Jump to content

Խորվաթիայի բնական պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:14, 31 Մայիսի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խորվաթիայի բնական պատմության թանգարան
Տեսակբնագիտական թանգարան, թանգարան և մշակութային կառույց
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
ՀասցեДеметрова 1
Հիմնադրվել է1986
Այցելուներ23 143 մարդ (2014)[1]
Կայքhpm.hr(խորվ.)
Քարտեզ
Քարտեզ

Խորվաթիայի բնական պատմության թանգարան (խորվ.՝ Hrvatski prirodoslovni muzej, թանգարան Զագրեբ քաղաքում, բնական պատմության ամենահին և ամենամեծ թանգարանը և բնական պատմության հետազոտության, պահպանման և ցուցանմուշների հավաքագրման հիմնական հաստատությունը Խորվաթիայում[2]։ Թանգարանը գտնվում է Դեմետրովա 1 հասցեում՝ Խորվաթիայի մայրաքաղաքի Գորնի-գրադ (խորվ.՝ Gornji grad) հնագույն թաղամասերից մեկում։ Այն ունի Խորվաթիայի ամենամեծ թանգարանային հավաքածուներից մեկը՝ մեկ միլիոն արտեֆակտներով, այդ թվում՝ ավելի քան 1,1 միլիոն կենդանիներով: Հիմնադրվել է 1846 թվականին որպես «Ազգային թանգարան»։ Ավելի ուշ Ազգային թանգարանը բաժանվել է հինգ թանգարանների, որոնցից երեքը միավորվել են 1986 թվականին՝ որպես Խորվաթիայի նորաստեղծ բնական պատմության թանգարանի բաժիններ։ Թանգարանում գործում է մեծ գիտական գրադարան, որը բաց է հանրության համար և հրատարակում է Խորվաթիայի բնական պատմության առաջին գիտական ամսագիրը՝ Natura Croatica:

Խորվաթիայի բնական պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է հանքաբանական, ժայռաբանական և կենդանաբանական հավաքածուներից, ինչպես նաև գավիթում գտնվող երկու մշտական ցուցանմուշներից՝ Խորվաթիայի քարե քարտեզը և Երկրաբանական սյունը: Այստեղ են գտնվում Կրապինայի նեանդերթալյան մարդու մնացորդները:

Պատմություն

Թանգարանային հուշատախտակ

Խորվաթիայի բնական պատմության թանգարանի պատմությունը սկսվում է 1846 թվականի սեպտեմբերի 10-ից այսպես կոչված «Ազգային թանգարանի» (խորվ.՝ Narodni muzej) Խորվաթիայի հետ կապված պատմական և նախապատմական առարկաների առաջին թանգարանի հիմնադրմամբ[3]: 1867 թվականին այն տեղափոխվում է իր ներկայիս շենքը[4]։ 19-րդ դարի վերջում Ազգային թանգարանը մեծացել է և բաժանվել է հինգ նոր թանգարանների։ Դրանցից երեքն ընդգրկել են բնական պատմությունը՝ Խորվաթիայի ազգային կենդանաբանական թանգարանը (խորվ.՝ Hrvatski narodni zoološki muzej), երկրաբանական-պալեոնտոլոգիական թանգարանը (խորվ.՝ Geološko-paleontološki muzej) և Հանքաբանական-պետրոգրաֆիական թանգարանը (խորվ.՝ Mineraloško-petrografski muzej): Երեքն էլ տեղակայված են եղել Դեմետրովա փողոցի թիվ 1 շենքում, իսկ 1986 թվականին դրանք միավորվել են Խորվաթիայի բնական պատմության թանգարանում[3]:

Թանգարանի ներկայիս շենքում նախկինում տեղակայված է եղել Ամադեո թատրոնը՝ Զագրեբի առաջին թատրոնը[3][5]։ Ստեղծվել է 1797 թվականին Զագրեբի մեծ ժուպան Անտալ Ամադե դե Վարկոնիի կողմից, գործել է մինչև 1834 թվականը։ 2000 թվականին Ամադեո թատրոնը վերագործարկվել է ամենամյա ամառային թատերական ներկայացումների շարքով, որը կոչվում է Scena Amadeo և անցկացվում է թանգարանի գավթում[6][7]:

