Սպասարկու բառեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպասարկու բառեր, նյութական (առարկայի, հատկանիշի) իմաստ չունեցող բառեր, որոնք արտահայտում են քերականական (առավելապես շարահյուսական) հարաբերություններ։ Սպասարկու բառերն առաջանում են նյութական իմաստ ունեցող բառերից, երբ սրանք աստիճանաբար կորցնում են նյութական իմաստը, և հարաբերության իմաստը դառնում է առաջնային, հաճախ՝ միակը։ Իրենց իմաստային ու կիրառական յուրահատկության պատճառով սպարարկու բառերը նախադասության անդամ չեն լինում։ Սպասարկու բառեր են կապերը, շաղկապները, բառ-մասնիկները, օժանդակ բայերը, անկախ գործածություն ունեցող հոդերը։ Սպասարկու բառերի առանձին տեսակներ ունեն նաև իմաստաքերականական յուրահատկություններ։ Կապերն արտահայտում են բառերի ստորադասական հարաբերություններ (պայքարել հանուն առաջադիմության), շաղկապները՝ բառերի, բարդ նախադասության բաղադրիչների, ինչպես և ինքնուրույն նախադասությունների հարաբերություններ։ Սպասարկու բառերի կա՛մ նյութական իմաստ ունեցող բառի հետ միասին հանդես են գալիս որպես քերականական վերլուծական միավորի բաղադրիչ (կապ, օժանդակ բայ, հոդ), կա՛մ առհասարակ չեն մտնում նախադասության անդամի կազմի մեջ (շաղկապ)։ Սպասարկու բառերը գերազանցապես ունեն գործածության մեծ հաճախականություն և խոշոր դեր են կատարում նախադասության կառուցվածքի մեջ։ Նախադասության ձևավորման գործում առանձնապես մեծ է օժանդակ բայերի դերը [եմ, ես, է, դառնալ (վարպետ դառնալ՝ վարպետանալ), տալ (վազել տալ՝ վազեցնել)]։ Բայական համակարգում սպասարկու բառերը կարելի է համարել անջատ հանդես եկող եղանակիչները (պիտի, որը բարբառներում ունի իր տարբերակները՝ տի, պտի և այլն)։ Սպասարկու բառեր առանձնապես մեծ դեր ունեն վերլուծական կառուցվածքի լեզուներում և համեմատաբար փոքր դեր՝ թեքական լեզուներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 57