Տատյանա Վելիկանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատյանա Վելիկանովա
Ծնվել էփետրվարի 3, 1932(1932-02-03)
Մահացել էսեպտեմբերի 19, 2002(2002-09-19) (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Մասնագիտությունմաթեմատիկոս և իրավապաշտպան
ԱշխատավայրՄոսկվայի թիվ 57 պետական դպրոց

Տատյանա Միխայլովնա Վելիկանովա (ռուս.՝ Татья́на Миха́йловна Велика́нова, փետրվարի 3, 1932(1932-02-03) - սեպտեմբերի 19, 2002(2002-09-19), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային այլախոհ, ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների պաշտպանության շարժման մասնակից, «ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբ» առաջին իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր անդամներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Վելիկանովան ջրաբան և հիդրոդինամիկայի մասնագետ Միխայիլ Անդրեևիչ Վելիկանովի դուստրն է։ 1954 թվականին Վելիկանովան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը և որպես ուսուցիչ աշխատել է Ուրալում գտնվող գյուղական դպրոցում։ 1957 թվականից Մոսկվայում եղել է համակարգչային կենտրոնի աշխատակից, ծրագրավորող։

Վելիխանովայի ամուսինը՝ լեզվաբան Կոնստանտին Բաբիցկին, այն յոթ ցուցարարների շարքում էր, որոնք բողոքում էին 1968 թվականի օգոստոսի 25-ին Վարշավայի պայմանագրի զորքերի Չեխոսլովակիա ներխուժման դեմ։ Բողոքի ցույցին մասնակցելու համար նա 3 տարի աքսորվել է Կոմի ԻԽՍՀ։

1969 թվականին Վելիկանովան դարձավ «ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբ» առաջին իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը։ 1970 թվականին Վելիկանովան ստանձնեց 1968 թվականից լույս տեսնող խորհրդային իրավապաշտպանների գլխավոր պարբերականի «Ընթացիկ իրադարձությունների քրոնիկոն» մեքենագիր տեղեկատվական տեղեկագրի նախապատրաստման հիմնական կազմակերպչական գործառույթները։ Ինը տարի շարունակ նրա ղեկավարությամբ լույս տեսավ տեղեկագրի շուրջ երեսուն թողարկում։ 1974 թվականի մայիսին Տատյանա Վելիկանովան, Սերգեյ Կովալովը և Տատյանա Խոդորովիչը բացահայտորեն ստանձնեցին այս պարբերականի տարածման պատասխանատվությունը։ 1979 թվականի նոյեմբերի 1-ին Տատյանա Վելիկանովան ձերբակալվեց «հակախորհրդային քարոզչության» մեղադրանքով։ 1980 թվականի օգոստոսին Մոսկվայի քաղաքային դատարանը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման և 5 տարվա աքսորի։ Նա իր պատիժը կրել է Մորդովիայում, իսկ աքսորը՝ Արևմտյան Ղազախստանում (Մանգիշլակի մարզ)։ Վելիկանովայի կալանքի տարիները նկարագրված են Իրինա Ռատուշինսկայայի «Մոխրագույնը հույսի գույնն է» վիպակում[1]։

Տատյանա Վելիկանովան ազատվել է աքսորից 1987 թվականին՝ վերակառուցման ժամանակաշրջանում։ Նա բնակվել է Մոսկվայում, աշխատել թիվ 57 դպրոցում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Նկարագրել է մաթեմատիկայի դասավանդման մեթոդաբանությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ирина Ратушинская. Серый — цвет надежды. Overseas Publications Interchange Ltd. 1989; ISBN 1-870128-41-9
  2. Великанова Т. М. В начальной и средней школе — одна математика. — Методическая коллекция 57 школы