Սրտաբանության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Տեսակինստիտուտ
Հիմնադրված է1961
ՏիպԳիտահետազոտական ինստիտուտ
ՆախագահՍամվել Հովհաննիսյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՊարույր Սևակ, շենք 5, Երևան, Հայաստան

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ, Սրտաբանության ինստիտուտ, Լևոն Հովհաննիսյանի անվան գիտահետազոտական հիմնարկություն Երևանում, հիմնադրվել է 1961 թվականին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում, ՀԽՍՀ ԳԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի սրտաբանության բաժանմունքի (1953) և ռենտգենաբանության ու ուռուցքաբանության ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի (1958) հիմքի վրա։ Մինչև 1969 թվականը անվանվել է սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտ։ 1966-1991 թվականներին ՀԽՍՀ առողջապահության նախարարության համակարգում էր։ 1975 թվականին ինստիտուտից առանձնացել էր ԽՍՀՄ առողջապահության նախարարության փորձառական և կլինիկական վիրաբուժության ինստիտուտի հայկական մասնաճյուղը։2005 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N1323-Ա որոշմամբ վերակազմակերպվել է որպես «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման օրից հաստատության մասնագետները կատարել են սրտաբանության կարևորագույն թերապևտիկական, վիրաբուժական, տեսական հետազոտություններ։ Ներկայումս ինստիտուտը իր կիրառական և գիտական ներուժը կենտրոնացրել է այնպիսի կարևոր խնդիրներ լուծելու բնագավառում, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը, սրտային անբավարարությունը, զարկերակային գերճնշումը և սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդությունների ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը։ Հայաստանում այս խնդիրների լիակատար լուծմանը շատ է օգնում և այն պարագան, որ ինստիտուտն օժտված է Հանրապետական սրտաբանական դիսպանսերի գործառույթներով և իրավունքներով, Հայաստանում սրտաբանության ծառայություն ստեղծելու գործուն կազմակերպիչ է և ղեկավար օղակ։

Գիտագործնական ծավալուն աշխատանքներից զատ ինստիտուտը մեծ գործ է կատարում մասնագետներ պատրաստելու, որակավորելու բնագավառում։ Սրտաբանության ԳՀԻ-ն երկրին տվել է մոտ 30 գիտությունների դոկտոր, գիտությունների 200 թեկնածու։ Ինստիտուտի աշխատանքն ամփոփվել է 70 մենագրություններում, մեթոդական 300 ցուցումներում, գրեթե 40 հայտնագործություններում, արդյունավետացման 110 առաջարկություններում, մի քանի հազար հոդվածներում, միջազգային համագումարների բազմաթիվ զեկույցներում։ Կոլեկտիվը մեծ աշխատանք է կատարում Հայաստանի սրտաբանների ասոցիացիայում, Սրտի համաշխարհային ֆեդերացիայում և Եվրոպական սրտաբանների ընկերությունում։ Ինստիտուտի գիտական և կիրառական նվաճումները մշտապես արժանացել են բարձր գնահատականների։

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնական նպատակն է առողջապահական գործունեությունը, բուժօգնությունը և սպասարկումը սրտաբանության ոլորտում, որը ներառում է.

  • կարճատև և երկարատև դիսպանսերային հետազոտություններ
  • ֆունկցիոնալ ախտորոշման ժամանակակից մեթոդների ներդրում
  • բուժման նորագույն մեթոդների մշակում և ներդրում
  • գիտաբժշկական հետազոտությունների իրականացում

Լաբորատորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտաբանության ԳՀԻ կառուցվածքը ընդգրկում է հետևյալ բաժանմունքները և ախտորոշիչ լաբորատորիաները՝

  • Սրտամկանի սուր ինֆարկտի բաժանմունք
  • Սրտային անբավարարության բաժանմունք
  • Զարկերակային հիպերտոնիայի բաժանմունք
  • Քրոնիկ իշեմիկ հիվանդության բաժանմունք
  • Առիթմիայի բաժանմունք
  • Կանխարգելիչ սրտաբանության բաժանմունք
  • Ռևմատոլոգիայի և հոդաբանության բաժանմունք
  • Ռադիոիզոտոպային լաբորատորիա
  • Ռենտգենոլոգիայի լաբորատորիա
  • Հեմատոլոգիայի լաբորատորիա
  • Կենսաքիմիայի լաբորատորիա
  • Իմունաբանության լաբորատորիա
  • Պաթոմորֆոլոգիայի լաբորատորիա

Սրտաբանության ԳՀԻ-ն համալրված է ժամանակակից ուլտրաձայնային 4-D քառաչափական սարքավորումով և SPECT խցիկով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png