Սիձուանի գոգավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիձուանի գոգավորություն, Կարմիր ավազան, միջլեռնային իջվածք Չինաստանում, Յանցզի գետի միջին հոսանքի և նրա վտակներ Մինցզյանի ու Ցզյալինցզյանի ավազանում։ Շրջապատված է Տիբեթական լեռներով, Ցինլին և Դաբաշան լեռնաշղթաներով ու Գույչժոու սարահարթով։ Տարածությունը 200 հզ․ կմ² է։ Կազմված է կարմրավուն (այստեղից էլ Կարմիր ավազան անունը) ավազաքարերից։ Ունի դեպի հարավ ուղղված ամֆիթատրոնի ձև։ Բարձրությունը 400- 500 մետր է, ծայրամասերում՝ մինչև 1000 մ։ Տիրապետում են բլուրները (50-100 մ բարձրությամբ)։ Տարածված են արհեստական դարավանդները։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 800-1750 մմ են, վեգետացիոն շրջանը՝ գրեթե շուրջ տարի։ Գետերը օգտագործվում են ոռոգման համար։ Լեռների ստորին գոտում կաղնուտներ են, 2000 մետր֊ից բարձր՝ ասեղնատերև լայնատերև և եղևինների անտառներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։