Սարդոստայն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարդոստայն (անգլ.՝ The Spider's Thread), պատմվածք, պատկանում է ճապոնացի գրող Ռյունոսկե Ակուտագավայի գրչին, գրվել է 1918 թվականին և առաջին անգամ տպագրվել մանկական ամսագրում (անգլ.՝ Akai Tori)[1]:

Համառոտ սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ՝ վաղորդայնին, Բուդդան զբոսնում էր դրախտային ջրաշուշաններով լեցուն լճակի ափին, երբ ականակիտ ջրերի խորքում նկատեց դժոխքը, որտեղ կային բազմաթիվ մեղսագործներ։ Նրա թափառող հայացքը կանգ առավ Կանդատա անունով մի հանցագործի վրա, որը հայտնի էր իր գործած սարսափելի արարքներով և միայն մի բարի գործ էր կատարել իր ողջ կյանքի ընթացքում։ Օրերից մի օր, անտառում հանդիպելով մի փոքրիկ սարդի, ավազակը ցանկանում է առաթուր տրորելով նրան անցնել, երբ հանկարծ մտածում է, որ գուցե պետք չէ տրորել կենդանի էակին։ Եվ ահա սոսկ այս մեկ բարի գործի համար Բուդդան որոշում է փրկել մեղսագործին դժոխքի տանջանքներից։ Վերցնելով սարդի հյուսած բարակ արծաթափայլ թելը՝ կապում է այն ջրաշուշաններից և իջեցնում տարտարոսի խորքերը։

Ականակիր խավարի ու համատարած լռության մեջ լսվում էին բազմաթիվ մեղսագործների տառապագին հառաչանքները։ Կանդատան, գլուխը բարձրացնելով, տեսնում է դեպի իրեն իջեցված արծաթափայլ թելը և օգտվելով իրեն ընձեռված անակնկալ հնարավորությունից՝ բռնում է թելից և սկսում նրանով արագորեն մագլցել դեպի վեր։ Ճանապարհի կեսին հոգնում է և որոշում շունչ քաշել, երբ հանկարծ նկատում է, որ մյուս հանցագործներն էլ են իր նման մագլցում թելով դեպի վեր։ Սարսափում է հանցագործը և այն մտքից, որ բարակ թելը չի դիմանա այդքան մարդկանց ծանրությանը, սկսում է աղաղակել, թե սարդոստայնը միայն իրենն է, և ոչ ոք չի կարող կառչել նրանից։ Նույն ակնթարթին սարդոստայնը պատռվում է և ավազակը ու մյուս հանցագործները կրկին հայտնվում են գեհենում՝ արյան ջրափոսում[1]։

Բուդդան այս ամենի ականատեսն էր և տեսնում է, թե ինչպես է Կանդատան դատապարտում ինքն իրեն՝ միայն սեփական անձի փրկության մասին մտահոգ լինելու համար։ Մինչդեռ կյանքը դրախտում շարունակվում էր, ինչպես որ կար, և Բուդդան հոգոց հանելով շարունակում է իր զբոսանքը[1]։

Պատմվածքի ստեղծման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակուտագավան հայտնի է նրանով, որ իր շատ պատմվածքների համար տարբեր աղբյուրներից կարկատաններ էր անում, և այս առումով «Սարդոստայնը» նույնպես բացառություն չէ։ 1917-18 թվականների ժամանակահատվածում նա անգլերեն թարգմանությամբ կարդում էր Ֆ.Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը, և «Սարդոստայն» պատմվածքը վերապատմած է վեպից վերցված կարճ առակից, որը հայտնի է «Սոխի առակը» վերնագրով։ Առակում չար կինը իր ողջ կյանքի ընթացքում երբևէ որևէ բարի արարք չէր գործել, սակայն նրա պահապան հրեշտակը Տիրոջն ասում է, որ, այնուամենայնիվ, նա մի բարի գործ է կատարել.մի անգամ մուրացկանին մի գլուխ սոխ է տվել։ Եվ ահա Տերն ասում է հրեշտակին, որ թող վերցնի այդ սոխը և օգտագործի այն՝ նրան դժոխքից դուրս բերելու համար։ Հրեշտակը համարյա դուրս է քաշում կնոջը, սակայն մյուս մեղսագործները կախվում են նրանից՝ հույս ունենալով, որ իրենք էլ կարող են փրկվել։ Այդ պահին նա գոռգոռում է նրանց վրա՝ ասելով, թե սոխը իրենն է, և միայն ինքը պետք է փրկվի, բայց սոխը պոկվում է նրա ձեռքից, և կինը ցած է ընկնում դժոխք, որտեղ էլ մնում է։

Պատմվածքի համար մեկ այլ աղբյուր է ծառայել նույնատիպ վերնագրով մի պատմություն, որ զետեղված է Կարմայում։ Վաղ բուդդիզմի ծագումնաբանության մասին պատմող հինգ առակների պատմությունը տպագրվել է դեռևս 1895 թվականին Տոկիոյում:Կանդատայի կերպարը նա վերցրել է այդտեղից, որը չարագործ էր և իր վրա անեծք կրելով՝ պետք է տառապեր բուդդայական դժոխքում այնքան, մինչև իր վատ ճակատագիրը ավարտվեր։ Այստեղ, այնուամենայնիվ, Կանդատան անմիջապես փրկության ուղի չուներ՝ դժոխքից հեռանալու, բայց դրա փոխարեն կարևորվում է այն միտքը, որ ցանկացած լավ արարք, ինչպես սարդին փրկելը, հնարավորություն կտա նրան՝ կրկին վեր բարձրանալու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kelly, Timothy M. «Akutagawa Ryûnosuke's "The Spider Thread": Translation and Commentary». Edogawa University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]