Տարեց մարդկանց իրավունքներ
Տարեց մարդիկ առերեսվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ տարիքային խտրականությունը, բժշկական հասանելիությունը և մատչելիությունը, աղքատությունը, հաշմանդամության սոցիալական ընկալումները, մեծահասակների խոցելիությունը։
Առայժմ գոյություն չունի տարեց անձանց իրավունքները պաշտպանող միջազգային որևէ գործակալություն կամ համաձայնագիր, սակայն տարեց մարդկանց իրավունքներն ամրագրված են միջազգային և տարածաշրջանային մի շարք փաստաթղթերում և համաձայնագրերում։
Միջազգային չափորոշիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեցներին վերաբերվող և նրանց իրավունքները ներկայացնող 2 կոնվենցիա ունի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ Սոցիալական ապահովության կոնվենցիա (1952 թ․) և Հաշմանդամության, ծերության, կերակրողին կորցրածների նպաստների կոնվենցիա (1967 թ․)։
1982 թվականին ծերության համաշխարհային համաժողովի կողմից ընդունվել է ծերության վերաբերյալ Վիեննայի միջազգային գործողությունների պլանը[1]։
ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների միջազգաին դաշնագրով (Հայաստանը վավերացրել է 1993 թվականին) ստեղծվել է տարեցների Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների կոմիտե (ՏՍՄԻԿ), որտեղ ներկայացված են տարեցների իրավունքների կետեր[2]։
2002 թվականին ծերության վերաբերյալ համաշխարհային երկրորդ համաժողովի ընթացքում ընդունվել է Մադրիդի միջազգային գործողությունների ծրագիրը, որտեղ անդրադարձ է կատարվել զարգացմանը, առողջությանը, բարեկեցությանը և բարենպաստ միջավայրին[3]։
Եվրոպայի խորհուրդն ունի սոցիալական խարտիա և սոցիալական պաշտպանության տարեցների իրավունքի համար սահմանված պարտավորություններ (Հայաստանը վավերացրել է վերանայված եվրոպական սոցիալական խարտիան 2004 թվականին, բայց չի ընդունել սոցիալական պաշտպանության տարեցների իրավունքի Հոդված 23-ով սահմանված պարտավորությունները)։ Գոյություն ունեն եվրոպական խորհրդի այլ չափորոշիչներ, որոնք ներառում են 2014 թ. ՆԿ առաջարկություն CM/Rec (2014) 2-ը, տարեց անձանց մարդու իրավունքների խթանումը[4] և ԵԽԽՎ 2168 բանաձևը (2017 թ.)` տարեց մարդկանց իրավունքների և նրանց համապարփակ խնամքի մասին[5]։
Տարեց անձանց վերաբերյալ ՄԱԿ-ի սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմք ընդունելով միջազգային մի շարք չափանիշներ, այդ թվում Աշխատանքի միջազգային կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոնվենցիաների առաջարկություններն ու բանաձևերը, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 1991 թվականին ընդունել է տարեցների վերաբերյալ 18 սկզբունքներ[6]։
Անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարեցները պետք է ապահովված լինեն համապատասխան սնունդով, ջրով, ապաստարանով, հագուստով և բժշկական ապահովագրությամբ։
- Տարեցները պետք է ունենան աշխատելու և եկամուտներ ստեղծելու հնարավորություններ։
- Տարեցներն իրավունք ունեն մասնակցելու աշխատուժի հեռացման որոշմանը։
- Տարեցներն իրավունք ունեն մասնակցելու կրթական և վերապատրաստման ծրագրերի։
- Տարեցները պետք է ապրեն ապահով միջավայրում, որը պետք է հարմարեցված լինի նրանց անձնական նախասիրություններին։
- Տարեցներն իրավունք ունեն երկար ժամանակ անցկացնել տանը։
Մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարեցները պետք է ինտեգրված լինեն հասարակությանը, ակտիվորեն մասնակցեն նրա քաղաքականության մշակմանն ու իրականացմանը և կիսվեն իրենց գիտելիքներով ու հմտություններով ավելի երիտասարդ սերնդի հետ։
- Տարեցներն իրավունք ունեն իրականացնել համայնքի զարգացմանը վերաբերող ծրագրեր և կարող են կամավոր ծառայել համապատասխան պաշտոններում։
- Տարեցները կարող են ձևավորել տարեցների շարժումներ կամ միավորումներ։
Խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարեցներն իրավունք ունեն օգտվել համայնքի խնամքից և պաշտպանությունից` յուրաքանչյուր հասարակության մշակութային արժեքների համակարգին համապատասխան։
- Տարեցները պետք է ունենան բժշկական ապահովագրություն, որը կօգնի նրանց պահպանել ֆիզիկական, մտավոր բարեկեցություն և կկանխի հիվանդությունների առաջացումը։
- Տարեցներին պետք է տրամադրվեն սոցիալական և իրավաբանական ծառայություններ` նրանց ինքնավարությունը, պաշտպանությունն ու խնամքը ապահովելու համար։
- Տարեցներն իրավունք ունեն օգտագործել ինստիտուցիոնալ խնամքին համապատասխան մակարդակները, որոնք կօգնեն ապահովել պաշտպանություն, վերականգնողական և սոցիալական խթան՝ անվտանգ միջավայրում։
- Տարեցները կարող են օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ ցանկացած խնամքի կամ բուժման հաստատությունում բնակվելիս, ներառյալ լիարժեք հարգանքը նրանց և նրանց կրոնի նկատմամբ, ինչպես նաև, իրավունք ունեն իրենց կյանքին վերաբերող որոշումներ կայացնել
Ինքնակայացում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարեցներն իրավունք ունեն հետևել իրենց ներուժի լիարժեք զարգացմանը։
- Տարեցներին պետք է հասանելի լինեն հասարակության կրթական, մշակութային, հոգևոր և հանգստի աղբյուրները։
Արժանապատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարեցները պետք է ապրեն արժանապատվորեն և լինեն անվտանգ, զերծ լինեն շահագործումից և ֆիզիկական կամ հոգեբանական բռնություններից։
- Տարեց մարդկանց նկատմամբ պետք է արդար վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ սեռից, ռասայական կամ էթնիկական ծագումից, հաշմանդամությունից կամ այլ կարգավիճակից։
Հայաստանը և տարեց մարդկանց իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ Սահմանադրության հոդված 83-ը ամրագրում է տարեցների սոցիալական ապահովության իրավունքը։ Հոդված 84-ում սահմանվում է, որ տարեցների համար պետք է ապահովված լինի արժանապատիվ գոյություն։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը տարեց է համարում 65 տարին լրացած անձին։ 2018 թվականի տվյալներով Հայաստանում 65 տարին լրացած անձանց թիվը կազմել է 323100 կամ բնակչության ընդհանուր թվի 10.8%-ը։ Ընդ որում, այժմ Հայաստանում նկատվում է բնակչության ծերացում։ Սա ենթադրում է, որ տարեց անձանց իրավունքները պետք է համարվեն առաջնային։
Գործում է կենսաթոշակային համակարգ Հայաստանի տարեց բոլոր քաղաքացիների համար։ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կենսաթոշակ է ստանում 63 տարին լրացած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը։ Ամսական միջին գումարը կազմում է 40․424 դրամ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում 2019 թվականի դրությամբ կա 466 580 կենսաթոշակառու (բնակչության ընդհանուր թվաքանակի 15․8 %-ը)։ Նրանցից 464 110-ը համարվում են աշխատանքային կենսաթոշակառուներ[7]։
Հատուկ նպաստներ են սահմանվել նաև այն թոշակառուների համար, ովքեր ունեն չորս և ավելի երեխա և պատերազմի մասնակից են։
Տարեցների իրավունքների ապահովմանն ուղղված ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում գործում և իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված տարեցների խնդիրների լուծմանը։ 2015 թվականից իրականացվել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին և հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշումը[8]։ Հայեցակարգը նպատակ ուներ ներդնել սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգ, որում կլինեն ինչպես կենսական անհրաժեշտության, այնպես էլ լրացուցիչ ծառայություններ։
2017 թվականի մայիսի 18-ին կառավարությունն ընդունել է «Բնակչության ծերացման հետևանքով առաջ եկող հարցերի լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը» և դրա իրագործման համար 2017-2021 թթ. գործողությունների ծրագիրը[9]։ Այն հիմնված է Մադրիդի միջազգային գործողությունների ծրագրի[3], Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծերացման և առողջության համաշխարհային զեկույց»-ի և Վիեննայի միջազգային գործողությունների պլանի[1] նպատակների վրա։
ՀՀ կառավարությունը բարեփոխումների շրջանակներում 2017 թվականի մայիսի 4-ին ընդունել է որոշում՝ ըստ որի պետք է մշակվեն տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծառայությունների նոր ձևեր, մեթոդներ[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-15-ին։ Վերցված է 2020-07-25
- ↑ https://www.un.org/en/ga/search/view_doc.asp?symbol=HRI/GEN/1/REV.6
- ↑ 3,0 3,1 https://www.un.org/ru/documents/decl_conv/declarations/pdf/ageing_progr.pdf
- ↑ https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805c649f
- ↑ http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-EN.asp?fileid=23768&lang=en
- ↑ https://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/OlderPersons.aspx
- ↑ https://armstat.am/file/article/f_sec_1_2020_1.pdf
- ↑ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=93327
- ↑ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=113357
- ↑ http://www.moj.am/storage/uploads/001_mip.pdf