Բարձրյալի խրատանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարձրյալի խրատանին
The Stranger at the Door.jpg
Տեսակչափածո շարադրանք
Ժանրառասպել
Մասն էսկանդինավյան Ավագ Էդդա էպոսի
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
ՇարքԱվագ Էդդա
Հրատարակված էCodex Regius?
Հրատարակման տարեթիվ1260
Hávamál Վիքիպահեստում

Բարձրյալի խրատանին (իսլ.՝ Hávamál), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի երկրորդ և ամենածավալուն երգը: Հին իսլանդերենում Háva նշանակում է բարձր, իսկ mál՝ խոսք: Երգը բաղկացած է 164 տնից: Չափածո խրատների այս ստվար ամբողջությունը հնչում է խորհրդավոր Բարձրյալ անունով հանդես եկող Օդինի բերանից: Սկալդները՝ սկանդինավյան գուսանները, սկզբնական շրջանում այս խրատները բանավոր կերպով ավանդել են հյուսիսեվրոպական գրեթե բոլոր ժողովուրդներին: Խրատանու պատգամները՝ վիկինգների այդ ինքնատիպ սահմանադրությունը, լայն կիրառություն են գտել սոցիալական բոլոր խավերի համար:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարձրյալի խրատանին» երգի առաջին 95 բանաստեղծական տները վերաբերում են հյուրընկալության կանոններին: Օդինն իր խրատների շարքում միշտ շեշտադրում է խելոքների և հիմարների հակադրությունը: Կյանքի համարյա բոլոր դրվագներում խելոքները կարողանում են օգտվել այդ խրատներից՝ ճիշտ ընկալելով դրանք և կիրառելով առօրյայում: Սկանդինավյան ժողովուրդները բնակվում են ցուրտ վայրերում, և Օդինը նախ խորհուրդ է տալիս հյուրին ջերմորեն դիմավորել, ներս հրավիրելուց հետո առաջին հերթին նրան տեղ տալ տանը վառվող կրակի մոտ, ապա հոգալ ուտելիքով հյուրասիրելու և տաք հագուստ տալու մասին: Խրատների մի մասը վերաբերում է տանտիրոջը, մի մասը՝ հյուրին: Հյուրընկալվողներին բարձրյալ Օդինը խորհուրդ է տալիս շատախոսությամբ չզբաղվել, գարեջուր չափից ավելի չխմել: Չի կարելի նաև մեկի տանը երկար հյուրընկալվել, քանի որ այդպիսով նա կդառնա անցանկալի ու աներես կհամարվի:

84-րդ տնից խրատները փոխում են իրենց բնույթը, և հիմնականում խոսվում է կանանց հանդեպ սիրո մասին: Նա հայտնում է, որ չի կարելի տեղի տալ կանանց գայթակղություններին, այլ պետք է միշտ սթափ և զգոն լինել: Սակայն անաղարտ սիրո մաքուր զգացմունքը գովելի է գերագույն աստծո համար, և նա արգելում է որևէ մեկին մեղադրել՝ սիրելու համար, քանի որ «խելոքն էլ է հանգրվանում սիրո խճճված ոստայնում, և իմաստունն էլ է խենթանում, անմիտ մանչուկի վերածվում անհագ սիրո հզոր գրկում»:

138-145-րդ տներում գովերգվում է իմաստնությունը և նրան ձգտելը: Իր օրինակով Օդինը պատմում է, թե ինչպես է հանուն իմաստնության ինքը՝ գերագույն աստվածը ինքնազոհողության գնացել և ինչպիսի դժվարություններ ու զրկանքներ է կրել. Իգդրասիլ անունով հացենին համարվում էր տիեզերական ծառը, որի ճյուղերին գտնվում էին աստվածների, մարդկանց ու մյուս էակների բնակավայրերը՝ աշխարհները: Իսկ արմատներում էր Հել անդրաշխարհը: Եվ ահա, Օդինը ժամանակին իրեն գամել էր այդ ծառի վրա, որպեսզի արմատներում պահվող իմաստնության աղբյուրից ստանար խորհրդավոր ռուների (ծածկագրերի) գաղտնիքը: Հանուն իմաստնության Օդինը զոհաբերում է նաև իր մեկ աչքը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան: