Վիլհելմ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիլհելմ Շամիրի Ավագյան (ծնվ.՝ 1920, Նորաշեն, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականին։ 1939 թվականին ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Ութ օր ուսանողական նստարանին նստելուց հետո, 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ 1939 թվականից մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը ծառայել է Արևմտյան Բելառուսում, Բալոստոկ քաղաքի մոտ գտնվող Վոսիլկովո բնակավայրում տեղավորված 243-րդ գնդում որպես հրետանավոր[1]: Պատերազմի սկսվելու երկրորդ օրը Վիլեյսկայա մարզի (Արևմտյան Բելառուս) Գոլշանի ավանից ետ նահանջելուց հետո, 1941 թվականի աշնանից մինչև պատերազմի վերջը եղել է Արևմտյան, իսկ հետո 3-րդ բելառուսական ռազմաճակատի շտաբների պաշտպանության 6-րդ առանձին գումարտակի կազմում եղած հրետանային հաշվարկում։ 1941 թվականի սեպտեմբերից մինչև 1942 թվականի ապրիլը Վիլհելմ Ավագյանը մասնակցել է Մոսկվայի պաշտպանության համար ծավալված մարտերին, որից հետո մարտկոցի կազմում անցել է իր նախկին պարտականությունների կատարմանը[1]:

1944-1945 թվականներին 3-րդ բելառուսական զորքերի կազմում Վիլհելմ Ավագյանը մասնակցել է Բելառուսի, Լիտվայի, Արևմտյան Պրուսիայի ազատագրման համար մղված մարտերին։ 1944 թվականին անցել է ԽՄԿԿ շարքերը որպես թեկնածու, իսկ 1946-ին՝ անդամ։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Մոսկվայի պաշտպանության համար, 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակաի համար, Քյոնիգսբերգի ազատագրության համար, Մարտական ծառայության համար և մի շարք հոբելյանական մեդալներով[1]:

1946 թվականի մայիսին զորացրվել է։ 1946-1950 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը և անցել մանկավարժական աշխատանքի Մարտունու շրջանում[1]:

1953 թվականին կրկին զորակոչվել է բանակ և ծառայել մինչև 1955 թվականի որպես սակրավորների վաշտի քաղղեկ, լեյտենանտի զինվորական կոչումով։ Հետագայում զորացրվել և աշխատանքի է անցել Հրազդանի շրջանի դպրոցներում։ 1958 թվականից աշխատում է Նորաշենի Փաշո Ավագյանի անգան միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ 1962 թվականից մինչև 1968 թվականը սովորել և ավարտել է Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկուշ Սաղումյան, Հայրենիքի կանչով, Երևան, ««Հայաստան»», 1985 — 211-212, էջեր 211-212 — 292 էջ. — 1500 հատ։