Սարսալ
Սարսալ (նաև՝ Չարշամա Սոր, Աիդա Սարսալե, Սարսալա Թաուսի Մալաք, Աիդա Թաուսի Մալաք), Միջագետքի հնագույն պաշտամունքներից սկիզբ առնող եզդիական ազգային տոն, որը համարվում է եզդիների Նոր Տարին։ Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը, Հուլյան օրացույցով ապրիլի 13-ի հաջորդ չորեքշաբթի օրը[1][2]։ Օրն ընտրված է որպես աշխարհի արարման ավարտի օր[3]։
Վերջին շրջանում տոնը առավել հայտնի է «Չարշամա Սոր» անվանումով, որը եզդիերենից թարգմանաբար նշանակում է «Կարմիր Չորեքշաբթի»։ Տոնը եզդիների շրջանում ասոցացվում է կարմիր գույնի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ եզդիական ավանդության՝ մի քանի հազար տարի առաջ այս օրը Մալաք Թավուսը իջել է երկիր ու Աստծո պատգամները տվել եզդիներին, այդ իսկ պատճառով չորեքշաբթին եզդիների մոտ սուրբ օր է։ Չորեքշաբթի օրերն ընդհանրապես, ու հատկապես տոնի չորեքշաբթին եզդիները չպետք է աշխատեն։ Այդ օրը նրանք պետք է նվիրեն հոգևոր կյանքին։
Չարշամա Սորը գոյություն ուներ դեռ Հին Իրանում՝ «Չախար Շանբե Սուրի» անվանմամբ, որը պահլավերենից թարգմանվում է «Չորեքշաբթիի տոնը» կամ էլ «Տոն չորեքշաբթի օրը»։ Հին Իրանում օրացույցների փոփոխման հետ կապված տեղափոխվում էր նաև տոների ժամանակացույցը։ Սասանյանների ժամանակ Պարսկաստանում օգտագործվում էր երկու օրացույց` «յայրի»` 365 օր տևողությամբ, և «սարեդխա»` 365.24224 օր տևողությամբ։ Առաջինը նրանք անվանել են «օշմուրդիկ», որը նշանակում էր «հաշվարկի համար նախատեսված, պիտանի», իսկ երկրորդը` «վիխզակիկ», որը նշանակում էր «շարժական»։
Ծիսակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզդիների հոգևոր առաջնորդը նախ բացում է եզդի ժողովրդի պահապան Մալակե Թաուսի Սուրբ սինջակը։ Տոնին նախորդող երեքշաբթի օրը տանտիրուհին 1 հատ մեծ գաթա է թխում, որը կոչվում է կլոճ, և ևս 7 հատ փոքր գաթա, ինչը համապատասխանում է 7 հրեշտակներին կամ շաբաթվա 7 օրերին։ Մեծ գաթայի մեջ մեկ սև ուլունք է դրվում, ում բաժին հասնի, նրան էլ կժպտա հաջողությունը։ Կլոճը դրվում է տան սրբատեղիում, որը եզդիները կոչում են ստեռ և թողնում են մինչև առավոտ։ Առավոտյան տան ավագը մի քանի սրբի անունով կտրում է գաթան և այն բաժանում ընտանիքի այն անդամներին, ովքեր, ըստ իրենց արդեն հասկանում են չարն ու բարին (սովորաբար 13-14 տարեկան և բարձր), իսկ ավելի փոքրերի համար բաժին է հատկացվում մնացած 7 գաթաներից։ Այնուհետև եզդիներն այցելում են գերեզմանոցներ և առաջինը ննջեցյալներին են շնորհավորում, այնուհետև շնորհավորում են ողջերի տոնը[3]։
Ծիսակարգի մաս է կազմում նաև չորս գույնով հավկիթներ ներկելը՝ սպիտակ, դեղին, կանաչ և կարմիր, որը խորհրդանշում է աշխարհի արարումը։ Չորեքշաբթի օրն առավոտյան եզդի աղջիկները գնում են դաշտ, ծաղիկներ են բերում, զարդարում տան դռներն ու պատուհանները, ինչն էլ խորհրդանշում է գարնան գալուստը։ Տոնի օրը պետք է հաշտվեն միմյանց հետ գժտված եզդիները։ Նրանք այցելում են նաև վերջին ժամանակներում հարազատ մարդ կորցրած եզդիներին։
Տոնի ավանդական ուտեստներն են խաշլաման, սաջի խորովածը` գառի մսով, բրնձով ու չամիչով փլավը և ներկված ձվերը[4]։
Հայտնի է, որ այս տոնը, կամ այլ անվանումով՝ Չարշամա Սորը Իրանում նշվում էր տարվա վերջին չորեքշաբթի օրը։ Վերջին երեքշաբթի օրվա երեկոյան մարդիկ հավաքվում էին և մինչև չորեքշաբթի առավոտ կրակ էին վառում, ցատկում դրանց վրայով։ Ծիսական արարողության մաս էր կազմում «Իմ դեղինը (հիվանդություն, գունատություն) քոնն է, իսկ քո կարմրությունը (կյանք, առողջություն)` իմը» բացականչությունը։ Այդ ծիսակատարությունը մինչ այժմ էլ պահպանվել է Իրանում, որը կատարվում է Նոռուզից առաջ՝ մարտ ամսին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Եզդիները նշում են Նոր տարին». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 2,0 2,1 «Ինչպես են եզդիները նշում Նոր տարին (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 3,0 3,1 «Այսօր ամբողջ աշխարհի եզդիները նշում են Նոր տարին. հարցազրույց ՀՀ վաստակավոր լրագրող Հասան Թամոյանի հետ (ԲԱՑԱՌԻԿ)». armedia.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ cultural; cultural. «Եզդիների Ամանորը Երևանում». cultural.am (armenian). Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)