Քիմիական գաղտնագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քիմիական գաղտնագրություն, որի ժամանակ օգտագործվում է գաղտնի «թանաքներ»՝ անգույն կամ թույլ գունավորված լուծույթներ: Դրանցով գրվածները տեսանելի են դառնում տաքացումով, հատուկ ազդանյութերով մշակելով, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներով ազդելիս:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են նման թանաքների շատ բաղադրություններ: Իվան Ահեղի գաղտնի գործակալները իրենց հաղորդագրությունները գրում էին սոխի հյութով: Թղթի տաքացումից տառերը դառնում էին նկատելի: Վ. Ի. Լենինը գաղտնագրության համար օգտագործում էր կիտրոնի հյութ կամ կաթ: Այդ դեպքում գրվածը նկատելի դառնալու համար բավական էր թղթի վրա դնել տաք արդուկ կամ այն մի քանի րոպե պահել կրակի վրա: Հայտնի գործակալ Մատա Հարին նույնպես գաղտնի թանաքներ էր օգտագործում: Երբ նա Փարիզում ձերբակալվեց, նրա հյուրանոցային համարում գտան կոբալտի քլորիդով սրվակ, որը դարձավ նրա գործակալական գործունեության բացահայտման հիմնական հանցանշաներից մեկը, քանի որ կոբալտի քլորիդը կարելի է հաջողությամբ օգտագործել գաղտնագրության մեջ: Գաղտնի թանաքները լայնորեն օգտագործվել է Ռուսաստանում հեղափոխական ընդհատակայինների կողմից: 1878 թվականին Վ. Զասուլիչը մահափորձ կատարեց Պետերբուրգի քաղաքապետի վրա, ինչը ավարտվեց նրա ձերբակալությամբ: Երդվյալների դատարանն արդարացրեց Զասուլիչին, իսկ ոստիկանները փորձեցին դատարանի շենքից դուրս գալիս ձերբակալել նրան, սակայն նրան հաջողվեց թաքնվել, որովհետև նախքան դատարանի վճիռն ընկերներին գրության միջոցով հայտնել էր իր փախուստի պլանը: Գրությունը գրված էր երկաթի (III) քլորիդի ջրային լուծույթով (Զասուլիչն այդ նյութը օգտագործում էր որպես դեղամիջոց)՝ հագուստ բերելու խնդրագրի հակառակ երեսին: Նման գրությունը կարելի է կարդալ՝ մշակելով այն ռոդանիդ իոն պարունակող նոսր ջրային լուծույթով թրջված բամբակով: Բոլոր անտեսանելի տառերը երկաթի ռոդանիդային կոմպլեքսի առաջացման պատճառով կդառնա արնակարմիր.

FeCl3 + 3SCN- + 3H2O = [Fe(SCN)3(H2O)3] + 3Cl-

FeCl3 + 3KSCN + 3H2O = [Fe(SCN)3(H2O)3] + 3KCl


«Սև վերածնունդ» գաղտնի կազմակերպության անդամները նամակագրության համար նույնպես օգտագործում էին անտեսանելի թանաք: Գաղտնի նամակները գրվում էին պղնձարջասպի նոսր ջրային լուծույթով: Նման ձևով գրված տեքստը նկատելի կդառնա, եթե թուղթը պահվի անուշադրի սպիրտով լցված սրվակի մեջ: Տառերը ստանում են վառ կապույտ գույն՝ պղնձի ամոնիակային կոմպլեքսի առաջացման պատճառով.

CuSO4 + 4NH3 = [Cu(NH3)4]SO4


Իսկ ահա չինական միապետ Ցին Շիխուանդին (240-206 թվականներ մ.թ.ա.), որի կառավարման ժամանակ սկսեց կառուցվել Չինական մեծ պարիսպը, իր գաղտնի նամակների համար օգտագործում էր բրնձի թարմ թուրմ, որը չորանալուց հետո ոչ մի նկատելի հետք չէր թողնում: Եթե այդպիսի նամակը թեթև թրջվի յոդի թույլ սպիրտային լուծույթով, ապա կհայտնվեն կապույտ տառերը: Անհայտացող թանաք կարելի է պատրաստել, եթե 50 մլ յոդի սպիրտային լուծույթը խառնվի 1 թեյի գդալ դեքստրինի հետ և նստվածքը ֆիլտրվի: Այդպիսի կապույտ թանաքները 1-2 օրից ամբողջությամբ գունազրկվում են յոդի ցնդելիությսն պատճառով:

Թանաքի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրապես հայտնի են անտեսանելի «թանաքի» երկու տեսակ. մեկը հայտածելուց հետո պահպանվում է, մյուսը նորից դառնում է անտեսանելի:

1. Երկաթի(III) սուլֆատի՝ Fe2(SO4)3, լուծույթով սպիտակ թղթի վրա գրել մի քանի բառ. գրված տառերը թղթի վրա չեն երևա: Հետո գրված մասը մշակել արյան դեղին աղի՝ K4[Fe(CN)6], լուծույթով թրջված բամբակով. գրված բառերը կերևան բնորոշ կապույտ գույնով: Դա բացատրվում է նրանով, որ երկաթի(III) իոնը [Fe(CN)6]4- իոնի հետ առաջացնում է կոմպլեքս միացություն՝ Fe4[Fe(CN)6]3, որը հայտնի է «Բեռլինյան կամ պրուսական կապույտ» անունով.

3K4[Fe(CN)6] + 2Fe2(SO4)3 = Fe4[Fe(CN)6]3 + 6K2SO4


2. 25 մլ ջրում լուծել 1 գ կոբալտի քլորիդի բյուրեղահիդրատ՝ CoCl . 6H2O, կստացվի վարդագույն լուծույթ: Այդ լուծույթով գրել վարդագույն թղթի վրա(որպեսզի գրվածն ընդհանրապես չերևա) և զգուշությամբ տաքացնել սպիրտայրոցի բոցի կամ էլեկտրական սալիկի վրա, այդ ժամանակ կսկսեն երևալ կապույտ տառերը, իսկ երբ թրջված բամբակով մշակեք հայտնված տառերը կամ ուղղակի փչեք դրանց վրա, տառերը նորից կանհետանան, իսկ տաքացնելիս նորից կերևան[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոբերտ Ադամյան, Տարիել Ղոչիկյան, Գևորգ Սիմոնյան, Քիմիայի լաբորատոր աշխատանքներ, Զանգակ, Երևան 2012