Փառաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փառաբանությունը (դասական հունարեն εὐλογία, eulogia բառից, որտեղ eu-ն նշանակում է «լավ» կամ «ճշմարիտ», logia-ն՝ «բառեր» կամ «տեքստ», միասին նշանակում է՝ «գովաբանություն») մարդու, հատկապես վերջերս մահացած կամ թոշակի անցած անձի գովասանքի խոսք կամ գրություն է, կամ էլ սիրո խոսք[1][2][3]:

Ջորջ Բուշը փառաբանական ճառ է ասում Ռոնալդ Ռեյգանի պետական ​​հուղարկավորության ժամանակ, 2004թ.

Հուղարկավորության արարողությունների շրջանակում կարող են հնչել փառաբանություններ։ ԱՄՆ-ում դրանք տեղի են ունենում թաղման տանը հավաքվելու ժամանակ կամ դրանից հետո։ Մեծ Բրիտանիայում դրանք ասում են արարողության ընթացքում, սովորաբար դիակիզարանում կամ պաշտամունքի վայրում, նախքան հավաքույթը։ ԱՄՆ-ում որոշ դավանանքներ կա՛մ խափանում, կա՛մ էլ թույլ չեն տալիս արարողությունների ժամանակ փառաբանել՝ ավանդույթների նկատմամբ հարգանք պահպանելու համար։ Փառաբանել կարելի է նաև դեռևս ողջ մարդկանց։ Սա սովորաբար տեղի է ունենում հատուկ առիթներով, ինչպիսիք են ծննդյան օրերը, գրասենյակային երեկույթները, թոշակի անցնելու տոնակատարությունները և այլն։ Փառաբանությունները չպետք է շփոթել ո՛չ եղերերգությունների հետ, որոնք պոեմներ են՝ գրված ի հիշատակ մահացածների, ո՛չ մահախոսականների հետ, որոնք վերջերս մահացածների կյանքը պատմող հրապարակված կենսագրություններ են, ո՛չ էլ հուղարկավորությունների հետ, որոնք հիմնականում վերաբերում են թաղման արարողություններին։ Հռոմեացի կաթոլիկ քահանաներին պատարագի կանոններն արգելում են թաղման պատարագի ժամանակ քարոզի փոխարեն փառաբանել հանգուցյալին[4]։

Փառաբանություն (անգլ․ eulogy) բառի ժամանակակից տարբերակն առաջին անգամ օգտագործվել է 16-րդ դարում և առաջացել է միջնադարյան լատիներեն eulogium (փառաբանություն) տերմինից։ Այն ժամանակվա eulogium բառը վերածվել է այսօրվա ավելի կարճ eulogy բառի[5]։

Սովորաբար փառաբանություն անում են մահացածի ընտանիքի անդամը կամ ընտանիքի մտերիմ բարեկամը[6]։ Այնպիսի դեպքերում ինչպիսին օրինակ թոշակի անցնելն է, ողջ մարդուն կարող է փառաբանել ավագ գործընկերը։ Երբեմն փառաբանում են ծանր հիվանդներին կամ տարեցներին՝ մահից առաջ սիրո և երախտագիտության խոսքեր արտահայտելու համար։ Սակայն փառաբանությունները չեն սահմանափակվում միայն մարդկանցով. վայրերին կամ իրերին նույնպես կարելի է փառաբանել (ինչը յուրաքանչյուրը կարող է անել), բայց դրանք այդքան էլ տարածված չեն, որքան մարդկանց ուղղված փառաբանությունները, անկախ նրանից՝ նրանք ողջ են, թե մահացած։

Որոշ դեպքերում մարդիկ ինքնափառաբանություն են գրում նախքան իրենց մահը, որպեսզի ընկերը կամ ընտանիքի անդամը կարդան իրենց խոսքերը թաղման պատարագի ժամանակ։ Հատկանշական են օրինակ ամերիկացի գրող Կուրտ Վոնեգուտի ոգեշնչող ինքնափառաբանությունը (վերցված իր հորեղբոր հուղարկավորությունից) և ավստրալիական ֆուտբոլիստ և լրագրող Լու Ռիչարդի հումորային ինքնափառաբանությունը, որը կարդացել է իր ընկերը[7][8]։

Հատկանշական օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողված փառաբանությունը կարող է սփոփել, ոգեշնչել, կամ կապ հաստատել այն մարդու հետ, ում ուղղված է փառաբանությունը։ Հետևյալ օրինակները հայտնի փառաբանություններ են, որոնց հաջողվել է դա անել։

Նախագահ Ռոնալդ Ռեյգանի փառաբանությունը ուղղված Challenger տիեզերանավի անձնակազմին (1986).

Գիտեմ՝ դժվար է գիտակցել, բայց երբեմն նման ցավալի բաներ են պատահում։ Այս ամենը հետազոտության և բացահայտման գործընթացի մի մասն է։ Այս ամենը հնարավորությունից օգտվելու և մարդու մտահորիզոնն ընդլայնելու մի մասն է։ Ապագան թուլամորթներինը չէ, այն խիզախներին է պատկանում։ Challenger-ի անձնակազմը մեզ տանում էր դեպի ապագա, և մենք կշարունակենք հետևել նրանց։

Չարլզ Սփենսերի փառաբանությունը իր քրոջը՝ Ուելսի արքայադուստր Դիանային (1997).

