Սուրբ Հովհաննես եկեղեցի (Հաջիշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արևելյան Հայաստանի Հաջիշեն գյուղում, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Գոյգոլի (Խանլարի) շրջանում։ Վավերագրերում Հաջիշենի ծխական Սուրբ Հովհաննես անվամբ եկեղեցու մասին առաջին հիշատակություններից մեկը 1861 թվականից է[1][2]։ Եկեղեցու մասին լիարժեք տեղեկատվություն չի պահպանվել։

Հայտնի է, որ 1883 թվականին Գանձակի (այդժամ՝ Ելիզավետպոլ) բնակիչ Հակոբ Հովակիմյան Պարոնյանցը դիմել է հոգևոր իշխանություններին Հաջիշենի Սուրբ Հովհաննես կիսավեր եկեղեցին վերանորոգելու խնդրանքով։ Խնդրագրում նշվել են նաև եկեղեցու շրջակա սահմանները. «...թոյլատրելոյ ինձ վերանորոգել սեպհական ծախուք իմովք զհին քայքայեալ եկեղեցին, որ անուամբ սբ. Յովհաննէս կոչի, և ինքն է ի վաղուց ուխտատեղի, ըստ նմին և ամրափակել զշուրջ նորին, որոյ տարածութիւն արևելեան կողմն է քսան վեց սաժեն, մինչ յայն, ուր է Արքունի ձեռագրատունն, յարևմտեան կողմանէ է մինչև ցճանապարհ տասն և մի սաժեն ու կէս։ Ի հիւսիսային կողմանէ տասն և հինգ սաժեն, և ի հարաւային կողմանէ մինչև ցճանապարհն տասն սաժեն, ուր է Հայոց հին գերեզմանատունն»։ Սակայն 1883 թվականի գարնանը բարերարի մահվան պատճառով եկեղեցու վերանորոգումը հետաձգվում է. «...ելիսաւետապօլցի Յակովբն Յովակիմեան Պարոնեանց, որ ցանկայր նորոգել զխախտեալ եկեղեցին Հաջի-շէն գեղջ, նախքան ստանալ ներկայ հրամանի ըստ անակնկալ դիպուածոյ անկեալ ի ներքոյ բեռնակիր սայլի իւրոյ, վախճանեալ է...»[3][4]։

Նույն՝ 1884 թվականին, Ելիզավետպոլի նահանգի փոխանորդ Անանիա վարդապետ Համազասպյանցը, դիմելով Վրաստանի և Իմերեթի հոգևոր կոնսիստորիային, վերստին ընդգծել էր Սուրբ Հովհաննես եկեղեցու անմխիթար վիճակը. «...այժմ թէպէտ աւերակ, բայց կանգուն կան որմունքն և սիւնքն մինչ ցխարիսխ կամարացն, միայն առաստաղն եկեղեցւոյն և սեղանոյն փլեալ է և ամենայն քարինքն գտանին կուտակեալ ի մէջ եկեղեցւոյն, շուրջ զեկեղեցիաւ են գերեզմանք հայոց. կան որք ընդ հողով ծածկեալ մնան, և կան՝ որոց քարինք դամբարանացն տակաւին ...տարածութեամբ գերեզմանատեղեաց և պարապ գետնոյն են, ...ի հարաւային կողմն մերձ յեկեղեցին գտանին գերեզմանք հայազգի ննջեցելոց, իսկ յարևմտակողմն ծածկեալ են ընդ հողով...»[5][6]։

1884 թվականին հայտնվել էր մեկ այլ բարերար՝ գանձակեցի Սարգիս Հովհաննիսյան Աթայանցը, և խոստացել 1884 թվականի հուլիսին վերանորոգել եկեղեցին, սակայն «ի պատճառս զբաղեալ գոլոյ նորա զանազան ծանր գործովք, յետաձգեալ է... և այնու թողեալ բանն առաց հետևանաց»[7][8]։

1880-ական թվականների վերջերին Հաջիշենի հայ բնակչությունը, որն ամռանը կազմում էր մոտ 100 ընտանիք, իր հոգևոր կարիքները բավարարելու համար ամեն ջանքով ձգտում էր նորոգել հիանալի դիրք ունեցող գյուղամիջյան ավերակ եկեղեցին, որը «մօտ 100 տարվայ շէնք է, ինչպէս երևում է նրա սրբատաշ քարերի մի արձանագրութիւնից...»։ Կատարվել էր հանգանակություն. «Գումարը հասնում է մինչև այնքան, որքանով կարելի կը լինի եկեղեցին բոլորովին աւարտել, որովհետև մօտակայ եկեղեցիներն ևս խոստանում են օգնելու շինութեանը...»[8][9][10]։