Գրադարան

Թանգարանում գործում է մեծ գրադարան, որը բաց է հանրության համար: Նրա ամենահին գրքերը տպագրվել են Իտալիայում, 17-րդ դարում։ Գրադարանում պահվող ամենահին աշխատանքները ներառում են Ուլիս Ալդրովանդիի, Նիկոլո Գուալտիերիի և Կառլ Լիննեյի աշխատանքները[8][9]։ Գրադարանը հիմնադրվել է 1868 թվականին թանգարանի նորանշանակ տնօրեն Սպիրիդիոն Բրուսինայի կողմից։ Այն սկսել է գործել Ազգային գրադարանից գնված աննշան հավաքածուի հիման վրա, որտեղ առկա է եղել կենդանաբանության վերաբերյալ ընդամենը երեք գիրք: Բրուսինան ճանապարհորդել է այն ժամանակվա Ավստրո-Հունգարիայի տարածքում՝ գրքեր հավաքելու նպատակով: 1875 թվականին թանգարանը ձեռք է բերել Սպլիտի (Խորվաթիա) բժիշկ և հնագետ Ֆրանչեսկո Լանզայի մեծ գրադարանը և բնական պատմության հավաքածուն։ Բրուսինան հրաժարական է տվել 1901 թվականին՝ երեք տարի առաջ հայտնելով, որ գրադարանի հավաքածուն կազմում է 1800 աշխատանք՝ 3948 հատորով։ 1928 թվականին արձանագրվել է, որ գրադարանին է պատկանում 5838 գիրք՝ 9901 հատորով։ Քանի որ Խորվաթիայի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ գրադարանը մասնագիտորեն չի սպասարկվել, այդ ժամանակից ի վեր չի գույքագրվել, հայտնի չէ, թե քանի գիրք է այնտեղ պահվում: 1999 թվականի տվյալներով Խորվաթիայի բնական պատմության թանգարանի գրադարանում առկա է եղել 30000 հատոր և 13100 մենագրություն[9]։

Ամսագրեր

1885 թվականին Բրուսինան հաջողությամբ նախաձեռնել է հրատարակելու Խորվաթիայի բնական պատմության միության հանդեսը (խորվ.՝ Glasnik Hrvatskoga naravoslovnoga družtva)[9]։ Ամսագիրը հրատարակվել է 1972 թվականից Bioicum Periodicum անվանումով և նվիրված է կենսաբանությանը և կենսաբժշկությանը, անտառային տնտեսությանը և կենսատեխնոլոգիային[9][10]: 1992 թվականին թանգարանը սկսել է հրատարակել Natura Croatica-ն՝ գրախոսվող կենսաբանական և երկրաբանական գիտական ամսագիրը[11]: Բնական պատմության ամսագիրը իր տեսակի մեջ առաջինն էր Խորվաթիայում՝ չնայած յոթ բնական պատմության թանգարանների գոյությանը[3]: Ամսագիրը հրատարակվում է եռամսյակը մեկ անգլերեն լեզվով և գրախոսվում է ինչպես խորվաթ, այնպես էլ օտարերկրյա գիտնականների կողմից[9]:

Ծանոթագրություններ

  1. Posjećenostmuzejau Hrvatskoj 2014. godineMuseum Documentation Center.
  2. «Poslanje muzeja» (խորվաթերեն). Zagreb: Museum Documentation Centre. Արխիվացված օրիգինալից 2015-10-09-ին. Վերցված է 2015-08-10-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Balabanić, Josip; Ćaleta, Darija; Vuković, Marijana Prirodoslovni muzeji i znanstveni rad(խորվ.) // Informatica Museologica. — Zagreb: Museum Documentation Centre, 1999. — Т. 29. — № 3—4. — С. 47—54. — ISSN 1849-4277. Архивировано из первоисточника 22 Նոյեմբերի 2015.
  4. «About the museum». Zagreb: Museum Documentation Centre. Արխիվացված է օրիգինալից 2015-09-06-ին. Վերցված է 2015-08-08-ին.
  5. «Postanak i ustrojstvo muzeja» (խորվաթերեն). Croatian Natural History Museum. Արխիվացված է օրիգինալից 2015-11-22-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  6. «O muzeju» (խորվաթերեն). Croatian Natural History Museum. Արխիվացված է օրիգինալից 2015-11-22-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  7. «Scena Amadeo za dobar večernji provod u Prirodoslovnom muzeju». Večernji list (խորվաթերեն). 2011-07-03. Արխիվացված օրիգինալից 2015-11-22-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  8. «Knjižnica» (խորվաթերեն). Croatian Natural History Museum. Արխիվացված է օրիգինալից 2015-10-19-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Ćaleta, Darija Iz povijesti knjižnice Hrvatskoga prirodoslovnog muzeja(խորվ.) // Informatica Museologica. — Zagreb: Museum Documentation Centre, 1999. — Т. 29. — № 1—2. — С. 45—50. — ISSN 1849-4277. Архивировано из первоисточника 1 Հոկտեմբերի 2015.
  10. «Periodicum biologorum». Hrčak. University of Zagreb. Արխիվացված օրիգինալից 2015-09-08-ին. Վերցված է 2015-08-14-ին.
  11. «Natura Croatica». Hrčak. University of Zagreb. Արխիվացված օրիգինալից 2015-11-22-ին. Վերցված է 2015-08-06-ին.