Մատնունի քարանձավային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:38, 29 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մատնունի քարանձավային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Մատնունի քարանձավային
Լատիներեն անվանում
Potentilla cryptophila


Մատնունի քարանձավային (լատին․՝ Potentilla cryptophila), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

10 սմ բարձրությամբ, գլխավոր հաստ առանցքային արմատով, բազմամյա գեղազարդային մետաքսանման առսեղմ թավոտությամբ, սպիտակավուն բույս է։ Երկար կոթերով արմատամերձ տերևները փոքր են, մատնաձև և կազմված են 5 հաստավուն հակաձվաձև տերևիկներից։ Ցողունային տերևները եռմասնյա են։ Սակավածաղիկ ծաղկաբույլը նոսր է։ Պտուղը բազմաընկույզիկ է։ Ծաղիկները 3-5–ն են, պսակաթերթերը և բաժակաթերթերը 5–ական են, սպիտակավուն, մուգ ծիրանագույն ջղերով[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Գեղամի (լեռնագագաթ՝ Սպիտակ սար), Դարեղեգիսի (լեռնագագաթ՝ Գոգի) և Զանգեզուրի (Դարաբաս գյուղից վերև) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Թալիշում և Իրանում (Էլբուրս)[1]։

Էկոլոգիա

Բույսը աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2800-3400 մ բարձրությունների վրա, քարքարոտ խճաքարոտ զառիթափ լանջերին, քարաթափվածքների և հրաբխային ապարների վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս–սեպտեմբերին[1]։

Պահպանություն

Վտանգված տեսակ է: Տարածման շրջանների մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանների մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.