Օդաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդաբուժություն, աերոթերապիա (աերո և թերապիա), կլիմայաբուժության մեթոդ, որի հիմքում ընկած է մթնոլորտային օդի չափավորված ներգործությունն օրգանիզմի վրա՝ բուժիչ և կոփման նպատակներով։ Օդաբուժությունը մեծ տարածում է ունեցել Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Օդաբուժությունը լայն կիրառում է գտել ԽՍՀՄ-ում, հատկապես առողջարանային և բուժ-կանխարգելիչ հիմնարկներում։ Օդաբուժությունը առանձնապես օգտակար է, եթե շրջակա օդը հարուստ է թթվածնով, իոնացված է և պարունակում է ծովի ջրի տարրեր կամ բույսերի կենսագործունեության արգասիքներ, որոնք խթանում են շնչառությունն ու օրգանիզմի այլ ֆունկցիաները։ Օդաբուժության ամենատարածված ձևերն են՝ օդային լոգանքները և «պատշգամբային բուժումը»։ Օդաբուժության մեջ են մտնում նաև զբոսանքները, չափավորված քայլքը (տես Քայլաբուժություն), էքսկուրսիաները, մարզական խաղերը։ Օդային լոգանքների ներգործությունը պայմանավորված է «մաշկային շնչառության» ուժեղացմամբ, մաշկային ջերմաընկալիչների գործունեության խթանմամբ։ Օդաբուժությունը մարզում է օրգանիզմի ջերմակարգավորիչ մեխանիզմները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունն արտաքին միջավայրի ջերմաստիճանային ազդակների հանդեպ, նպաստում թոքերի օդափոխությանը, քնի, սրտի աշխատանքի և արյան բաղադրության կարգավորմանը, արյան և հյուսվածքների թթվածնով հարստացմանը։ Օդաբուժության արարողությունների տևողությունը 1-2-ից մինչև 12-24 ժամ է։ Օդաբուժությունը ցուցված է սիրտանոթային, թոքային հիվանդությունների, սակավարյունության, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում։ Հակացուցված է սուր բորբոքային հիվանդությունների և տենդային վիճակների ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 515