Դիանան կարեկցանքի, պարտականության, ոճի, գեղեցկության բուն էությունն էր։ Ամբողջ աշխարհում նա անձնուրաց մարդկության խորհրդանիշն էր, իսկապես ճնշվածների իրավունքների դրոշակակիրը, իսկական բրիտանացի աղջիկ, որը դուրս էր ազգապատկանելիության սահմաններից, բնական ազնվականություն ունեցող մեկը, որը որևէ դասի չէր պատկանում, ով վերջին տարում ապացուցեց, որ իրեն արքայական տիտղոս պետք չէ իրեն հատուկ մոգությունը ստեղծելու համար։

Ջավահառլալ Ներուի փառաբանությունը Մահաթմա Գանդիին (1948).

Առաջին բանը, որ հիմա պետք է հիշենք, այն է, որ մեզանից ոչ ոք չպետք է զայրույթի պատճառով սխալ քայլ անի։ Մենք պետք է վարվենք ուժեղ և վճռական մարդկանց պես, վճռական՝ դիմակայելու մեզ շրջապատող բոլոր վտանգներին, վճռական՝ կատարելու այն մանդատը, որ մեր մեծ ուսուցիչն ու մեծ առաջնորդն է մեզ հանձնել, միշտ հիշելով, որ եթե, ինչպես ես հավատում եմ, նրա հոգին նայում է մեզ և տեսնում ձեզ, ոչինչ այնքան չի զայրացնի նրան, որքան տեսնելը, որ մենք որևէ անկարևոր վարքագիծ կամ բռնություն ենք մեզ թույլ տվել։ Այսպիսով, մենք չպետք է դա անենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ լինենք, այլ ավելի շուտ նշանակում է, որ մենք պետք է ուժով և միասնությամբ դիմակայենք բոլոր դժվարություններին, և հակամարտություններին պետք է վերջ տրվի չնայած այս մեծ աղետի։ Մեծ աղետը մեզ համար խորհրդանիշ է կյանքի բոլոր կարևոր բաները հիշելու և մոռանալու այն մանր բաները, որոնց մասին այդքան շատ ենք մտածել։

Թեդ Քենեդիի փառաբանությունը իր եղբորը՝ Ռոբերտ Ֆ. Քենեդիին (1968).

Իմ եղբորը պետք չէ իդեալականացնել կամ մահից հետո աստվածացնել նրան, պարզապես հիշել որպես լավ և պարկեշտ մարդ, ով տեսել է սխալը և փորձել ուղղել այն, տեսել է տառապանքը և փորձել ամոքել այն, տեսել է պատերազմ և փորձել կանգնեցնել այն։

Մեզանից նրանք, ովքեր սիրում էին նրան և ովքեր այսօր մասնակցում են նրա հուղարկավորությանը, աղոթում են, որ մեր կյանքում նրա ունեցած դերը և այն, ինչ նա ցանկանում էր ուրիշներին, մի օր իրականություն դառնան ողջ աշխարհի համար։

Պետության շատ վայրերում, նրանց, ովքեր ենթարկվել են իր ազդեցությանը և նրանց, ովքեր ձգտում էին նրա ազդեցությանը, նա բազմիցս ասում էր․ «Որոշ մարդիկ տեսնում են ամեն ինչ այնպես, ինչպես կա և ասում են՝ ինչու՞․ ես երազում եմ բաների մասին, որոնք երբեք չեն եղել և ասում եմ՝ ինչու՞ ոչ»։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառաբանության շատ տարբեր տեսակներ կան։ Դրանցից մի քանիսը նախատեսված են բացառապես անձի կենսագրություն լինելու համար։ Կարճ կենսագրությունը պարզապես վերապատմություն է այն ամենի, ինչի միջով անհատն անցել է իր կյանքում։ Սա կարող է արվել հանգուցյալի կյանքի կարևոր պահերն ընդգծելու համար։ Մեկ այլ տարբերակ է անհատի գործողությունների վերաբերյալ ավելի անձնական տեսակետ հայտնելը։ Այն ենթադրում է պատմողի և հանգուցյալի հետ տեղի ունեցած ընդհանուր հիշողությունների վերապատմում։ Հիշողությունները, տպավորությունները և փորձառությունները բոլորն այն բաներն են, որոնք կարող են ներառվել անհատական փառաբանության վերապատմման մեջ (Բուրչ, 2006)։ Աշխարհի մեծ մասում փառաբանությունները հիմնականում կենտրոնանում են մարդու կենսագրության վրա՝ ընդգծելով նրանց կյանքի կարևոր իրադարձությունները, ինչպիսիք են աշխատանքը կամ կարիերան, կրթությունը և այլն

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ eulogy Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «eulogy». Lexico US English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին.
  2. Bush, George W. (2004 թ․ հունիսի 11). «President Bush's Eulogy at Funeral Service for President Reagan». National Archives and Records Administration (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  3. «Eulogy Speech Guide». Eulogyspeech.net (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  4. «General Inststruction of the Roman Missal». The Holy See (ամերիկյան անգլերեն). Ch. VIII, § II, #382. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  5. Կաղապար:Dictionary.com
  6. «How to give a funeral speech». Inspirational Eulogy (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  7. Kurt Vonnegut's Self Eulogy (անգլերեն), Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին
  8. Lou Richards State Funeral 17/05/2017 (անգլերեն), Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փառաբանություն» հոդվածին։