Jump to content

Տավարի ժանտախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տավարի ժանտախտ
Type of animal disease Խմբագրել Wikidata
ԵնթադասMorbillivirus infectious disease, խոշոր եղջերավոր անասունների հիվանդություն, eradicated disease Խմբագրել Wikidata
ՊատճառRinderpest morbillivirus Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունանասնաբուժություն Խմբագրել Wikidata

Տավարի ժանտախտ սուր վարակիչ, համաճարակային հիվանդություն։

Ընդհանուր բնութագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշվում է ստամոքս-աղիքային ուղիների լորձաթաղանթների բորբոքա–մեռուկային փոփոխություններով և բարձր տենդով։ Տավարի ժանտախտը անցյալում տնտեսական հսկայական վնասներ է պատճառել (օրինակ, XVIII դ. Եվրոպայում սատկել և ոչնչացվել է մոտ 200 մլն խոշոր եղջերավոր կենդանի, իսկ Ռուսաստանում 1891–1914-ին՝ 100 մլն)։ Ռուսաստանում տավարի ժանտախտի վերջին բռնկումն արձանագրվել է 1914–20-ին, այն վերջնականապես վերացվել սովետական շրջանում։ Տավարի ժանտախտ հանդիպում է Ասիայի և Աֆրիկայի տարբեր երկրներում։ Վտանգավոր էպիզոոտիաներ արձանագրվել են Ինդոնեզիայում (1965), Իրանում, Աֆղանստանում և Թուրքիայում (1969–70):

Հարուցիչը ՌՆԹ պարունակող, արտաքին ազդակների նկատմամբ ոչ դիմացկուն վիրուսն է։ Խոշոր եղջերավորներից առավել զգայուն է տավարը, ավելի քիչ՝ գոմեշը, զեբուն։ Հիվանդանում են նաև ոչխարը, այծը, այլ որոճողներ, լաբորատոր կենդանիներից՝ ճագարը։

Կլինիկական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակի հարուցիչների, հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են։ Գաղտնի շրջանը տևում է մի քանի օր, բացառիկ դեպքերում՝ 21 օր։ Հիվանդությունն սկսվում է տենդով, նկատվում է թուլություն (ատոնիա), բերանի լորձաթաղանթի վրա մանր հանգույցներ, որոնք քայքայվելով վեր են ածվում խոցերի, ապա՝ մեռուկների, քթից և աչքերից լորձաթարախային արտադրություն, արյունային լուծ ևն։ Կենդանին խիստ հյուծվում է և 7–10 օրում սատկում։

Ախտորոշելիս հաշվի է առնվում տվյալ երկրում կամ վայրում համաճարակի առկայությունը, կլինիկական և ախտաբանա-անատոմիական փոփոխությունները, կատարվում է վիրուսոլոգիական և շճաբանական հետազոտություն։ Անհրաժեշտ է բացառել դաբաղը և չարորակ կատարային տենդը։

Բուժումն արգելվում է՝ նկատի ունենալով հիվանդության արագ տարածման վտանգը։

Պայքարի միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավարի ժանտախտը կանխելու նպատակով ստեղծվում են սահմանային անասնաբուժական կայաններ, որոնց խնդիրն է սպառնալիքի ենթակա շրջաններում կազմակերպել և իրագործել կենդանիների իմունացումը։ Տավարի ժանտախտի հայտնաբերման դեպքում ամբողջ բնակավայրը հայտարարվում է անապահով և կիրառվում կարանտինային բոլոր միջոցառումները (արգելվում է հիվանդ կամ կասկածելի կենդանիների ելքն ու մուտքը, արոտային պահվածքը, բոլոր տիպի մթերքների ներմուծումն ու արտահանումը)։ Եթե կիրառված միջոցառումներով չի կանխվում հիվանդության տարածումը, ապա կենդանիների ամբողջ գլխաքանակը ոչնչացվում է։ Կարանտինը հանվում է վերջին հիվանդ կենդանու ոչնչացումից 21 օր հետո։ Ընթացիկ ախտահանումը կրկնում են ամեն օր, գոմաղբը և ցածր արժեքի առարկաներն այրում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 281)։