Սկզբնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկզբնագիր (սկզբնատառ, ինիցիալ, <լատ. initialis - սկզբնական), խոշորաչափ գլխատառ՝ տեքստի՝ գլխի, նրա մասի կամ պարբերության սկզբում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի (մատյանի) ձևավորման հնագույն տարր է։ Ձեռագիր մատյաններում սկզբնագիրը ճոխ պատկերազարդվել է բույսերի, կենդանիների և մարդու ֆիգուրներով։ Տպագիր գրքերում սկզբնագիրը գրվել է տեքստի տառատեսակաշարի խոշորաչափ ձուլածո կամ փորագիր տառերով։ Ձևավորումը կատարվել է հրատարակության ընդհանուր ոճավորմանը համապատասխան։

Հայկական ձեռագրերում սկզբնագիրը գրվել է բնագրի տառաչափից 1,5–2 և ավելի անգամ խոշոր՝ գրադաշտից դուրս՝ լուսանցքում, հետագայում ամբողջովին ներառվել է գրադաշտի մեջ, իսկ վերև ու ներքև ձգվող երկար գծերն ավելի են երկարել։ Սկզբնագրերը գրել են հիմնականում մեսրոպյան երկաթագրով։ 10-րդ դարից, երբ գործածվել է բոլորգիրը, որպես սկզբնագիր օգտագործվել է նաև գրչագիրը։ Բոլորգիրն իր հերթին օգտագործվել է որպես սկզբնագիր՝ նոտրգրի համար (չնայած վերջինս ունեցել է նաև սեփական սկզբնագիր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։