Վարչական ակտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վարչական ակտ» եզրույթը համեմամատաբար նոր է հայրենական իրավական համակարգում և, ըստ էության, ներկայումս համարվում է դեռևս բավարար խորությամբ չուսումնասիրված, իսկ վերջինս ավադաբար տրվող բնորոշումները չեն համապատասխանում վարչական ակտի բնորոշման միջազգային չափանիշներին։ Վերջինս իր օրենսդրական բնորոշումը ստացավ և շրջանառության մեջ դրվեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004թ. փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի ընդունմամբ, որը վարչարարության համակարգը մեկ միասնական իրավական ակտով կարգավորելու առաջին փորձն է։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004թ. փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի[1] 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն։ Վերոնշյալ իրավական նորմերի համակարգային մեկնաբանությունից ելնելով և հիմք ընդունելով ներպետական օրենսդրությամբ վարչական ակտին տրված սահմանումը՝ կարող ենք եզրակացնել, որ հայրենական իրավական համակարգում վարչական ակտը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով` 1) վարչական ակտի կարևորագույն հատկանիշը վարչական մարմնի կողմից ընդունված լինելու հանգամանքն է։ Վարչական ակտն ընդունվում է հանրային իշխանությամբ օժտված իրավասու մարմնի (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի) կողմից օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավասությունների շրջանակներում[2]։ 2) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի լուծման նպատակով, կրում է անհատական բնույթ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձանց։ Այն վերաբերում է որոշակի ֆիզիկական կամ իրավաբանական անձի, այսինքն ունի հստակորեն որոշված հասցեատեր[3]։ Վարչական ակտը վերոնշյալ հատկանիշով տարանջատվում է նորմատիվ իրավական ակտից, որը նույնպես հանդիսանում է հանրային իրավունքի բնագավառում հանրային իշխանության մարմինների գործունեության արդյունք և օժտված է վարչական ակտին բնորոշ բոլոր հատկանիշներով, սակայն այն, ի տարբերություն վարչական ակտի, ուղղված է անձանց անորոշ շրջանակի[4], 3) վարչական ակտը վարչական մարմնի կողմից ընդունվում է միակողմանիորեն, այսինքն՝ վարչական ակտի հասցեատերը վարչական մարմնի կամարտահայտության վրա փոխազդելու որևէ հնարավորություն չունի։ Դրա փոխարեն վերջինս կարող է օրենքով սահմանված կարգով վիճարկել վարչական ակտի իրավաչափությունը, 4) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն։ Արտաքին ներգործության հասկացության ներքո նկատի է առնվում այն հանգամանքը, որ վարչական ակտով շոշափվում են այն անձանց իրավունքներն ու պարտականությունները, ովքեր տվյալ ակտն ընդունած վարչական մարմնի հետ ներգերատեսչական հարաբերությունների մեջ չեն գտնվում, 5) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում։ Տվյալ դեպքում նկատի են առնվում այն հարաբերությունները, որոնք բացառապես առնչվում են իմպերատիվ նորմերով կարգավորվող և քաղաքացիաիրավական ոլորտից դուրս գտնվող բնագավառին[5], 6) վարչական ակտն ընդունվում է իրավաբանական նշանակություն ունեցող տարբեր փաստաթղթերի՝ որոշման, հրամանի, կարգադրության կամ այլ իրավական ակտի տեսքով ։ Վարչական ակտի վերոնշյալ հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար։ [6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀՊՏ 2004/18(317), 31.03.2004թ., ընդունվել է 18.02.2004թ., ուժի մեջ է մտել 31.12.2004թ.:
  2. Россинский Б. В., Старилов Ю. Н., Административное право.4-ое изд.,, пересмотр, и доп.-Москва., Норма, 2009. Էջ 437.
  3. «Հարցեր և պատասխաններ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան, 2015թ., էջ 138։
  4. Россинский Б. В., Старилов Ю. Н., Административное право. 4-ое изд., пересмотр, и доп.-Москва.: Норма, 2009. էջ 439
  5. Դանիելյան Գ. Բ., Վարչականվարույթևդատավարություն։ Ուսումնականձեռնարկ, Երևան, «ՏիգրանՄեծ» հրատ., 2011, էջ 86
  6. Россинский Б. В., Старилов Ю. Н., Административное право. 4-ое изд., пересмотр, и доп.-Москва.: Норма, 2009. էջեր 438-439.