Քանդված օջախ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Քանդված օջախ
տեսակնկար
նկարիչԿարապետ Ադամյան
հիմնական թեմաԵղեռնի հետևանքներ

Քանդված օջախ, նկարիչ Կարապետ Ադամյանի՝ հայ կյանքը արտացոլող լավագույն գործերից է, որով նկարիչն իր հայրենասիրական զգացմունքն է դրսևորել՝ թեմա ընտրելով թուրքական բռնակալության տակ տնքացող հայ ժողովրդի՝ դարեր շարունակ կրած տառապանքներից մի հուզիչ դրվագ։ «Քանդված օջախ» վերնագրված պատկերներում հարազատ տան ավերակների առաջ ներկայացված է ամուսնուն կորցրած հայուհին երեք դեռատի զավակների հետ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտորածից հրաշքով փրկված մի որբացած ընտանիք՝ մայրը իր մանկահասակ երեք երեխաների հետ, վերադարձել է իր բնակավայրը՝ գտնելով տունը հիմնահատակ ավերված։ Երբեմնի շեն տնից մնացել էր պատի մի ավերված հատված՝ օջախի բացվածքով, գետնին թափված քարեր և մի քանի տախտակի կտորներ։

Սիրտ կեղեքող պատկեր է ներկայացնում այդ ամայացած շրջապատում հայտնված մոր և երեխաների վիճակը։ Մայրը նստել էր գետնին՝ անելանելի կացության մեջ, ծանր մղձավանջային հոգեվիճակում։ Նա գոգում պահել էր միակ ունեցվածքը՝ մի փոքրիկ կապոց, և անորոշ հայացքը հառել էր փլատակներին։ Երեխաները, իրար ձեռք բռնած, կանգնած էին մտամոլոր։ Մոր հայացքը այնքան բազմախոս էր, կիսախոնարհված կեցվացքը այնքան գթաշարժ, որ մարդ ակամայից մասնակից էր դառնում նրա տվայտանքներին, նրա տառապալի մտատանջումներին և ալեկոծ ներաշխարհին։

Մոր գեղեցիկ հայկական համակրելի տիպարը մարդկանց գութն էր շարժում այդ անօթևան հեզահամբույր կնոջ հանդեպ։ Անհոգ ժամանցը տխուր ապրումներով փոխած երեխաների դրությունը նույնպես սրտաճմլիկ էր։ Նրանք, գլխիկոր կանգնած, նայում էին տան տեղը գոյացած դատարկությանը՝ հավանաբար չգիտակցելով անտուն մարդու կացությունը։ Մարդը համակվում է անզուսպ ցասումով՝ ընդդեմ խիղճը կորցրած ավերիչների, քանի որ բարբարոսական արարքներ էին կատարել խաղաղ, աշխատասեր, անզեն ու անօգնական հայ ժողովրդի նկատմամբ։ Մոր և երեխաների պատճառաբանված կեցվածքները և հոգեբանական արտահայտությունները վերարտադրված են ռեալիստական ճշմարտացիությամբ։

Ադամյանը ստեղծել է այնպիսի կենդանի իրադրություն, որ դիպվածը մարդու աչքի առաջ վերակենդանանում է որպես հենց նոր կատարված իրողություն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/310 — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ Վերցված է 2019-02-26 
  2. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987