Տոնգայի պատմություն
Տոնգայի պատմություն։ 5-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին Տոնգայի կղզիներում բնակություն են հաստատել պոլինեզիացիները։ Մոտ 10-րդ դարում Տոնգայում առաջացել են առաջին պետական կազմավորումները՝ առաջնորդների ժառանգական իշխանությամբ։ 18-րդ դարում Տոնգայի հասարակությունը բաղկացած էր խոշոր հողատեր դասից և կախյալ գյուղացիներից։ 1643 թվականին Տոնգատապու կղզին հայտնագործել է Ա․ Տասմանը։ 1797 թվականին Տոնգա մուտք են գործել քրիստոնյա քարոզիչներ։ 1845 թվականին ստեղծվել է կենտրոնացված պետություն։ 19-րդ դարի 70-80-ական թվականներին Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ պայմանագիր են կնքել Տոնգայի հետ՝ ձևականորեն ճանաչելով նրա անկախությունը։ 1900 թվականին Տոնգայում հաստատվել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ։ 1968 թվականին Մեծ Բրիտանիայի ու Տոնգայի միջև կնքվել է նոր համաձայնագիր բրիտանական հսկողությունն աստիճանաբար կրճատելու վերաբերյալ։ 1970 թվականին դարձել է անկախ պետություն։ Քաղաքական կուսակցություններ և արհմիություններ Տոնգայում չկան։ Հրատարակվում է կառավարական «Քրոնիքլ» («The Cronicle», 1964 թվականից) շաբաթաթերթը։ Ռադիոհաղորդումներն իրականացնում է Տոնգայի ռադիոհաղորդումների կառավարական հանձնաժողովը (1961 թվականից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 58)։ |