Վիրտուալ մասնիկներ
Վիրտուալ մասնիկներ, տարրական մասնիկներ, որոնք գոյություն ունեն միայն փոխազդեցության պրոցեսների միջանկյալ վիճակներում և չեն կարող գրանցվել մասնիկների դետեկտորներով կամ հաշվիչներով։ Վիրտուալ մասնիկ հասկացությունը դաշտի քվանտային տեսության և տարրական մասնիկների տեսության հիմնական հասկացություններից է։ Վիրտուալ մասնիկի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ դրանց առաքման և կլանման պրոցեսում խախտվում են էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքները։ Հարաբերականության հատուկ տեսության մեջ դա հավասարազոր է մասնիկի հանգստի զանգվածի, իմպուլսի և էներգիայի միջև եղած առնչության խախտմանը։ Նշված խախտումը, ինչպես և վիրտուալ մասնիկների բուն գոյությունը, որոնք դասական ֆիզիկայի տեսանկյունից անհնար են, անորոշությունների քվանտամեխանիկական սկզբունքի դրսևորումներից են։ Միևնույն ժամանակ, անորոշությունների առնչությունները սահմանափակում են վիրտուալ մասնիկների միջին գոյատևողությունը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 472)։ |