Վրանգելի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրանգելի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1885
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Վրանգելի տուն (ռուս.՝ Дом Врангеля), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 1885 թվականին ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոյի նախագծով[1]։ Այս տանն իր մանկությունն ու երիտասարդությունն է անցկացրել Սպիտակ շարժման գլխավոր առաջնորդներից մեկը՝ Պյոտր Նիկոլաևիչ Վրանգելը[2]։ Վրանգելի տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։ Ներկայում շենքը գտնվում է վատ վիճակում և վերականգնման կարիք ունի[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանսկի (այժմ՝ Գազետնի) նրբանցքում այս առանձնատունը կառուցվել է 1885 թվականին ճարտարապետ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դորոշենկոյի նախագծով։ Սկզբում տունը պատկանել է տարբեր տերերի, բայց շուտով այն գնել է բարոն Նիկոլայ Եգորովիչ Վրանգելը[1]։ Աառանձնատանն ապրել է Վրանգելների ամբողջ ընտանիքը։ Նիկոլայ Եգորովիչը եղել է արվեստագետ գիտնական, գրող և հնաոճ իրերի հավաքորդ։ Նրա կինը՝ Մարիա Դմիտրիևնան, հայտնի է որպես Ռոստովում կանանց կիրակնօրյա առաջին դպրոցի բացման նախաձեռնող։ Նրանց ավագ որդին՝ Պյոտր Նիկոլաևիչ Վրանգելը, քաղաքացիական պատերազմի ժամանակ դարձավ Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը[4]։

Խորհրդային իշխանության գալուց հետո շենքն ազգայնացվեց, և այնտեղ տեղակայվեց թիվ 68 «Օգոնյոկ» մանկապարտեզը։ 1990-ական թվականներին մանկապարտեզը փակվեց, և այդ ժամանակից ի վեր շենքը դատարկ էր[2]։ Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 որոշմամբ Վրանգելի տունը վերցվեց պետական պաշտպանության տակ՝ որպես մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[3]։ 2006 թվականին դատարկ շենքն անվարձահատույց հանձնվեց Ռոստովի հոգևոր թեմին[4]՝ վերականգնողական աշխատանքներ կատարելու պայմանով[5]։ Թեմը նախատեսում էր վերականգնել շենքը և այնտեղ կազմակերպել կրթական կենտրոն ու թանգարան[6]։ 2011 թվականին տանը նախատեսվում էր ստեղծել Ալեքսանդր Սոլժենիցինի թանգարանը, որի ցուցադրությունը պետք է նվիրված լիներ երկու գործիչներին համահունչ դարաշրջանին[7]։ Սակայն Ռոստովի թեմը Վրանգելի տունը վերականգնելու համար միջոցներ չկարողացավ գտնել։ Միայն 2012 թվականին փոխարինվեց տանիքը և տեղադրվեցին ժամանակավոր պատուհաններ[4]։ Ընդհանուր առմամբ վերջին տարիների ընթացքում շենքի վիճակը ծայրահեղ վատացել է[5]։ 2011 թվականի սեպտեմբերին շենքի մոտ տեղի է ունեցել հանրային ակցիա, որը փորձել է պետության ուշադրությունը հրավիրել ճարտարապետական հուշարձանին[8]։ 2013 թվականի մարտին Ռոստովի թեմը Վրանգելի տունը վաճառել է 9 միլիոն ռուբլով։ Ստացված գումարով վերանորոգվել է Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարը։ Վրանգելի տան նոր սեփականատեր է դարձել «Մեխանիզացիայի կառավարում» ՍՊԸ-ն[4]։

2015 թվականին քաղաքային վարչակազմի խորհրդակցության ժամանակ արծարծվել է տունը քանդելու և նույն տեղում նրա կրկնօրինակը կառուցելու հարցը։ Ճարտարապետության հուշարձանի վերականգնումը գնահատվել է 130 միլիոն ռուբլի, պատճենի կառուցումը` ընդամենը 20։ Շենքը քանդելու գաղափարը խիստ քննադատության է ենթարկվել հանրության կողմից[9]։

2016 թվականին նախատեսվում էր վերակառուցել շենքը և այնտեղ կազմակերպել երիտասարդական ակումբ։ Նախնական հաշվարկներով` վերակառուցման արժեքը պետք է կազմեր մոտ 115 միլիոն ռուբլի[10]։

Վերակառուցումից հետո տունը պետք է դառնա Վրանգելի թանգարան։ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի խոսքերով` վերականգնման աշխատանքները, ամենայն հավանականությամբ, պետք է իրականացվեն ներդրողի կողմից, իսկ քաղաքային իշխանությունները կվարձակալեն վերակառուցված շենքը, որում կտեղակայվի գեներալին և XIX դարի վերջի - XX դարի սկզբի ժամանակահատվածի պատմությանը նվիրված ցուցադրություն[11][12]։ Ըստ իշխանությունների` դա կարող է օգտակար լինել քաղաքին զբոսաշրջիկներ գրավելու առումով[13]։

2017 թվականի սկզբին շենքն այդպես էլ վերջնականապես չէր վերականգնվել, ավելին` ենթարկվել էր վանդալության[14][15]։

Ճարտարապետություն և ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի գլխավոր ճակատը, որը տեղակայված է Գազետնի նրբանցքում, ունի հարուստ դեկոր։ Այն բաժանված է ֆունկցիոնալ տարբեր նշանակությամբ` բնակելի և օժանդակ տարածքների։ Գլխավոր մուտքն ընդգծվում է երկսյունանոց դորիական նախամուտքով, որը պսակվում է ուղղանկյունաձև ատտիկոսով[1]։ Շենքի ներսույթում մասամբ պահպանվել է հինավուրց ծեփվածքը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ростовская епархия продала дом Врангеля». Новая газета. 2013 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ирина Ароян (2013 թ․ մարտի 27). «Детский сад мой и Врангеля». Московский комсомолец. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Епархия продала домик Врангеля в Ростове-на-Дону». РИА Новости. 2013 թ․ մարտի 6. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 «Дом барона Врангеля: красота не спасла?» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  6. Владимир Левендорский. «Печальный юбилей». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. В доме Врангеля — музей Солженицына // Наше время : газета. —Ростов, 2011. — 23 декабря. — № 623.
  8. Админ. ««Красота спасёт красоту»» (ռուսերեն). voopiik-don.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  9. «Старинному особняку баронов Врангелей в центре Ростова грозит снос». Վերցված է 2018 Նոյեմբեր 21-ին.
  10. Алексей Сакунов (2013 թ․ հունիսի 26). «Новый собственник дома Врангеля в Ростове хочет сделать в нём молодёжный клуб». donnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  11. Репортер, Городской (2015 թ․ սեպտեմբերի 14). «В отреставрированном доме Врангеля откроют музей». Городской репортер – новости Ростова-на-Дону (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  12. «Дом Врангеля в Ростове восстановят в 2016 году». www.rostov.aif.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  13. «В Ростове восстановят дом Врангеля». Большой Ростов (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  14. «Вандальная надпись появилась на Доме Врангеля в Ростове». Privet-Rostov.ru - Главные новости Ростова и Ростовской области (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  15. «Вандалы в Ростове захватили Дом Врангеля и потребовали насилия над детьми». bloknot-rostov.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.