Տրունյաց Սուրբ Խաչ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրունյաց Սուրբ Խաչ վանք, ճարտարապետական համալիր, Գողթն գավառի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոն։ Գտնվում է Տրունյաց կամ Վանանդի ձորի վերին մասում, Նուսիս գյուղից (Նախիջևանի ԻԽՍՀ, Օրդուբադի շրջան) ոչ հեռու, Տրունյաց գետի աջ ափին։ XVII դարում այս վանքում երկար տարիներ գործել է Թովմա Վանանդեցին։ Համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, գավիթ-սրահից և 6-7 վանական այլ շինություններից՝ շրջափակված քարաշեն պարսպով։ Պահպանված միակ հուշարձանը եկեղեցին է, որն ուղղանկյուն հատակագծով, արևելքում ավագ խորանով ու զույգ ավանդատներով, միանավ թաղածածկ կառույց է։ Թաղակիր կամարները հանգում են երկայնական պատերի երկու զույգ որմնամույթերին։ Միակ մուտքը արևմուտքից է։ Ըստ համալիրի և նրա շրջակայքի ավերակների ուսումնասիրության այն հիմնադրվել է մինչև XII դարը։ Համաձայն եկեղեցու հյուսիսային և հարավային ճակատներին ագուցված վիմագիր քարերի ու մուտքի բարավորի արձանագիր խաչքարի՝ այժմյան շինությունը վերակառուցվել է 1687 թվականին, նորոգվել՝ 1859 թվականին։ Վանքը անվանվել է նաև Նունիսի կամ Քաղաքիկի Սուրբ Խաչ (շրջակա գյուղերի անուններով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։