Սպիտակաբեղ շահրիկ
Սպիտակաբեղ շահրիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Sylvia mystacea Menetries, 1832 |
||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
|
Սպիտակաբեղ շահրիկ (լատ.՝ Sylvia mystacea), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր շահրիկ է, պոչը՝ երկար, մուգ, ոտքերը՝ բաց գույնի։ Արուի մարմինը վերևից մոխրագույն է, ներքևից՝ բաց վարդագույն։ Գագաթը և դիմային մասը սև են, աչքերը՝ կարմրավուն, ակնօղակը՝ բաց կարմիր, ունկընկալի տակ կա սպիտակ շերտ։ Էգի մարմինը վերևից դեղնա–դարչնագույն է՝ մոխրագույն երանգով, ներքևից՝ ավելի բաց գույնի, ակնօղակը՝ սպիտակ։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխույժ է, վտանգ ահազանգող աղմկոտ ձայնը ճռռոցներ է հիշեցնում։ Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով, սերմերով։
Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսից։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի վերջից։ Բազմաթիվ արուների երգը լսվում է մայիսից հունիս, կրկնակի բնադրման դեպքում կարող է ձգձգվել մինչև հուլիսի 1-ին կեսը։ Ակտիվ հարսանեկան խաղերը նկատվում են մայիսի սկիզբ-հունիսին, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հուլիսի սկիզբը։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիս-հունիսին։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 100-110 մմ)՝ չոր խոտաբույսերից (հիմնականում եղեսպակից), մազարմատներից, ձիու մազից։ Բնադրում է թփուտներում, կառուցում են էգը և արուն։ Կառուցման ավարտից 1-3 օր անց հայտնվում են առաջին ձվերը։ Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակից բաց ձիթապտղագույն՝ դարչնագույն պտերով 4-5 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 12-13 օր։ Ձագերը հայտնվում են հունիսի կեսերից հուլիսի 1-ին տասնօրյակը, զարգանում են շատ արագ և 11-12-րդ օրը ակտիվ ու ճարպիկ կիսաթռիչքով թաքնվում են մոտակա թփուտներում, ևս 1 շաբաթ ծնողների հսկողությամբ ձեռք են բերում աներեր թռչելու ունակություն և կազմում երիտասարդ թռչունների ընտանեկան խմբեր։ Ձագերին կերակրում են էգը և արուն, ջրի պահանջը բավարարում են ուղտափշի վրայի փրփրանման հեղուկը (միջատների արտազատուկ) կտուցով ձագերին փոխանցելով։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի ընթացքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|