Հայտնի է նաև, որ Բաքվում բնակվող գանձակեցի Սիմեոն Ստեփանյան Արզումանյանցը որոշել էր իր ծախսով կատարել նորոգման աշխատանքները։ Սակայն, ի հակադրություն Թիֆլիսի կոնսիստորիայի, որն այդ աշխատանքները սկսելու համար թույլատրություն էր տվել, Ելիզավետպոլի նահանգապետը 1892 թվականին մերժել էր խնդրագիրը հետևյալ պատճառաբանությամբ. «...յօժարութիւն յայտնելով՝ յատկացնել ուրիշ տեղ, եթէ Արզումանեանցը ցանկանայ իւր ծախքով Հաջիշէն գիւղում շինել եկեղեցի։ Հրամայեցին, որովհետև Ելիսաւէտապօլի նահանգապետը դժուարանում է թոյլ տալ Հաջիշէն գիւղի եկեղեցու վերանորոգութիւնը. ուստի դարձնելով գործը, գրել հրաման Տփխիսի հայոց կոնսիստորիային, պատուէր տալ Ելիսաւէտապօլի հոգ. կառավարութեան մաքուր դրութեան պահելու Հաջիշէնի աւերակ եկեղեցին և նորա շուրջը եղած գերեզմանները իբրև նուիրական սրբավայր, իսկ այն հայազգիք, որոնք ամառ ժամանակ բնակում են Հաջիշէն գիւղում, եթէ եկեղեցու պէտք զգան կարող են տեղ խնդրել և նոր եկեղեցի կառուցանել»[8][11][12][13]։

Նահանգապետը կառավարությանն ուղղված գրության մեջ ավելացրել էր, որ «...ի տեղի աւերակ եկեղեցւոյն Հաճիշէնի ունի կառուցանել ուղղափառ եկեղեցի շրջապատիւ, ուստի և գերեզմանատունն ունի պահպանել յամբողջութեան...»։ Ի դեպ, նոր եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ գումարը, ըստ ինժեներ Ի. Վարդանովի նախահաշվի, կազմում էր 10 հազար ռուբլի[8][12][14]։

Ցավոք, շինությունը ոչ միայն չէր վերանորոգվել, այլև 1892 թվականի հոկտեմբերին Հաջիշեն այցելած Սիմեոն քահանա Տեր Խաչատուրյանցը և Անանիա քահանա Շիրակունին արձանագրել էին եկեղեցու և գերեզմանների ավերումը։ Մասնավորապես այդ մասին նրանք գրել են. «...անձամբ եկեալ յամառանոցն Հաջիշէնու գտան զի աւերակ եկեղեցիս տեղւոյն հիմնովին քայքայեալ կան և անդր գործին պարսկահպատակ տաճիկք, Հասան Հիւսէին օղլին, Ախմէտ Հիւսէին օղլին, Թազախ Ախմետ օղլին, Հանեփայ Մամատ Ալի օղլին և Նարժափ Մամատ օղլին, և ի հարցանելն թէ նոքա որո՞վ հրամանաւ փլեալ են հիմնովին յիշեալ եկեղեցին, պատասխանեցին, թէ հրամանաւ քաղաքական արխիտեկտորին Ելիսավետապօլու Մարչենկոյ և թէ վասն հիմնայատակ քակելոյն զաւերակ եկեղեցին ստացեալ են վարձադրամս ի յիշեալ արխիտեկտորէն և թէ ի վերայ նոցա կարգեալ է ի կողմանէ յիշեալ արխիտեկտորէն վերակացու Դիմիտրի Զամետին գանձակեցի յունադաւան։ Ի մուտ գործելն յիշեալ անդամոյ և գործակատարի առ ի ցանկապատելոյ թէ քակեալ եկեղեցատեղին և թէ շուրջ նովաւ գերեզմանատունս ննջեցելոց, սակայն արգելք եղեն և հակառակեցան որպէս վերակացուն արխիտեկտորին և մշակք... մերձ առ աւերակ եկեղեցին գտանեցեալ երեքին ևս գերեզմանատունք քակեալ էին և ոսկերք ննջեցելոց սփռեալ ի հող երկրի...»[8][12]։

Եկեղեցու վերականգնման համար որոշ հանգանակություններ են իրականացվել նաև 1894 թվականին[15][16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148:
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 375։
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56Պ, ց. 12, գ. 402, թ. 8:
  4. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 375-376։
  5. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56Պ, ց. 12, գ. 402, թ. 12:
  6. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 376։
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56Պ, ց. 12, գ. 402, թ. 23:
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 376։
  9. «Մշակ», 1890, N 85, էջ 1։
  10. «Նոր-Դար», 1887, N 138, էջ 1։
  11. Նոր-Դար», 1892, N 113, էջ 2։
  12. 12,0 12,1 12,2 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56Պ, ց. 12, գ. 402:
  13. «Արարատ», 1892, էջ 556-557։
  14. ”Тифлисский листок”, 1896, N 90, с. 2.
  15. ”Кавказ”, 1894, N 206.
  16. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 377։