Ստեփան Չորլյան
Ծնվել է | 13 մարտի, 1854 |
---|---|
Ծննդավայր | Մունջուսուն, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ |
Մահացել է | 15 մայիսի, 1921 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարան |
Մասնագիտություն | դեղագործ |
Ստեփան Չորլյան (13 մարտի, 1854, Մունջուսուն, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ- 15 մայիսի, 1921), հայ դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1854 թվականի մարտի 13-ին Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Մունջուսուն գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում։ Մեկնել է Թուրքիայի եվրոպական մասում ապրող ազգականի մոտ և շարունակել ուսումը։ 1873-76 թվականներին ուսանել է Կ․ Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարանում։ 1876 թվականին վերադարձել է ծննդավայր և դեղատուն հիմնել։ Շուտով դարձել է գյուղի հմուտ դեղագործն ու բժիշկը։ 1880 թվականին փոխադրվել է Կեսարիա և Ուզուն Չարշըում («Երկար շուկա») դեղատուն բացել։ Կարճ ժամանակից նվաճել է տեղի բնակչության համակրանքը։
1900 թվականին, տեսնելով Կեսարիայի Ավետիսականների բեմը դատարկ, կիրակի օրերը քարոզներ է տվել և հավատացյալ ժողովրդին գոհացրել։ 1903 թվականին անբասիր գործունեության համար երախտապարտ հավատացյալներից ոսկեզօծ Աստվածաշունչ է նվեր ստացել։ 1907-1908 թվականներին Թալասի ամերիկյան հիվանդանոցի դեղատանը դեղագործ է աշխատել և օգնել բժիշկ Դադդին։
1910 թվականին մեկնել է Եգիպտոս և մեկ տարի մնացել Ալեքսանդրիա քաղաքում՝ եղբոր մոտ։ 1911 թվականին, վերադառնալով Սեթեն Էոնյու, Իսպենջյան դեղատան տնօրեն է աշխատել։ Հաճախ գնացել է մոտակա գյուղերը՝ քարոզելու, բժշկելու, աղքատներին դեղ բաժանելու։ 1913 թվականին գնել է Բեորեկջի Չարշըսըում («Գաթայա գործների շուկա») Գալթաքճյաններին պատկանած դեղի մթերանոցը։
1915 թվականի տեղահանության ժամանակ, կառավարության հրամանով, Ս. Չորլյանի ընտանիքն ու ազգականները չեն աքսորվել։ Պատերազմի ընթացքում աշխատել է Կեսարիայում։ 1917 թվականի հուլիսին Մունջուսուն-Կեսարիա ճանապարհին գողերը կողոպտել և դանակահարել են նրան։ Մահից փրկվել է հրաշքով։ 1920 թվականի վերջերին ձերբակալվել է որպես հեղափոխական և բանտարկվել ի թիվս մի շարք ակնառու անձանց։ Մեկ ամսից ազատ է արձակվել՝ առողջությունը իսպառ քայքայված և հիվանդ վիճակում։
Մահացել է 1921 թվականի մայիսի 15-ին՝ 67 տարեկանում։ Կինը և երեք աղջիկները տեղափոխվել են Ալեքսանդրիա։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։