Սոսկածանցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոսկածանցներ, հայերենի բայական համակարգում գործառվող և բայակազմական քերականական արժեք ունեցող ան, են, ն, չ ածանցների պայմանական անվանումը։ Բայակազմական արժեքն այն է, որ այդ ածանցներով բաղադրված բայերը հիմնականում չունեն իրենց ածանցազուրկ տարբերակները (առանց սոսկածանցների գոյություն չունեն)։ Քերականական արժեքն այն է, որ կատարում են ներկայի հիմքակազմիչ դեր (երևան են գալիս միայն ներկայի հիմքով կազմված բայաձևերում) և որոշում են բայերի խոնարհման ձևը, իսկ առանձին դեպքերում նրանց հաղորդում են նաև շարունակական կապերի թույլ արտահայտված իմաստ (ունեմ-ունենում եմ)։ ժամանակակից հայերենում սոսկածանցներից կենսունակ է միայն ան-ը, որը ալ մասնիկի հետ ակտիվորեն մասնակցում է այլ խոսքի մասերից վերածության, փոխակերպման իմաստով բայերի կերտմանը (սևանալ, խելոքանալ, եղբայրանալ, փոշիանալ)։ Են, ն, չ ածանցներն ավանդաբար պահպանվել են միայն սահմանափակ թվով բայերի կազմության մեջ (մոտենալ, փախչել, ընկնել), նրանցով նոր բայեր այլևս չեն կազմվում։ Նկատի ունենալով բայական համակարգում սոսկածանցների կատարած դերը՝ դրանք այժմ կոչվում են նաև բաղադրության քերականական ածանցներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 511