Սթրայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սթրայդ (անգլ.՝ Harlem Stride (Piano), բառացի թարգմանությունը՝ «Հառլեմյան քայլք»), ջազ երաժշտության դաշնամուրային ոճ[1]: Զարգացել է ռեգթայմի հիմքի վրա, որին ժամանակի ընթացքում ավելացել են դասական դաշնամուրային երաժշտության տարրեր՝ արպեջո, գամմա և այլն: Սթրայդը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ԱՄՆ-ում, ավելի կոնկրետ՝ Հառլեմում և Մանհեթենում:

Ֆեթս Ուոլլեր, (1904–1943)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից առաջ դաշնամուրն իր առանձնահատուկ տեղն ուներ ամերիկյան գրեթե բոլոր ընտանիքեներում՝ թե՛ որպես կահույքի մաս, թե՛ որպես հաճելի մթնոլորտ ապահովող երաժշտական գործիք: Դաշնամուր նվագելը լրացուցիչ հարգանք էր ապահովում. դաշնակահարները մեծ պահանջարկ ունեին գրեթե բոլոր նահանգներում:

Նույնիսկ ընտանեկան հասարակ հավաքույթների ժամանակ դաշնամուր նվագող ցանկացած հյուր ուշադրության կենտրոնում էր հայտնվում: Դաշնամուրն, իհարկե, մեծ պահանջարկ ուներ նաև ռեստորաններում, կաբարեներում, փոքրիկ թատրոններում: Քաղաքացիական ու Առաջին համաշխարհայինի միջև ընկած ժամանակահատվածում զարգանում է նաև երաժշտական այս գործիքի մեծ արդյունաբերություն՝ սկսվում է դաշնամուրների մեծաքանակ արտադրությունը, կազմակերպվում են վճարովի դասընթացներ և այլն: Դաշնամուրի նման տարածվածությունը, բնականաբար, նպաստեց սթրայդի առաջացմանն ու զարգացմանը[2]:

Այս ոճի ծագումը կապվում է այն հանգամանքի հետ, որ դաշնակահարները, որոնք ստիպված էին նվագել ամեն երեկո, պետք է փորձեին բազմազանություն մտցնել արդեն սովորական դարձած ռեգթայմի մեջ՝ դարձնելով այն ավելի ազդեցիկ ու թարմ[3]: Այդ կերպ, ժամանակի ընթացքում դաշնակահարները վերամշակման են ենթարկում իրենց ժամանակաշրջանի գրեթե բոլոր հայտնի ստեղծագործությունները՝ վերածելով դրանք ջազային կատարումների[4], թեպետ 1920-ական թվականներին նման փորձարկումների հետևանքով առաջացած ստեղծագործությունները դեռ դասվում էին ռեգթայմի շարքին:

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրայդն ունի քառահարված ռիթմ, որի առանձնահատկություններից է 1-ին և 3-րդ հարվածների ժամանակ միատոն բաս նոտաների, օկտավաների ու սեպտիմաների կիրառումը, իսկ 2-րդ և 4-րդ հարվածների ժամանակ՝ ակորդների կիրառումը: Սթրայդ նվագելուց կատարողի ձախ ձեռքն ավելի մեծ կարևորություն է ստանում՝ ավելի ուժեղ շարժումներ իրականացնելով՝ կարծես քայլելով դաշնամուրի ստեղների վրայով (այստեղից էլ ոճի անվանումը): Ինչ վերաբերում է աջ ձեռքին, ապա այն իր վրա է վերցնում գլխավոր մեղեդու հնչողությունը, երբեմն նաև կոնտրապունկտերի կատարումը, այնինչ ձախն, ինչպես նշվեց, պահում է երաժշտության ռիթմը:

Ի տարբերություն վաղ «սենթ-լուիսյան» կոչվող սթրայդի, որոշակի զարգացում ապրած սթրայդի տեմպն ավելի արագ էր, չնայած դանդաղ սթրայդը, բնականաբար, ամբողջովին դուրս չէր եկել գործածությունից:

Սթրայդի ամենահայտնի կատարողներից են՝ Լաքի Ռոբերթսը, Ջեյմս Ջոնսոնը և Ֆեթս Ուոլլերը, Արտ Թեյթումը, Դոնալդ Լամբերտը, Դիք Հայմենը, Դյուկ Էլինգթոնը և շատ ուրիշներ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Piano Styles—Ragtime to Boogie-Woogie", McGraw-Hill Higher Education.
  2. Scivales Riccardo (1990)։ Harlem Stride Piano Solos։ Ekay Music։ էջեր 06,34:About Harlem Stride Piano,Carolina Shout։ ISBN 0-943748-43-7 
  3. Ken Burns (director) (2001)։ "The Gift" (part 2 of Jazz (documentary)) (Documentary)։ Public Broadcasting Service 
  4. Schuller Gunther (1986)։ Early Jazz: Its Roots and Musical Development։ New York: Oxford University Press։ էջեր 216 & 221։ ISBN 9780195040432