Փողրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրդեհաշեջ փողրակ

Փողրակ, ճկուն, մեջը դատարկ խողովակ, որը նախատեսված է մեկ վայրից մյուսը հեղուկների կամ գազերի փոխադրման համար։ Փողրակը ծռվող խողովակից տարբերվում է նրանով, որ վերջինս կոշտ է և ծռելուց հետո պահպանում է իր տեսքը։ Փողրակները սովորաբար գլանաձև են, այսինքն կտրվածքը կլոր է։

Փողրակները ըստ հատկանիշների տարբերվում են ըստ չափսի, տրամագծի, քաշի, ճնշման դիմացկունության, ճկունության աստիճանի, արտադրության նյութի, քիմիական համատեղելիության և այլն։

Փողրակները արտադրվում են մեկ կամ մի քանի նյութերի համակցությունից, սովորաբար՝  նեյլոնից, պոլիէթիլենից, PVC-ից, սինթետիկ կամ բնական ռետինից, կախված միջավայրի ու ճնշման պահանջներից։  Վերջին տարիներին փողրակները արտադրում են նաև հատուկ պոլիէթիլենից (LDPE և նամանավանդ LLDPE), օգտագործվում է նաև տեֆլոն, չժանգոտվող պողպատ ու այլ մետաղներ։

Ուժեղացված ռետինե փողրակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒժեղացված փողրակների շարք, որոնք կարող են դիմանալ մինչև 10 բար ճնշման

Բարձր ճնշմանն ավելի լավ դիմադրելու համար փողրակները կարող են ուժեղացված լինել մանրաթելերով կամ պողպատյա լարերով։ ՈՒժեղացնելու սովորական մեթոդներից է հյուսելը, պարուրելը, գործելը և գործվածքով փաթաթելը։ Փողրակի ուժեղացումը մեծացնում է ճնշման նկատմամբ դիմադրությունը, բայց քչացնում է ճկունությունը։