Jump to content

Քաղցածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղցածություն, սով, օրգանիզմի վիճակ, որն առաջանում է սննդանյութերի, նրանց բաղադրամասերի բացակայության կամ անբավարարության, ինչպես նաև դրանց յուրացման խանգարման հետևանքով։ Որպես բնականոն ֆիզիոլոգիական երևույթ քաղցածությունն նկատվում է բնության մեջ՝ որոշ կենդանիների (օրինակ, արջերի, գետնասկյուռների, ոզնու) ձմեռային քնի, երկկենցաղների, ձկների սառնամանիքային թմրության շրջանում։ Նշված ժամանակներում քաղցածություն զուգակցվում է կենտրոնական նյարդային համակարգի արգելակման, նյութափոխանակության խիստ անկման հետ, որը հնարավորություն է տալիս կյանքը պահպանել էներգիայի աննշան ծախսման պայմաններում։ Մարդկանց ախտաբանական քաղցածություն կարող է առաջանալ սննդառության անբավարարության, մարսողական համակարգի հիվանդությունների, մարսողության խանգարման հետևանքով։ Տարբերում են լրիվ (սննդանյութեր չի ընդունում օրգանիզմը, բայց ջուր ընդունում է), բացարձակ (նաև ջուր չի ընդունում) և հարաբերական (ավելի քիչ սննդանյութ է ընդունում, քան նրա էներգետիկ ծախսերն են) քաղցածություն։ Լրիվ քաղցածությունյան ընթացքում օրգանիզմի կյանքը պահպանվում է պահեստային սննդանյութերի (հատկապես ճարպերի) հաշվին։ Այդ վիճակին հասուն մարդու օրգանիզմը կարող է դիմանալ 65–70 (բացարձակի դեպքում մի քանի օր), հավերը՝ 14–20, շները՝ 40–60, ձիերը՝ մինչև 80 օր։ Երեխաները, երիտասարդ, աճող օրգանիզմներն ավելի քիչ են դիմանում քաղցածությունյանը, քան հասունները։ Լրիվ և հարաբերական քաղցածությունն օգտագործվում է բուժիչ նպատակով, ճարպակալումը, նյութափոխանակության խանգարումների հետ կապված այլ հիվանդությունները (ռևմատիզմ, պոդագրա, շաքարային, հիպերտոնիկ) բուժելու համար։ Խորհրդային գիտնական Ա․ Բակուլևը քաղցաբուժությունն օգտագործել է ենթաստամոքսային գեղձի, լեղուղիների սուր բորբոքումները, խոցային հիվանդությունը, ճարպակալումը բուժելու համար և դրական արդյունք է ստացել։ Քաղցաբուժության ժամանակ կիրառվում է նաև սահմանափակող դիետա (հիվանդներն ավելի հեշտ են տանում), բեռնաթափող ռացիոն։ Քաղցաբուժությունը կատարվում է միայն ստացիոնար պայմաններում, բժշկի հսկողության տակ և որոշակի օրերի քանակով։ Քաղցաբուժության ավարտից հետո, առաջին օրերին, պետք է օգտագործել կաթնա–բուսական, վիտամիններով, հանքային աղերով (բացի կերակրի աղից) հարուստ սնունդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։