Սուրեն Այվազյան (երկրագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սուրեն Այվազյան (այլ կիրառումներ)
Սուրեն Միքայելի Այվազյան
երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
4 օգոստոսի 1933 - 11 սեպտեմբերի 2009
Ծննդավայր Թբիլիսի,Վրաստան
Մահվան վայր Երևան,Հայաստան


Սուրեն Միքայելի Այվազյան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Ռուսական բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային ակադեմիայի, Մոնրեալի /Կանադա/ ակադեմիայի իսկական անդամ, 1961 և 1968 թթ. ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, 2006 թ. Չիժևսկու անվան մեդալի և 2007 թ. Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի ոսկե մեդալի դափնեկիր։ Այլ պարգևների շարքում, 2010 թ. ԼՂՀ (Արցախ) նախագահի կողմից նրան շնորհվել է “Երախտագիտություն” մեդալը՝ Արցախի ազատագրմանը մատուցած իր մեծ ծառայությունների համար։

Սուրեն Այվազյանի հետաքրքրությունների ընդգրկման շրջանակը շատ լայն էր. երկրաբանություն, գեոֆիզիկա, ֆիզիկա, քիմիա, պատմություն, լեզվագիտություն, քարտեզագրություն և այլն։ Նա մասնագետ էր զինվորական գիտության բնագավառում՝ մասնավորապես, ներկայումս գործող հակահրթիռային ռադիոլոկացիոն որսիչ համակարգի տեսության հիմնադիրներից է։ Նա Հայկական Ազատագրական Բանակի հիմնի հեղինակ է, գրող և բանաստեղծ։

Ընտանիք[խմբագրել]

  • Ծնվել է 1933 թ. օգոստոսի 4-ին Թբիլիսի քաղաքում։
  • Վախճանվել է 2009 թ. սեպտեմբերի 11-ին Երևանում։
  • Հայրը՝ Միքայել Սողոմոնի Այվազյանը, եղել է “Սովետական Վրաստան” թերթի գլխավոր խմագրի տեղակալ։
  • Մայրը՝ Վարդիթեր Պողոսի Հեքեքյանը, եղել է Ռոմանոս Մելիքյանի աշակերտուհին։
  • Եղբայրը՝ Հրաչյա Միքայելի Այվազյանը /1931-1998/, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Նյու-Յորքի գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ, ԳԱ Աշտարակի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հիմնադիրներից և ղեկավարներից մեկն էր։
  • Կինը՝ Լյուդմիլա Նիկոլայի Այվազյանը, մաթեմատիկոս։
  • Դուստրերը՝ Նունե - լեզվաբան; Գայանե - ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել]

