Եղիա Տնտեսյան
Եղիա Տնտեսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 29 (ապրիլի 10), 1834 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 23 (մայիսի 5), 1881 (47 տարեկան) Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Եղիա Տնտեսյան (մարտի 29 (ապրիլի 10), 1834, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 23 (մայիսի 5), 1881, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), երաժիշտ, տեսաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական ընդհանուր և երաժշտական պատրաստությունն ստացել է Կ. Պոլսի Միջագյուղ թաղի դպրոցում։ 1848 թվականից որպես աշակերտ-տպագրիչ աշխատել է «Սրապյան» տպարանում, հետագայում Հ. Մյուհենտիսյանի ղեկավարությամբ կատարելագործել է արհեստը, մասնագիտացել նաև հայկական և եվրոպական նոտատպության գործում։ Երուսաղեմում և Սուրբ Էջմիածնում ուսումնասիրել է երգվող շարականները և դրանց խազագրությունը։ 1864 թվականին Կ. Պոլսում հրատարակել է «Բովանդակութիւն նվագաց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ» «տետրը», որտեղ, եվրոպական հեղինակների (Յո. Շրյոդեր, Շ. Վիլլոտո, Հ. Պետերման) հրապարակումներից հետո, առաջին անգամ խորագիտակորեն ներկայացրել է շարականների սկսվածքները (ձայնեղանակների լադա-ելևէջային խտացված բանաձևերը) և հատընտիր շարականներ։ Տնտեսյանը եռանդուն մասնակցություն է ունեցել ազգային հոգևոր երաժշտությունը վերաձայնագրելու, կարգավորելու և հետագա խեղաթյուրումներից զերծ պահելու, ինչպես նաև ժողովրդի երաժշտագիտական լուսավորման նպատակով Կ. Պոլսում տարվող աշխատանքներին։ 1869–1871 թվականներին հայկական նոտաներով գրառել է Շարակնոցն ամբողջությամբ, կազմել հայկական նոտագրության համառոտ ձեռնարկ՝ «Տարերք երաժշտության» (հրատարակվել է 1933)։
1872 թվականից Կոստանդնուպոլսում սեփական տպարանում տպագրել է Գարեգին Սրվանձտյանի, Հակոբ Պարոնյանի և այլոց գործեր։ Տնտեսյանը մասնակցել է ազգային հոգևոր երաժշտությունը վերաձայնագրելու և կարգավորելու աշխատանքներին։ Մինչկոմիտասյան շրջանի հայ երաժշտագիտության կարևորագույն նվաճումներն է ամփոփում նրա «Նկարագիր երգոց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ...» (1874) գիրքը։ Տնտեսյանը հրատարակել է նաև «Նուագք Հայկականք» պարբերականը (1879)։ Տնտեսյանի գործունեությունը նշանակալից հետք է թողել հայ երաժշտության տեսության բնագավառում։ Հատկապես կարևոր են հոգևոր երաժշտության մոնոդիկ (մեներգեցողության) էության ընկալումն ու հետազոտումը՝ կապված այդ երաժշտության հնչյունաշարի տեմպերացիայի առանձնահատկությունների և հայկական ձայնեղանակային համակարգի (տես Ութձայն) ամբողջականության հետ։ Տնտեսյան գիտահետազոտական և գործնական ձեռնարկումներն ուղղված են եղել ազգային երաժշտության ինքնուրույնության ու ինքնատիպության հաստատմանն ու պահպանմանը։
Տնտեսյանը 1880-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ծավալված համիդյան բռնությունների առաջին զոհերից է։ Իր «Նոր երգարան հայոց» ժողովածուում Միքայել Նալբանդյանի «Ազատություն», ազատախոհ այլ բանաստեղծություններ, ինչպես նաև ֆրանսերեն «Մարսելյեզը» տպագրելու առիթով բանտարկվել է և բանտում էլ մահացել[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 38)։ |
|
- Ապրիլի 10 ծնունդներ
- 1834 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 5 մահեր
- 1881 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երաժիշտներ
- Հայ խմբավարներ
- Հայ տպագրիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ
- Օսմանյան կայսրության անձինք
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք