Քսենյա Պետրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քսենյա Պետրովա
ռուս.՝ Петрова, Ксения Семёновна
Ծնվել է1892
ԾննդավայրԲուգուռուսլան, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1942
Վախճանի վայրԿլյավլինսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և գրող
Լեզուէրզյաներեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն

Քսենյա Սեմյոնովնա Պետրովա (1892, Բուգուռուսլան, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - 1942, Կլյավլինսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էրզիացի բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ, մանկավարժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Սեմյոնովնա Պետրովան ծնվել է 1892 թվականին Սամարայի նահանգի Բուգուռուսլան քաղաքում՝ անհող բատրակի ընտանիքում: Դպրոցում նրան հաջողվել է սովորել ընդամենը երեք ամիս և գրագիտություն ստացել է ինքնաուսուցման կարգով: 1919 թվականին էքստեռն կարգով հանձնելով ուսուցչի կոչման քննությունները՝ դասավանդել է դպրոցում, ակտիվորեն մասնակցել մեծահասակների շրջանում անգրագիտության վերացմանը: Քաղաքացիական պատերազմի տարիներին Բուգուռուսլան գավառում մարտնչել է սպիտակգվարդիականների և չեխոսլովակյան ապստամբների դեմ և ծանր վիրավորվել:

1920 թվականին եղել է Բուգուռուսլան գավառի ժողովրդական կրթության բաժնի վարիչը: 1921 թվականին իրականացրել է մշակութա-լուսավորչական աշխատանքներ Մոսկվայի գլխավոր քաղաքական լուսավորության մորդովական բաժնում, միաժամանակ համարվել է Ազգային Ժողկոմի հրահանգիչ: 1923 թվականին վերադառնալով Սամարայի նահանգ՝ աշխատել է որպես Ստարո-Բուրյանսկի շրջանի Բինարադկա գյուղի յոթամյա դպրոցի վարիչ: 1926-1932 թվականներին մայրենի լեզու է դասավանդել Մալո Տոլկայսկի մանկավարժական տեխնիկումում: Այդ տարիներին եղել է դրամատիկական խմբակի և ուսանողական ինքնագործ թատրոնի ղեկավարը: Բուգուռուսլանի գավառը վաղուց եղել է էրզյան ազգային մշակույթի և գրականության ձևավորման կարևոր կենտրոններից մեկը[1][2]:

Այստեղից գրականություն են եկել մեծ խումբ գրողներ, գիտնականներ և բանաստեղծներ, որոնցից են Պ. Ս. Կիրիլովը, Տ. Ա. Ռապտանովը, Վասիլի Ռադաևը, Արթուր Մորոն, Ա. Մ. Լուկյանովը, ինչպես նաև հայտնի էրզյան գրողներ և հեքիաթասացներ Ա. Ս. Ժուրավլյովը, Կ. Գ. Բատաևը, Ի. Պ. Նովոկաևը, Ե. Պ. Բուզուևը, Յա. Վ. Գուբերնսկին, Ի. Պ. Վերխովցեվը, Սերաֆիմա Լյուլյակինան:

Այդ ժամանակների Մորդովիայի բազմաթիվ էրզյան երիտասարդ գրողների, բանաստեղծների և մշակույթի գործիչների կայացման գործում մանկավարժական անձնվեր գործունեությամբ իր մասնակցությունն է ունեցել նաև Քսենյա Պետրովան: 1932 թվականին տեղափոխվել է Սարանսկ, մայրենի լեզու և գրականություն դասավանդել Կոմվուզում և խորհրդային կուսակցական դպրոցում, կատարել գիտահետազոտական աշխատանքներ:

1936-1942 թվականներին աշխատել է Կույբիշևի մարզի Կլյավլինսկի շրջանի Ստարիե Սոսնա գյուղում` որպես ուսուցիչ: Գրական գործունեությունը սկսել է բանաստեղծություններ և պիեսներ գրելով (1926):

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Պետրովան մահացել է 1942 թվականին: Թաղված է Կույբիշևի մարզի Կլյավլինսկի շրջանի Ստարիե Սոսնա գյուղում:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին «Якстере теште» («Կարմիր աստղ») թերթում լույս է տեսնում «Оля» («Ազատություն») բանաստեղծությունը: Հետագա տարիներին բանաստեղծությունները լույս են տեսնում «Սյատկո» ամսագրում: 1932 թվականին այդ ամսագրում լույս է տեսնում «Гайги вирь» («Զրնգուն անտառը») բանաստեղծությունը: Բանաստեղծական գործերն աչքի էին ընկնում արդիականությամբ և հրատապությամբ, բայց դրանք կատարյալ չէին արվեստի առումով, այդ իսկ պատճառով էլ 20-30-ական թվականների մորդովական պոեզիայում վառ հետքեր չեն թողել:

Պետրովայի իրական կոչումը դրամատուրգիան էր: Նրա բազմաթիվ պիեսներից հատկապես գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում «1921 թվական» դրաման, որը պատմում է Պովոլժիեում նոր կյանքի կառուցման դժվարությունների, սովի և ավերածությունների մասին: 1933 թվականին «Սյատկո» ամսագրում տպագրվում է «Кода сынь глушасть» («Ինչպես էին նրանց ծաղրում») պիեսը, որը նվիրված է Մորդովիայի բնակչության մասնակցությանը 1905-1907 թվականների հեղափոխությանը: «Кизэнь ве» («Ամառային գիշեր» ) դրամայի սյուժեի հիմքում ընկած են Սամարայի նահանգում քաղաքացիական պատերազմի իրադարձությունները:

Դրամատիկական տաղանդն առավել մեծ ուժով է դրսևորվում «Ташто койсэ» («Հին ձևով», 1932) պիեսում: Իր ժանրով այն համարվում է սոցիալ- կենցաղային դրամա, որտեղ հեղինակը բացահայտում է այն խնդիրների խորը սոցիալական իմաստը, որոնք բնորոշ են մինչհեղափոխական Ռուսաստանին:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Պետրովայի կողմից մշակված էրզյան լեզվի քերականությունը երկար տարիներ դասավանդվում էր էրզյան դպրոցներում: 1938 թվականից Գրողների միության անդամ է:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Гайги вирь» (1932)

Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1921-й год»
  • «Кизэнь ве» (1932)
  • «Ташто койсэ» (1932)
  • «Кода сынь глушасть» (1933)
  • «Чопуда вий» (1933)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Кизэнь ве» (1932)
  • «Чопуда вий» (1933)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ксения Семёновна Петрова. Чачома чистэнзэ 115 иетненень. // Сятко.-2007.- №12.- С. 66-68. ISSN 0207-1894
  2. Мордовия. Кто есть кто. Энциклопедический словарь-справочник. - Ульяновск, 1997. - с.317

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]