1957 թ. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։ 1957-1959 թթ. աշխատել է որպես ինժեններ ՍՍՀՄ ԳԱ կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի Էլբրուսի արշավաղմբում։ Աշխատելով պաշտպանական թեմայով՝ ավագ եղբոր հետ միասին փորձարարությամբ հայտնաբերել է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում ալիքների երկարությունը՝ ճառագայթման առավելապես պղտոր միջավայրում անցման ժամանակ։ Այս հայտնագործությունը օգտագործվել է “Սոյուզ-Պ” և “Սոյուզ-ՊՊԿ” հրթիռների համար և արժանացել Պետական մրցանակի։ 1959 թ. աշխատել է Հայաստանի ԳԱ նախագահությունում։ 1959-60 թթ. վերծանել է ուրարտական սեպագրությունը և առաջին անգամ փորձել է ընթերցել այն հայերենով։ 1960 թ. ակադեմիկոս Վ. Ստրուվեի հանձնարարականով հրատարակվեց Սուրեն Այվազյանի “Հիքսոսները” աշխատությունը, որը նա համարում էր ուշադրության արժանի գործ՝ “Հիքսոսների” անվան իր յուրահատուկ ազգային բացատրությամբ։ Այս աշխատության մեջ Այվազյանը անդրադառնում է մ.թ.ա. 1710 թ. Եգիպտոսի գրավմանը։ Այդ օտար զորքերը եկել էին Արարատյան լեռնաշխարհից և իրենց անվանում են “հակ”, կամ դրա նման մի բան, քանի որ եգիպտական լեզվում չկան այդպիսի հնչյուններ, այնտեղ հալեցնելով մետաղ են ստանում, որից կարծրը աշխարհում չկա։ Արագավազ և ուժեղ կենդանիները, որոնք լծված էին մարտակառքերին և ամուր զենք ու զրահը և սրերը, որոնք եգիպտացիները երբեք չէին տեսել, նրանց արագ հաղթանակ բերեցին։ Այսպես է մ.թ.ա. IV դարում պատմում եգիպտական քուրմ Մանեթոնը։ Այվազյանը բազմաթիվ փաստերի հիման վրա ապացուցում է, որ “հիքսոսները” հնագույն հայերն են։ 1963 թ. հայտնաբերել և 1965-66 թթ. հնեաբանական արշավախմբի կազմում պեղումներ է կատարել մ.թ.ա. III-II հազարամյակների Մեծամորի հնագույն լեռնամետալուրգիական օբյեկտում։ 1963 թ. հրատարակել է “Հայկական սեպագրերի վերծանումը” ծավալուն գիտական աշխատությունը։ 1965 թ. հանդես է եկել նորագույն ֆիզիկային նվիրված հոդվածաշարով։ Առաջ է քաշել հնգաչափ համակարգի գաղափարը՝ Հնգաչափ կոնտինիումի կոորդինատների բացարձականության տեսություն։ 1966-67 թթ. հիմնել է գիտության նոր բնագավառ՝ միջուկային գեոքիմիական-վալենտական իզոտոպների նմանության շարքերը, որի շրջանակներում բացահայտել է տարրերի փոխադարձ փոփոխությունները։ 1968 թ. հիմնել է նյութերի ուսումնասիրման նոր ուղղություն՝ գեոինվերսիան, և առաջարկել է գեոինվերցիոն փորձարկումների անցկացում։ 1968 թ. Մոսկվայում հաջողությամբ պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի կոչում։ 1968 թ. Մեծամորի հայտնաբերման և պեղումների համար արժանացել է պետական մրցանակի։ Պարգևատրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատվոգրով։ 1969-1971 թթ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդ գիտնականների խորհուրդը։ 1972 թ. ՍՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է գիտության և տեխնիկայի պատմության գծով ավագ գիտաշխատողի կոչման։ 1972-73 թթ. ստեղծել է ֆիզիկական մաթեմատիկայի նոր ուղղություն՝ ռեգրավեկտորային անալիզ /գրավիտացիոն դաշտերի մաթեմատիկա/։ Անցկացրել է մի շարք փորձարկումներ ռադիոակտիվ վարակման, դեզակտիվացման և մագնիսական դաշտում լազերային ճառագայթի շեղման ուղղությամբ։ 1973 թ. հրատարակել է “Երկրագնդի կազմավորումը” մենագրությունը, որից հետո Մոսկվայում անցել է նախապաշտպանություն ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչման համար։ 1974 թթ. հայտնաբերել է նյութերի կոնցենտրացման /կուտակման/ պրոցեսները տիեզերական օբյեկտներում և ցույց է տվել Գալակտիկայի էվոլյուցիոն զարգացման ընթացքը գրավիտոնից մինչև նեյտրոնային աստղային օբյեկտները։ 1976 թ. դարձել է Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային ակադեմիայի իսկական անդամ գեոինվերսիաներին և տիեզերական երկրաբանությանը նվիրված հետազոտությունների շարքի համար։ 1978-80 թթ. գրել է «Զրադաշտի տիեզերքը» պատմավեպը։ 1980 թ. ստեղծել է “Հայաստանի պատմական քարտեզներ” ատլասը /50 քարտեզ/, որը ներառում է մ.թ.ա. 2107 թ. մինչև մ.թ. 428 թ.։ /քարտեզները ստեղծվել էին այդ տարիների Հայաստանի ՍՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանի նախաձեռնությամբ/։ 1968-1988 թթ. աշխատել է Հայգիպրոցվետմետում /գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում/ որպես գիտատեխնիկական ինֆորմացիոն բաժնի վարիչ, հրատարակել է ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուները և գիտական հաղորդագրությունները։ Ս.Այվազյանը առանձին ճանաչում ձեռք բերեց հատկապես 1978-1988 թթ., երբ նա ՍՍՀՄ ղեկավարներ Լ.Ի. Բրեժնևին, Ա.Ն.Կոսիգինին, Մ.Ս.Գորբաչովին բաց նամակներ ուղարկեց, որոնցում ընգրկված էր Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի տարածքների բուն հայկականությունը։ Իր եզրահանգումները նա հավաստում էր փաստական նյութերով։ Հետագայում Այվազյանը դարձավ Ղարաբաղյան շարժման ակտիվ գաղափարախոսներից մեկը։ Նա նախաձեռնեց ստորագրահավաք Արցախը Հայաստանին վերամիավորելու օգտին, ինչպես նաև կազմակերպեց դրամական միջոցների հանգանակություն ինքնապաշտպանության ջոկատները զենքով ու զինամթերքով ապահովելու համար։ 1989 թ. մայիսին Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է և մինչև 1993 թ. մարտ ամիսը անցկացրել բանտում /այդ թվում նաև ՍՍՀՄ ՊԱԿ-ի Լեֆորտովոյի մեկուսարանում/։ Այդ տարիներին՝ գտնվելով փականքի տակ, գրել է “Այր Հայրենյաց” պատմավեպը, “1001 հայրեն” բանաստեղծությունների շարքը, “Լեֆորտովյան տեսիլքներ” գրական շարքը։ Գտել և դուրս է բերել գրավիէլեկտրամագնիսական դաշտի միացյալ ցիկլը, որը կաղված է երկրագնդի միջուկում թերմոմիջուկային սինթեզի ռեակցիայի ընթացքից։ 1993 թ., բանտից դուրս գալուց անմիջապես հետո, հիմնել է “Դաշնակցություն’’ թերթը և դարձել նրա գլխավոր խմբագիրը։ 1994 թ. ստեղծել է Հայաստանի ռեֆորմների ասոցիացիան և դարձել “Արամազդ” հայերեն և ռուսերեն թերթերի գլխավոր խմբագիրը։ Նույն տարում ստեղծել է Քարե մշակույթի թանգարան, “Քարեդարան” Հայկական ազգային ասամբլեան և դարձել է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակվող “Մեծամոր” գիտամշակութային թերթի գլխավոր խմբագիրը։ 1997 թ. հիմնել է “Նեֆելին” ՍՊՀ-ն՝ նեֆելինային սիենիտների մշակման և ալյումինի ստացման եղանակների նպատակով։ 2006 թ. հիմնել է պարահոգեբանության և էքստրասենսորիկայի հայկական կենտրոնը։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Սուրեն Այվազյանը թողել է գիտամշակութային հարուստ ժառանգություն՝ 300 գիտական աշխատություն, այդ թվում՝ 36 մենագրություն, արձակ գործեր, բանաստեղծությունների ժողովածուներ, տասնյակ երգեր։ Ահա նրա որոշ աշխատությունների ցանկը.

  1. Հիքսոսները։ /մենագրություն/, Երևան, 1960
  2. Հայկական սեպագրերի վերծանումը։ /մենագրություն/։ Հայկ. ՍՍՀ ԳԱ, Երևան, 1963
  3. Վալենտական իզոտոպների միանմանության շարքերը։ /մենագրություն/ Հայկ. ՍՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտ, Երևան, 1 967
  4. Երկրաֆիզիկայի 20 պատառիկ /ֆրագմենտ/։ /մենագրություն/ “Հայաստան” հրատ., Երևան, 1970
  5. Արևը և մոլորակները։ /մենագրություն /, “Հայաստան” հրատ., Երևան, 1971
  6. Բնագիտության որոշ դրույթների մեկնաբանություն։ /մենագրություն/, “Հայաստան” հրատ., Երևան, 1972
  7. Երկրագնդի ձևավորումը։ /մենագրություն /, “Հայաստան” հրատ., երևան, 1976
  8. Հնագույն Հայաստանի մշակույթի պատմությունից։ /մենագրություն /, “Լույս” հրատ., Երևան, 1986. Վերահրատարակվել է հայերեն և ռուսերեն լեզուներով “Ֆենոմեն” հրատ., Երևան, 2008
  9. Հնգաչափ կոնտինիումի կոորդինատների բացարձականության տեսություն։ /մենագրություն /, Երևան, 1995
  10. Բռնակալի ողբերգությունը։ Ապոկալիպսիս։ /դրամա 3 գործողությամբ/, Երևան, 1996
  11. Հայկական ռադիոն հարցնում է /անեկդոտների ժողովածու/։ Երևան, 1998
  12. ХХ դարի վերջի երեք ֆենոմենները։ /Գիրքը ուղղված է ՄԱԿ-ին, աշխարհի երկրների գիտությունների ակադեմիաներին և Նոբելյան մրցանակի հանձնաժողովին/։ “Մխիթար Գոշ” հրատ., Երևան, 1999
  13. Տարօրինակությունների և օրինաչափությունների աշխարհում։ Երևան, “Ֆենոմեն”, 2000
  14. Ռուսաստանի պատմություն. Հայկական հետք։ “Կռոն-պրես” հրատ., Մոսկվա, 2000
  15. Հայաստանի պատմության որոշ խնդիրների մասին։ /ռուսերեն և հայերեն/, Երևան, 2000
  16. Կյանքի պատառիկներ։ Երևան, “Ֆենոմեն”, 2001
  17. Այր Հայրենյաց։ /պատմավեպ հայերեն և ռուսերեն/։ Երևան, “Ֆենոմեն”, 2002։ Գիրքը նվիրված է Հայաստանի հերոսական զինված ուժերին։
  18. Փառանձեմ թագուհին և իշխան Կամսարականը։ /պատմավեպ/, Երևան, 2006
  19. Երկու բռնապետեր. Ստալինի հանելուկները։ /դրամա/, Երևան, “Ֆենոմեն”, 2006
  20. Հայաստանը և Աստվածաշնչյան պատումները։ Երևան, 2006
  21. Հայաստանի և տիեզերքի իմ ընկալումները։ Երևան, “Ֆենոմեն”, 2008
  22. 1980 թ. Ս. Այվազյանը կազմել է “Հայաստանի պատմական քարտեզները”, որոնք ընդգրկում են հնագույն և հին ժամանակաշրջանները /մ.թ.ա. 2107- մ.թ. 428 թթ./։ Քարտեզներին կցված են մեկնաբանություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Ատլասը հրատարակվել է 2002 թ., վերահրատարակվել է 2003 թ.։