Սիմֆոնիա № 8 (Շուբերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Անավարտ սիմֆոնիա» սի մինոր DV 759 (Անավարտ), հրատարակման ժամանակ № 8 անվանումը ստացած, ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, որը գրվել է 1822 թվականի աշնանը[1]։

Ստեղծման պատմություն և անավարտության խնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուբերտը սիմֆոնիան ստեղծել է սկզբում ուրվագծի տեսքով, երկու տողով, հետո նաև պարտիտուրայով։ Պահպանվել են երեք մասերի ուրվագծերը։ Պարտիտուրայում Շուբերտը գրառել է միայն սիմֆոնիայի երկու մասերը, պահպանվել են նաև երրորդ մասի սկզբի պարտիտուրան[2]։

Սիմֆոնիան նվիրված է Գրացի երաժշտասեր հասարակությանը, որին 1824 թվականին ներկայացվել է առաջին երկու մասերը։ Ձեռագիրը պահպանվել է Շուբերտի ընկեր Անսել Հյութենբրեների մոտ, որտեղից հայտնաբերել է վիենյան դիրիժոր Յոհան Հերբեքը՝ առաջին անգամ կատարելով 1865 թվականի դեկտեմբերի 17-ին վիենյան համերգի ժամանակ[2][3]։ Կատարվել են ավարտուն առաջին երկու մասերը, իսկ անավարտ երրորդ և չորրորդ մասերի փոխարեն հնչել են Շուբերտի Ռե մաժոր DV 200 երրորդ սիմֆոնիայի ավարտական մասը։

1866 թվականին սիմֆոնիան հրատարակվել է առաջին անգամ, առաջին երկու մասերի տեսքով։

1822 թվականից հետո Շուբերտը սիմֆոնիային չի անդրադարձել, ինչի պատճառը անհայտ է։ Չի բացառվում, որ այն պարզապես կորել է, քանի որ ձեռագրերը հիմնականում պահպանվել են այլ մարդկանց մոտ։

Երկար ժամանակ կար տարածված կարծիք, որ երկու մասից բաղկացած լինելը անավարտության չափանիշ չէ, քանի որ երկու հայտնի մասերը թողնում են ավարտունության և ամբողջության տպավորություն[2][4]։ Նրանց կարծիքով Շուբերտի «Անավարտը» համարվում է վաղ ռոմանտիզմի առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը[4]։ Հետագայում քառամաս կառուցվածքից հրաժարվումը, ինչպես դեպի ընդլայնման այնպես էլ մասերի կրճատման տեսանկյունից դարձավ սովորական ռոմանտիկ կոմպոզիտորների ստեղծագործություններում[5]։

Ի հակադրություն այս տարբերակի բերվում է այն, որ Շուբերտի երկու առաջին ավարտուն մասերը գրված են իրարից տարբեր տոնայնությամբ (այսպիսի դեպքեր չի հանդիպել ոչ առաջ և ոչ էլ դրանից հետո)։ Բացի այդ, Շուբերտի Սի մինոր սիմֆոնիայից բացի կան բազմաթիվ հանճարեղ և համարձակ ստեղծագործություններ, որոնք նույնպես անավարտ են մնացել (այդ թվում՝ Դո մինոր լարային քառյակը DV 703, դաշնամուրային Դո մաժոր DV 840, Ֆա դիեզ մինոր DV 571 սոնատները և այլն)։

Դեռևս 19-րդ դարում այլ կոմպոզիտորների կողմից փորձեր արվեցին ավարտին հասցնել «Անավարտ» սիմֆոնիան։ Այժմ գոյություն ունի մի քանի տարբերակներ, մասնավորապես Բրայան Նյուբուլդի (անգլ.՝ Brian Newbould) և ռուս կոմպոզիտոր Անտոն Սաֆրոնովի տարբերակները։ Որպես շարունակություն է մտածված Բորիս Տիշչենկոյի 8-րդ սիմֆոնիան, որն առաջին անգամ հնչել է 2008 թվականի դեկտեմբերի 20-ին ավստրիական մի կոմպոզիտորի համերգին[6]։

Մասերի համառոտ վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
(աուդիո)
«Անավարտ սիմֆոնիա»
Մաս առաջին

Այն սկսվում է բասերով, որը ծանր մտորումների և տխուր անխախտելիության մթնոլորտ է ստեղծում։ Սա յուրատեսակ բնաբան է, որը մասերի զարգացման մեջ կարևոր դեր է խաղում։ Այնուհետև ջութակի դողդոջյուն, կարծես կաշկանդված շարժումների ֆոնի վրա հոբոյը և կլառնետը իրենց տխուր և մտածկոտ երգն են երգում։ Սակայն արդեն առաջին մասում հայտնվում են անհանգիստ շեշտադրումներ, իսկ երկրորդում զարգացումը ընդհատում է ողբերգական ակորդների կտրուկ մուտքը։ Բուռն հուզմունքը ուժգնանում է, սրվում են հակասությունները, սակայն կրկներգում վերադարձած թեման հանգստություն չի բերում և ի վերջո չլուծված հարցի նման հայտնվում է բնաբան թեման։

Մաս երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
(աուդիո)
«Անավարտ սիմֆոնիա»
Մաս երկրորդ

Երաժշտությունը ընկղմվում է խորը պոետիկ լիրիկական արտահայտչական մթնոլորտ, որտեղ երգեցիկ թեմաները հերթափոխում են միմյանց, տարափոխվում են անրջող վիճակների երանգները՝ մերթ լուսավոր, մերթ քիչ տխուր։ Միայն երբեմն սա խախտվում է կարճատև, սակայն լարված վերելքով՝ դեռևս թարմ դրամայի արձագանքներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хохлов Ю. Н. Шуберт Ф. П. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1982. — Т. 6.
  2. 2,0 2,1 2,2 Кенигсберг А. К., Михеева Л. В. 111 симфоний. — СПб: «Культ-информ-пресс», 2000. — С. 153.
  3. Павлов Г. Н. Хербек И. Ф. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1982. — Т. 6.
  4. 4,0 4,1 Алексаеева Л. Н., Григорьев В. Ю. Страницы зарубежной музыки XIX века. — М.: Знание, 1983. — С. 11.
  5. Штейнпресс Б. С. Симфония // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1981. — Т. 5.
  6. «Boris Tishchenko. Internet Edition compiled by Onno van Rijen». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.