Վիլիզյան օղ
Վիլիզյան օղը (կամ Վիլիզյան զարկերակային օղ, գլխուղեղի զարկերակային օղ) զարկերակային բերանակցում է, որն արյուն է մատակարարում գլխուղեղին ու նրա հարակից կառուցվածքներին սողունների, թռչունների և կաթնասունների օրգանիզմում[1]։ Այն անվանվել է ի պատիվ անգլիացի բժիշկ Թոմաս Ուիլիսի (1621-1675)[2]։
Կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլիզյան օղը գլխուղեղի արյունամատակարարումն ապահովող զարկերակային ցանցի մի մասն է, որը բաղկացած է հետևյալ զարկերակներից․
- առաջային ուղեղային զարկերակ (աջ և ձախ) - իրենց A1 սեգմենտները
- առաջային կապակցող զարկերակներ
- ներքին քնային զարկերակ (աջ և ձախ) - ծայրային հատվածները
- հետին ուղեղային զարկերակ (աջ և ձախ) - իրենց P1 սեգմենտները
- հետին կապակցող զարկերակներ
Գլխուղեղը սնուցող միջին ուղեղային զարկերակները Վիլիզյան օղի բաղադրիչ չեն համարվում։
Զարկերակների աղբյուրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջ և ձախ ներքին քնային զարկերակներն սկսվում են աջ և ձախ ընդհանուր քնային զարկերակներից։
Հետին կապակցող զարկերակները համարվում են ներքին քնային զարկերակի ճյուղեր, որոնց սկսվում են նրա՝ վերջնային ճյուղերի բաժանվելուց անմիջապես առաջ։ Ներքին քնային զարկերակի վերջնային ճյուղերն են առաջային և միջին ուղեղային զարկերակները։ Առաջային ուղեղային զարկերակը կազմում է Վիլիզյան օղի առաջակողմնային մասը։
Աջ և ձախ հետին ուղեղային զարկերակները սկսվում են հիմային զարկերակից, որը կազմավորվում է աջ և ձախ ողնաշարային զարկերակների միացումից։ Ողնաշարային զարկերակն սկսվում է ենթաանրակային զարկերակից։
Առաջային կապակցող զարկերակներն իրար են կապում առաջային ուղեղային զարկերակները, որոնցից որևէ մեկից էլ սկիզբ են առնում։
Վերոնշյալ բոլոր զարկերակները տալիս են կեղևային և կենտրոնական ճյուղեր։ Կենտրոնական ճյուղերը արյուն են մատակարարում Վիլիզյան օղից ներս ընկած գոյացություններին, այսինքն՝ միջոտիկային փոսին։ Կեղևային ճյուղերը կոչվում են այն հատվածի անունով, որին արյուն են մատակարարում, և չեն համարվում զարկերակային օղի մաս։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց միայն մեկ երրորդն ունի Վիլիզյան օղի նկարագրված դասական տարբերակը[3]։ Դրանից բացի գոյություն ունեն գլխուղեղի զարկերակային օղի անատոմիական այլ տարբերակներ։ Տարածված տարբերակներից մեկի դեպքում հետին ուղեղային զարկերակի մոտակա մասը նեղ է, իսկ հետին կապակցող զարկերակը՝ լայն․ սա կոչվում է սաղմնային հետին կապակցող ուղեղային զարկերակ։ Մեկ այլ տարբերակի դեպքում առաջային կապակցող զարկերակը մեծ անոթ է, այնպես, որ երկու առաջային ուղեղային զարկերակները սնվում են մեկ ներքին քնային զարկերակի կողմից․ այս տարբերակը կաչվում է կենտ առաջային ուղեղային զարկերակ[4]։
Գործառույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլիզյան օղի հիմնական նպատակներից է գլխուղեղի կոլլատերալ արյան շրջանառության ապահովումը։ Եթե օղի մի մասը կամ զարկերակներից մեկը խցանվում է կամ նեղանում, օղի բաղադրիչ առողջ զարկերակները հիմնականում կարողանում են ապահովել գլխուղեղի պերֆուզիան և խուսափել իշեմիայից[5]։
Կլինիկական նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անևրիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հոդված՝ Անոթալայնանք
Ենթաանրակային կողոպտման համախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլիզյան օղի տրամադրած հարմարողական արյունահոսքի հնարավորությունը կարող է երբեմն դառնալ գլխուղեղային արյունահոսքի նվազման պատճառ[6][7]։ Ենթաանրակային կողոպտման համախտանիշի դեպքում արյունը «խլվում է» տվյալ կողմի ողնաշարային զարկերակից, որպեսզի հնարավոր լինի ապահովել նույն կողմի վերին վերջույթի արյունամատակարարումը։ Ենթաանրակային կողոպտման համախտանիշը ենթաանրակային զարկերակի պրոքսիմալ հատվածի ստենոզի (նեղացման) հետևանք է, որը կարող է մեծ վնաս հասցնել գլխուղեղի արյունամատակարարմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/bies.202000115
- ↑ https://www.tandfonline.com/doi/abs/10.1080/096470490512553
- ↑ https://www.anatomyatlases.org/AnatomicVariants/Cardiovascular/Text/Arteries/CircleofWillis.shtml
- ↑ https://link.springer.com/article/10.1007/s00276-020-02509-4
- ↑ https://pubmed.ncbi.nlm.nih.gov/17063318/
- ↑ https://www.ahajournals.org/doi/10.1161/01.STR.19.8.1036
- ↑ https://www.ahajournals.org/doi/10.1161/01.CIR.40.6.871