Վահրամաբերդի մանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահրամաբերդի մանիներ, քնարական բանահյուսության տեսակ, ժողովրդական խաղիկներ, որոնք ստեղծվել են Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովրդի քնարական բանահյուսության մեջ առանձնակի տեղ ունեն ժողովրդական խաղիկները։ Ղեոնդ Ալիշանը «Հայոց երգք ռամկականք» ժողովածուում ներկայացրել է տարբեր նմուշներ։ 1904 թվականին «Արարատ» ամսագրում, հետո նաև գրքով լույս Է տեսել Մ.Աբեղյանի «ժողովրդական խաղեր» ուսումնասիրությունը։ Աբեղյանը այդ երգերը անվանում է խաղ, նաև տաղ։ Խաղ բառն ունի նաև պար նշանակությունը, քանի որ այդ նմուշները հիմնականում պարերգեր են[1]։ Ծագումով բոլոր խաղերը հանպատրաստից հանկարծաստեղծ հորինված երգեր են, ունեն փոքր ծավալ, հանգավոր ու ավարտուն միտք։ Շիրակի մարզի Վահրամաբերդ (Ներքին Ղանլիջա) գյուղի ասացողներից 150 խաղիկ է գրառվել, դրանք անվանել են նաև մանի, խանա, բոլոր պարի երգեր, վիճակի ու ջանգյուլումի երգեր[2]։

Մազեր ռւնիմ ծիրանի,
Չեմ տա հազար թումանի,
Կուտամ մե բազբգյանի,
Դնե սընդռւկն ու տանի։

Յայլավորը յայլեն Է,
Յարս վերի մայլեն Է։
Յայլա տեղը սարին Է,
Գլուխը չոր քարին Է։


Շիրակում ավանդույթ է եղել հարսանիքի օրվան նախորդող հինգշաբթին հարսնացուի բարեկամներից մեկի տուն գնալ և այն հայտարարել պարտուն (պարատուն)։ Երիտասարդները հավաքվել են, եղել է նաև նվագախումբ, սկսել են երգել ու պարել։ Բաժանվել են խմբերի, մի խումբը մանի է հորինել, մյուսը պատասխանել։

Առաջին խումբ

Կայնել ես' կաթ նմանիս,
Բացվել ես' վարդ նմանիս։
ճրագ էրեք, լուս էրեք,
Չխաղցողին դուս էրեք։
Կարմընջի քարը փուխ է,
Ցարիս աչքերը թուխ է։

Երկրորդ խումբ

Ճերմակ ծաղիկ սվսվան,
Ես ու յարս սեյրի բան։
Ես ղուշ եմ ՝ թևս դեղին,
Ման գուկամ յարիս գեղին։
Պարբաշի՜, պարիդ աշե,
Ետ դառի՝ յարիդ աշե։
Կարմընջի քարը չալ-չալ
Յարիս աչքերը չախալ։

Բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտները գոյություն են ունեցել մինչև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։ Երգն ու պարը առօրյա կենցաղային հոգսերից կտրվելու հնարավորություն էր։ Բացի երիտասարդներից, պարատուն էին այցելել նաև տարիքով մեծ կանայք։ Հասակավոր կանայք պարտներ են գնացել ու ներկա եղել երգ ու պարին հիմնականում հարսնացու ընտրելու համար, միաժամանակ սովորեցրել են երիտասարդներին մանիներ հորինել ու երգել։

  • Մանիներն ունեցել են հումորային երկխոսության բնույթ՝ արտահայատելով երիտասարդների մտերմիկ ու ջերմ փոխհարաբերությունները։

Աղջիկներն իրենց սիրեցյալներին կամ սիրահետող երիտասարդներին դիմել են զվարթ երկտողեր հիշեցնող խաղիկներով։

Տղաներ

Հերիք խոսաս ըծերեն,
Կլըմանիս քոռ մկներեն։
Հերիք խոսաս գյավազա,
Լոզըդ բերնեդ կվազա։
Հերիք խոսաս, հեր ունիմ,
Ամեն մազիս տեր ունիմ։

Աղջիկներ

Ջեբիս բերանը պուտ-պուտ,
Տղոնցը կանչեմ կուտ-կուտ։
Ելա երդիկ՝ խոտ թափի,
Քեզ մե խնձորով խաբի։
Տղա՛, արի բան ըսեմ,
Քյանքյուլդ օսկուց հուսեմ։

  • Որոշ մանիներ ստացել են առած-ասացվածքի նշանակություն, այժմ էլ գործածական են առօրյա խոսքում․

Աղբուրն ուրախ ՝ ջուրն անուշ,
Ախպոր պայած քուրն անուշ։

Օսկին ի՞նչ է, մանղըր է,
Բանըմ օր գինը ծանդըր է։


  • Մանիների մի խումբ էլ արտահայտում է հավատքն ու սերն առ սուրբ գրքերը։ Հայտնի է, որ Վահրամաբերդում են պահվել մի քանի ավետարաններ՝

«Կարմիր Ավետարանը» և «Շեկ Ավետարանը», մինչև հիմա այնտեղ են պահվում «Նարեկ» և «ճաշոց գիրք» սուրբ գրքերը[3]։

Ավետըրան ուխտ էրի,
Սրտիս ուզածը ճարի։

Արև դըբավ գերանին,
Մեռնիմ ավետըրանին,
Մազերս հուսի, ուխտ էրի,
Ախպըրտանցս ջուխտ էրի։


Ջրի ավազին մեռնիմ,
Գինու կարասին մեռնիմ,
Բանակ գնացող յար ջան,
Սրտիդ մուրազին մեռնիմ։
Դանակը բողկից ելավ,
Իմ յարը պոլկից ելավ։
Կայնա քարին ղուշ էղա,
Անտեր չալին դուշ էղա,
Կորցրել եմ թառլանս,
Կանչի, մալամիշ էղա[4]։


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ․Ավետիսյան, Վահրամաբերդ գյուղի քնարական բանահյուսությունը․ մանիներ, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, հ․9, 2006։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Աբեղյան, ժողովրդական խաղիկներ, Երևան, 1940, էջ51-53։
  2. Հ․Գալստյան, Վահրամաբերդ գյուղի քնարական բանահյուսությունը. մանիներ, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ , 2006, հ․9, էջ 186
  3. Հ․ Ավետիսյան, նշվ․ աշխ․, էջ 188
  4. Հ․ ավետիսյան, նշվ․ աշխ․, էջ 189։