Սալտո Գրանդե ամբարտակ
Սալտո Գրանդե ամբարտակ (իսպ.՝ Represa de Salto Grande), ամբարտակ և ջրի ուժով աշխատող հզոր էլեկտրական կայան Ռիո Ուրուգվայ գետի միջին հոսանքում՝ Արգենտինայի և Ուրուգվայի սահմանի վրա, ուրուգվայական Սալտո և արգենտինական Կոնկորդիա քաղաքներից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս: Պատկանում է այդ երկու սահմանակից պետություններին:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիո Ուրուգվայ գետի ջրի ուժը հանրային նպատակներով օգտագործելու զանազան մեծ նախագծեր տարբեր անհատների կողմից կազմվել են սկսած 1890 թվականից: 1938 թվականից հետազոտություններ ու չափագրումներ են սկսվել: 1946 թվականին Արգենտինայի և Ուրուգվայի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել գետի ջրերի համատեղ օգտագործման մասին, ստեղծել են տեխնիկական հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով երկու կողմերի հավասար թվով պատվիրակների, որոնց խնդիրը պետք է լիներ ներկայացվող նախագծերի նպատակահարմարության, արդյունավետության ուսումնասիրումը:
1960 թվականին ինժեներական ֆիրմաների մի կոնսորցիումի՝ Sideco del Grupo Macri S.A,-ին պատվեր է տրվել՝ կազմելու Ռիո Ուրուգվայ գետի ջրերը էլեկտրաէներգիա ստանալու նպատակով օգտագործելու նախագիծ և դրա հետ կապված տեխնիկատնտեսական ու ֆինանսական զեկույց[1]։ 1973 թվականի դեկտեմբերին նախագիծը, հանգամանալի, մանրակրկիտ ուսոմնասիրությունից և վիճահարույց բոլոր հարցերը համաձայնեցնելուց հետո, վերջապես հաստատվել է երկու հարևան պետությունների կառավարությունների կողմից, և հաջորդ տարվա ապրիլի մեկից ամբարտակի շինարարության աշխատանքներն սկսվել են: Ուղիղ հինգ տարի անց՝ 1979 թվականի ապրիլի 1-ին շուրջ երեք հազար մետր երկարություն, 69 մետր բարձրություն ունեցող ամբարտակը պատրաստ էր: Դրա շինարարության վրա ծախսվել էր 60 հազար տոննա պողպատ, մեկուկես միլիոն խորանարդ մետր հատուկ ամրության բետոն, այնքան, որքան կծախսվեր երեսունհարկանի հազար շենք կառուցելու համար:
Ամբարտակի շնորհիվ գոյացել է 5 միլիարդ խորանարդ մետր ջրատարողությամբ, 783 քառակուսի կիլոմետր հայելու մակերեսով, 6,4 մետր միջին խորությամբ մի հսկայական ջրամբար[2]: Ամբարտակի վրայից ջրի թողունակությունը վայրկյանում 64 հազար խորանարդ մետր է, այն դեպքում, երբ գետի սովորական հոսքինը մոտավորապես տասնվեց անգամ զիջում է այդ ցուցանիշին: Ամբարտակի ահռելի բարձրությունից գահավիժող ջրով աշխատող էլեկտրակայանի առաջին տուրբինը շահագործման է հանձնվել 1979 թվականի հունիսի 21-ին[3]։
Ներկայումս այդ ջրերն աշխատեցնում են տասնչորս գերհզոր տուրբին (տասնչորսերորդը շարք է մտել 1983 թվականի մարտի 27-ին)[4], որոնց միասնական հզորությունը կազմում է 1890 մեգավատտ և բավարարում է երկու հարևան երկրների էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի մասը:
Կարևոր է նշել նաև, որ 1982 թվականին Սալտո Գրանդեի ամբարտակի վրա հատուկ կամուրջ է կառուցվել, որով անցնող երկաթգիծն ու ավտոմայրուղին հնարավոր ամենակարճ ճանապարհով միմյանց են կապում հարևան պետությունների բնակավայրերը[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Perros de Presa - Yacyreta Corrupcion Y Poder Politico, Los Antecedentes Ediciones b, 2001 I.S.B.N : 9501522474 p 23
- ↑ [1]
- ↑ ¿Quienes fueron las mujeres que dieron origen al nombre de las Turbinas de Salto Grande?
- ↑ Cambiaron el nombre a la primera turbina de la represa hidroeléctrica de Salto Grande
- ↑ "EL FERROCARRIL ES LA EXPRESIÓN DE LA MADUREZ Y EL INTERÉS COMÚN EN UNA RELACIÓN BILATERAL HISTÓRICA "
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Comisión Técnica Mixta de Salto Grande
- Fundación Salto Grande
- Sitio del Organismo Regulador de Seguridad de Presas de Argentina
- Sitio uruguayo
|