյի արվեստի թանգարանի 100 հոգու խորհուրդը և վաստակավոր կին արտիստների շարքը, ինչը նպաստել է թանգարանում կանանց մասին ծրագրերի և ցուցահանդեսների զարգացմանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Harper, Paula (1985). «The First Feminist Art Program: A View from the 1980s». Signs (journal). 10 (4): 762–81. JSTOR 3174313.
  2. 2,0 2,1 2,2 Dr. Laura Meyer; Nancy Youdelman. «A Studio of Their Own: The Legacy of the Fresno Feminist Art Experiment». A Studio of their Own. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  3. Fields, Jill (2012). Entering the Picture: Judy Chicago, The Feminist Art Program and the Collective Visions of Women Artists. New York, NY: Routledge. էջեր 37–41. ISBN 0415887690.
  4. Meyer, Laura (2003). «The Los Angeles Woman's Building and the Feminist Art Community, 1973–1991». In James, David E. (ed.). Sons And Daughters Of Los: Culture And Community In L.A. Temple University Press. էջեր 39–62. ISBN 978-1-59213-012-2.
  5. Sorkin, Jenni (2011). «Learning From Los Angeles: Pedagogical Predecessors at the Woman's Building». Doin' It in Public: Feminism and Art at the Woman's Building. Otis College of Art and Design. էջեր 36-65. ISBN 0930209222.