Փարիզի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փարիզի հայկական տպագրություն, հայերեն տպագիր հրատարակություն Փարիզում, XVI-XX դարերում։ Ֆրանսիացի արևելագետ Գ․ Պոստելը 1537 թվականին Մերձավոր Արևելքում ճանապարհորդելուց և տեղի մի շարք լեզուների ծանոթանալուց հետո 1538 թվականին Փարիզում լույս է ընծայել «բազմալեզվյան քերականություն» լատ․ աշխատությունը, որտեղ տեղեկություններ են տրված արևելյան 12 լեզվի, այդ թվում հայերենի մասին։ Գրքում կա վայտագիր հայատառ տպագրություն՝ մեսրոպյան այբուբենը և հայերենի նմուշ։ Սա հայերեն առաջին փայտափորագիր տիպն է, իսկ հայոց լեզվին նվիրված հատվածը՝ հայագիտ․ առաջին տպագիր երկը։ 1586 թվականին Փարիզում լույս է տեսել Բլեզ դը Վիժների «Ձեռնարկ գրերի մասին» գիրքը, գրված հին ֆրանսիական, որտեղ մի հատված (էջ 309–313) նվիրված է Հայաստանին ու հայոց լեզվին, բերված է փայտափորագիր հայերեն այբուբենի երկու աղյուսակ (ըստ Ի․ Բարբարոյի)։ XVII դ․ Փարիզում տպագրված առաջին հայերեն գործը զետեղվել է Կլոդ Դյուրե Բուրբոնուայի՝ 1613 թվականին հրատարակած «Գանձ աշխարհի լեզուների պատմության» աշխատության մեջ, որում հայոց լեզվին նվիրված հատվածում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը (դարձյալ՝ ըստ Ի․ Բարբարոյի)։ 1633 թվականին Փարիզի Կայսերական տպարանում լույս է տեսել Ֆրանցիսկ Ռիվոլայի «Բառագիրք Հայոց» (հայերեն–լատիներեն) բառարանի երկրորդ հրատարակությունը, որը Փարիզում հրատարակված առաջին հայերեն գիրքն է, տպագրված շարժական տառերով (շարվածք)։ 1634 թվականին այստեղ տպագրվել է դավանաբանական «Առավել պարզաբանությանը․․․» լատիներենից հայերեն թագմանված գրքի երկրորդ հրատարակությունը։

Փարիզի հայկական տպագրությունն սկսեց ավելի արագ զարգանալ XIX դարի 1-ին կեսին։ Հայերեն գրքեր շարունակում էին տպագրվել Փարիզի Կայսերական տպարանում, 1812 թվականին այստեղ հրատարակվեց Մ․ Բելլոդի «Փորձառութիւն հայկազեան լեզուին», 1816 թվականին՝ Հրահան Ջրպետյանի «Յորդորակ․․․» (գյուղատնտեսական գիրք), 1818 թվականին՝ Հ․ Շահան Ջրպետյանի, Դ․ Մելիք–Շահնադարյանի և Լ․ Լանգլեի հեղինակած «Տեղեկութիւնք ի վերայ այժմեան կացութեան թագաւորութեանն Պարսից» աշխատություն– ները։ Նույն ժամանակամիջոցում հայերեն գրքեր է լույս ընծայել ֆրանսիացի Դ․ Դյուպրեի տպարանը․ 1825 թվականին՝ Վարդան Այգեկցու «Հատընտիր առակք», 1827 թվականին՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» և այլ գործեր։ XIX դարի 2-րդ կեսին և XX դարի ընթացքում Փարիզում հայերեն գրքեր ու պարբերականներ տպագրվել են և՛ հայերի, և՛ ֆրանսիացիների տպարաններում։ 1857 թվականին այստեղ սկսել է աշխատել Կ․ Շահնազարյանի տպարանը, որը հիմնականում հրատարակել է հայ պատմիչների երկերը։ Ճ․ Արամյանը, ֆրանսիացի Վալտերի տպարանում կահավորելով (1854) իր արտադրամասը, հրատարակել է հայերեն գրքեր, ինչպես նաև Ս․ Ոսկանի «Արևելք», «Արևմուտք», Գ․ Այվազովսկու «Մասյաց աղավնի» պարբերականները, 1859 թվականին հիմնել է իր տպարանը և Փարիզում աշխատել մինչև 1862-ը՝ հրատարակելով Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նարեկացու, Մ․ Նալբանդյանի, Ծերենցի, Պ․ Դուրյանի, Գ․ Սրվանձտյանի երկերը և հայերեն այլ գրքեր։ Նշանավոր է եղել Կ․ Ներսիսյանի տպարանը, որը 1900–1910 թվականներին լույս է ընծայել հայերեն մի շարք գեղարվեստական գրքեր, նաև Ա․ Չոպանյանի «Անահիտ» հանդեսը։

Հայերեն գրքեր հրատարակող ֆրանսիական տպարաններից են եղել նաև Վ․ Ռեմքեի, Ս․ Բուրդիեի, Շ․ Նոբլեի, «Է․ Դյունոյի և ընկ․» և այլ տպարաններ։ Վերջինում 1857 թվականին տպագրվել է Մ․ Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» երկը։ Հայկական տպարաններից են եղել Ֆ․ Ճարյանի, Պ․ Եղիկյանի, Ա․ Տաղրամաճյանի, «Մասիս», «Տարոն», «Այգ» և այլն։

Փարիզի հայկական տպագրությունն աշխուժացում է ապրել 1855 թվականից, երբ սկսեցին լույս տեսնել փարիզյան հայերեն առաջին պարբերականները՝ «Արևելքը» և «Մասյաց աղավնին»։ Մինչև 1970-ական թվականները Փարիզում հրատարակվել է շուրջ 170 անուն պարբերական (որից մոտ 120-ը՝ մինչև 1940 թվականը)։ Այդ պարբերականներից են (բացի հիշվածները) «Փարիզ», «Հնչակ», «Բանասեր», «Կռունկ», «Ապագա», «Հառաջ», «Կավռոշ», «Զվարթնոց», «Վեմ», «ՀՕԿ», «Նոր աշխարհ», «Աշխարհ», «Բյուրակն» և այլն։ Փարիզյան հայերեն պարբերականների մի մասն ուներ իր տպարանը, մյուսները լույս էին տեսնում հայկական կամ ֆրանսիական տարբեր տպարաններում։ Ներկայումս Փարիզում հայերեն տպագրվում են հիմնականում տեղի պարբերական հրատարակությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։