Jump to content

Քափգրայի պատրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քափգրայի պատրանքը կամ Քափգրայի համախտանիշը հոգեկան խանգարում է՝ դասակարգված պատրանքային ապաճանաչման համախտանիշների շարքում։ Քափգրայի համախտանիշով մարդկանց թվում է, թե սեփական ծանոթը, ընկերը կամ բարեկամը փոխարինված է ինքնակոչ մեկով։ Հիվանդը կարծում է, թե ինքնակոչը նույնպիսին է, ինչ՝ ծանոթը, սակայն իրական անձը չէ։ Պատրանքը տարածվում է նաև հարազատ իրերի, բնակատեղի, կենդանիների նկատմամբ։

Պատրանքը ավելի հաճախ հանդիպում է շիզոֆրենիայով, դեմենցիայով` մտագարությամբ տառապող, նաև` ուղեղի վնասվածքներով հիվանդների մոտ։ Դեպքերի մեծ մասում միաժամանակ առկա է լինում նյարդադեգեներատիվ խանգարում, ինչպիսիք են Պարկինսոնի, Ալցհեյմերի հիվանդությունները։ Կարող է լինել սուր, անցողիկ և քրոնիկ վիճակ։

Համախտանիշն առաջին անգամ նկարագրվել է ֆրանսիացի հոգեբույժ Ժոզեֆ Քափգրայի և Ժան Ռեբոլ-Լաշուի 1923 թ. հրատարակած ուսումնասիրության մեջ, բնորոշվել է «նմանակների» պատրանքը քրոնիկակակ զառանցանքով։