Վազգեն Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Համբարձումյան
Ծնվել էհունիսի 20, 1947(1947-06-20) (76 տարեկան)
ԾննդավայրՄաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, բանասեր և լեզվաբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Վազգեն Գուրգենի Համբարձումյան (հունիսի 20, 1947(1947-06-20), Մաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, բանասեր, լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի գրողների միության անդամ (2013)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Համբարձումյանը ծնվել է 1947 թվականի հունիսի 20-ին, Թալինի շրջանի Մաստարա գյուղում։ 1965 թվականին ավարտել է Մաստարայի միջնակարգ դպրոցը։ 1965-1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1970-1973 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1973 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, եղել է ավագ լաբորանտ, այնուհետև կրտսեր և ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող։ 1979 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հովհաննես Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը» թեմայով, 1991 թվականին՝ «18-19-րդ դդ. գրաբարի գործառությունը և կառուցվածքը» թեմայով դոկտորական ատենախոսություն և ԽՍՀՄ ԲՈՀ-ի հաստատումով ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի, այնուհետև՝ դոկտորի գիտական աստիճան։ 1993-2004 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հայերենի տերմինաբանության և խոսքի մշակույթի բաժնի վարիչ, այնուհետև հայերեն գիտատեխնիկական տերմինաբանության ուսումնասիրության թեմատիկ խմբի ղեկավար, 2011-2013 թվականներին եղել է ինստիտուտի տնօրեն, այնուհետև՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ[2], ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչը[3]։

Հեղինակ է բազմաթիվ գրքերի, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, հայերեն և այլ լեզուներով գիտական հոդվածների։ Հրապարակել է ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ «Գրաբարի ինքնուսույց» (Երևան, 1999, 241 էջ), «Գրաբարի ձեռնարկ» ( Երևան, 2004, 176 էջ), «Լատիներենի դասագիրք» ( Երևան, 2007, 360 էջ) և այլն։ Զբաղվում է հայերենի նախագրային շրջանի տարբերակային քննության հարցերով, կատարում լրացումներ և ճշգրտումներ հայերեն ստուգաբանական բառարանի մեջ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի ազգային գրադարանի գիտական խորհրդի անդամ
  • Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի անդամ
  • Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ
  • ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում գործող ԲՈՀ-ի 019 ( Ժ. 02.01.«Հայոց լեզու») և 009 (02.08. «Ռոմանական լեզուներ». վերջինիս գիտության դոկտորների թվի համալրման կարգով) գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների անդամ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Մամիկոնյան, Տարոնի պատմության լեզուն և ոճը, Երևան, 2013։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը. «Հայոց լեզվի պատմության հարցեր», պրակ 1, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1981, էջ 112-211։
  • XVII-XIX դդ. գրաբար ճարտասանական երկերի տերմինաբանությունը, «Հայոց լեզվի պատմության հարցեր», պրակ 2, ՀԽՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1985, էջ 257-317։
  • Գրաբարի գործառությունը որպես գրական լեզու ԺԸ-ԺԹ դդ., Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1990, 412 էջ։
  • Հայոց լեզվի դասական ուղղագրության հիմունքները, Երևան, «Մ. Վարանդյան» հրատ., 1993, 68 էջ։
  • Ակնարկներ Հայոց լեզվի համեմատական բառագիտության, պրակ 1, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1998, 56 էջ։
  • Գրաբարի ինքնուսույց, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1999, 241 էջ։
  • Հայերեն աստված բառի ծագումն ու տիպաբանությունը, Երևան, «Զանգակ- 97» հրատ., 2002, 48 էջ։
  • Գրաբարի ձեռնարկ, Երևան, «Զանգակ- 97» հրատ., 2004, 176 էջ։
  • Ակնարկներ Հայ բառարանագրության պատմության (XVII դ. վերջ- XIX դ.), հ. 1, Երևան, «Զանգակ- 97» հրատ., 2006, 140 էջ։
  • Ակնարկներ Հայոց լեզվի համեմատական բառագիտության, պրակ 2, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2007, 64 էջ։
  • Մայրենի լեզվի զրուցարան, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2007, 80 էջ։
  • Լատիներենի դասագիրք, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2007, 560 էջ։
  • Լատինաբան հայերենի պատմություն (14-18-րդ դդ.), Երևան, «Նաիրի» հրատ., 2010, 372 էջ։
  • Հարյուր թելադրություն, Երևան, «Էդիթ-պրինտ» հրատ., 2010, 104 էջ։
  • Հայերենի բառաքննական և ստուգաբանական ուսումնասիրություններ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», հրատ., Երևան, 2012, 172 էջ։
  • Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», հրատ., Երևան, 2013, 224 էջ։
  • Armenian and Indo-European. Essays on Comparative Lexicology of the Armenian Language, Yerevan, “Zangak-97”, 2014, 183 page

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմեոն Կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Երևան, 2003։
  • Ս. Գրիգոր Լուսաորիչ, Յաճախապատում ճառեր, Թեհրան, 2003։
  • Հովհաննես Օձնեցի, Երկեր, Երևան, 1998։
  • Տոն մեր սուրբ թարգմանիչների, Ս. Էջմիածին, 2003։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ, 2013
  • ՀՀ Ազգային ժողովի «ՀՀ Ազգային ժողովի «Պատվո մեդալ», 2012
  • ՀՀ ԳԱԱ «Պատվոգիր», 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վազգեն Համբարձումյանի մասին ՀԳՄ կայքում
  2. «Վազգեն Գուրգենի Համբարձումյան». aspu.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Համբարձումյան Վազգեն | language.sci.am». language.sci.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.