Վիճակի երգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիճակի երգեր, ջանգյուլումներ, հայ ժողովրդական խաղիկների ծիսական տեսակ՝ բաղկացած քառատող, եռատող, երկտող տներից՝ հատուկ իմաստ ունեցող որոշակի կրկնակների հետ հարակցված։ Երգվել են համբարձման (տես Համբարձում) կամ ծաղկամոր տոնին, դեռատի աղջիկների և երիտասարդ կանանց կողմից, վիճակահանության ժամանակ (տես Վիճակ)։ Ծեսը կատարվել է բնության գրկում, ծաղիկներով, դալար ճյուղերով ու տերեւներով ծածկված աղբյուրի կամ առվի մոտ։ Բախտագուշակման խորհրդավոր արարողությունը կապված է եղել բնության զարթոնքի, պտղաբերման, ջրի և բույսերի պաշտամունքի հետ։ Վիճակի երգերն ունեցել են մեծ մասամբ սիրային բովանդակություն, կանխորոշել են ամուսնության և երջանկության հնարավոր տարբերակները և հիշատակել սոցիալական ու բարոյական կարգի այն երևույթները, որ կարող էին առնչվել տվյալ անձի հետ։ Վիճակի երգեր բանաձևված կայուն կրկնակներից հայտնի են․ I ու III տողից հետո՝ «Ջան գյուլում, ջան, ջան», II ու IV տողից հետո՝ «Ջան ծաղիկ, ջան, ջան», և երգի յուրաքանչյուր տնից հետո՝«Հարս, հան վիճակդ ի բարին, Աստված իր սրտի մուրազ կատարի» կրկնակները։ Վիճակահանությունը երգառատ ծես է։ Բացի բուն «բախտագուշակ» քառյակներից, որոնք արտասանվում, բայց ավելի հաճախ մեներգվում են խմբական կրկներգով, այդ ծեսը, հարսանեկանի նման, ընդգրկել է նաև իր առանձին դրվագներին մասնավորեցված հատուկ երգային հատվածներ ու պարերգեր։ Սրանցից են՝ աղջիկների նախատոնական գիշերվա «հսկումի» երգը (հսկում են, որպեսզի տղաները բաց երկնքի տակ թաքցված ջրամանը չգողանան), Ը՝ սկլա, ըսկլա", պատին տամ, Հավկուրը շուռ տամ, Վախենամ քնեմ, քունս տանի, Չիքիաս տանել տամ․․․ որը, կանացի հանդերձանքի տարրերի հաջորդական թվարկումով, տարբերակվելով կրկնվում է պարի ուղեկցությամբ (տես Կոմիտասի «Վիճակի երգեր» շարում 1-ին՝ «Երկնքի աստղերը» խմբերգը, Երկ․ ժող․, հ․ 3, 1969 թ.), վիճակահանության առավոտվա, բուն ծեսի հանդիսավոր ու երկարատև նախերգանքը՝ փոխ առ փոխ հնչող երգերով ու ընդհանուր խմբական պարերով (նույն շարում՝ «Հե՜յ, գյուլ եմ»), խմբական հաստատուն ռեֆրենը, որ հնչում է ամեն մի առանձին վիճակը հանելուց հետո (նույն շարում՝ «Ծաղիկ ունեմ նարնջի», Երևանի տարբերակ, ըստ Կոմիտասի՝ կրկնակը «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, վիճակ․․․») են։ Ընդհանուր առմամբ ծեսի «երաժշտական ձևավորումը», բաղկացած տարբեր բնույթի ու տրամադրության երգերի համադրման և հակադրական հաջորդումներից, ներկայացրել է մի ծավալուն ու բազմերանգ ժողովրդաերաժշտական պատկեր։ Երգերի մեղեդիներում անդրադարձվել են տվյալ վայրերի ժողովրդական երաժշտության ոճից բխող ելևէջային ու կառուցվածքային (կամ՝ երաժշտա-բարբառային) հատկանիշներ, այստեղից էլ՝ Վիճակի երգեր մեղեդիական բազմազան տարբերակների առկայությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 450