Տոհմաբանական մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոհմաբանական մեթոդ, մեթոդ ժողովրդագրության, գենետիկայի մեջ։ Մեթոդի կիրառման դեպքում հետազոտվում են ազգակցական կապերի մեջ գտնվող մի շարք ընտանիքների անդամները և նրանց սերունդները՝ նրանց մոտ տարբեր հատկանիշների առկայության առումով։ Այս մեթոդը թույլ է տալիս որոշել այս կամ այն հատկանիշի ժառանգման տիպը՝ դոմինանտայի՞ն է, թե՝ ռեցեսիվ, սեռի հետ շղթայակցվա՞ծ հատկանիշ է,թե՝ աուտոսոմային, մենդելյա՞ն օրինաչափություններով է ընթանում ժառանգումը, և այլն։ Մեթոդի հիմնական թերությունը կայանում է շատ դեպքերում ճիշտ կազմված և լիարժեք տոհմաբանական տեղեկատվության բացակայության մեջ։ Տոհմաբանական տեղեկատվության հավաստի աղբյուր են անցյալի թագավորական դինաստիաների, կառավարող վերնախավի մասին մեզ հասած տեղեկությունները՝այս կամ այն տոհմի ընտանիքների ներկայացուցիչների մոտ տարբեր (որոշ դեպքերում՝արտառոց) հատկանիշների առկայության և ժառանգման մասին։ Տոհմաբանական մեթոդով են հաստատվել մարդկանց երաժշտական, մաթեմատիկական և այլ ընդունակությունների ժառանգումը։ Օրինակ՝ երաժշտական ընդունակություններով օժտված է եղել Բախերի հայտնի տոհմը, որի շատ սերունդներ անվանի երաժիշտներ են եղել, դրանց թվում՝ հանճարեղ Յոհան Սեբաստիան Բախը։ Տոհմաբանական մեթոդով է ապացուցվել նաև շատ հիվանդությունների ժառանգական բնույթը։ Տոհմաբանական մեթոդով է հաստատվել շաքարախտի, բնածին խլության, հոգեկան ծանր խանգարման՝ շիզոֆրենիայի և մի շարք այլ հիվանդությունների ժառանգական բնույթը։