Վաֆթրուդնիրի խոսքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաֆթրուդնիրի խոսքը
Odin and Vafþrúðnir by Frølich.jpg
Տեսակչափածո շարադրանք
Ժանրառասպել
Մասն էսկանդինավյան Ավագ Էդդա էպոսի
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
Հրատարակման տարեթիվ1260
Vafþrúðnismál Վիքիպահեստում

Վաֆթրուդնիրի խոսքը (իսլ.՝ Vaf-þrúðnismál), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելների շարքում, ըստ «Codex Regius 2365» ձեռագրերի, երրորդ առասպելն է՝ «Բարձրյալի խրատանին» երգից հետո: Ի հայտ է եկել 10-րդ դարում: Վերնագիրը ծագել է առասպելի իմաստուն հսկա հերոսի անունից, որը թարգմանաբար նշանակում է «Հանելուկների վարպետ»:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելը կառուցված է երկխոսությունների վրա, որի մասնակիցներն են հսկաներից ամենաիմաստունը՝ Վաֆթրուդնիրը և ասերի գերագույն աստված Օդինը: Աստվածները սկանդինավյան դիցարանում բաժանվում են երկու խմբի՝ ասեր և վաներ: «Վաֆթրուդնիրի խոսքը» երգի սկզբի հինգ տներում Օդինն իր կնոջ՝ Ֆրիգի հետ քննարկում է դեպի հսկաների աշխարհը կատարվող արշավանքի նպատակահարմարության հարցը: Գերագույն ասը՝ ծպտված Գագնրադ (Հաղթանակը կարգավորող) անվան տակ, ներկայանում է հսկա Վաֆթրուդնիրի ապարանք: Սկսվում է մրցամարտ-բանավեճը, և հակառակորդները փոխադարձ հարց ու պատասխանի միջոցով փորձում են պարզել, թե ով է նրանցից ամենախելացին: Այդ անսովոր մենամարտում պարտվողին մահ է սպասում: Այս հարց ու պատասխանի ժամանակ ի հայտ են գալիս բազմաթիվ նոր առասպելական մանրամասներ աստվածների, հսկաների, թզուկների և ընդհանրապես տիեզերական համակարգի բոլոր աշխարհների մասին: Դրամատիկ զարգացումներով համեմված և բանահյուսական հնչեղությամբ կատարյալ այս երգը նմանվում է մի համառոտ առասպելաբանական բառարանի: Վերջում հաղթում է Օդինը, քանի որ իմաստուն հսկա Վաֆթրուդնիրը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ էր շշնջացել գերագույն աստվածը իր քաջ զավակի ականջին, երբ կրակի էր տալիս նրան: Իսկ դա հայտնի չէր էլ ուրիշ ոչ ոքի:

Ու ոչ մի մարդ չի իմանա,
թե անցած-գնացած ժամին
դու քո որդուն ինչ ասացիր:
Իմ այս լեզվով մահագուշակ
քեզ պատմեցի հին օրերից
և վախճանից աստվածների,
Օդինի դեմ բանավեճում
ես պարտվեցի, արդ այսուհետ
ամենքից խելոքն ես հավետ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան: