Jump to content

ՍՊԻԴ-Ինֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՍՊԻԴ-Ինֆո
Տեսակթերթ
Լեզուռուսերեն
Գլխավոր խմբագիրՕլեգ Կարմազա
Հիմնադրվել էսեպտեմբերի 26, 1989
Երկիր Ռուսաստան
Հաճախականությունամիսը երկու անգամ

ՍՊԻԴ-Ինֆո (ռուս.՝ СПИД-Инфо), խորհրդային և ռուսական թերթ։ Ստեղծվել է 1989 թվականի սեպտեմբերի 26-ին, իսկ վերջին համարը լույս է տեսել 2021 թվականի մարտին։ Թերթը հիմնականում անդրադարձել է սեռական հարաբերությունների, ինտիմ կյանքի և միջանձնային հարաբերությունների հարցերին։

Ի սկզբանե թերթը լույս է տեսել AIDS-INFO/СПИД-ИНФО անվամբ։ AIDS հապավումը անգլերեն վերաբերում է ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշին։ Շապիկը եղել է սև-սպիտակ, իսկ հետագայում այն փոխարինվել է գունավորով։ Առաջին համարները լույս են տեսել Մինսկում՝ Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կոմկուսի Կենտկոմի տպարանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո թերթը սկսել է հրատարակվել Մոսկվայում (Ռուսաստան)։ Առաջին խմբագիրը եղել է «Մեդիցինսկի վեստնիկ» (ռուս.՝ Медицинский вестник) թերթի գլխավոր խմբագրի որդին՝ Անդրեյ Մանը[1]։ Նման թեմատիկ թերթի հրատարակումն սկսվել է գլասնոստի ժամանակ, որն սկսել էր ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը։

Ի սկզբանե թերթը նվիրված է եղել է ՁԻԱՀ-ին, որն սկսել էր տարածվել Խորհրդային միությունում։ Այդ ժամանակ կարծիք կար, որ ՁԻԱՀ-ը «թմրամոլների, մարմնավաճառների, նույնասեռականների և անհուսալի այլ տարրերի ճակատագիրը, որոնք անկանոն սեռական կյանք են վարում»[1]։ Այդ իսկ պատճառով «ՍՊԻԴ-Ինֆո»-ն, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ասոցիացիայի հովանու ներքո, կոչ էր անում վերացնել խորհրդային բնակչության սեռական անգրագիտությունը։

Խորհրդային հասարակության համար սեռական ճանապարհով ՁԻԱՀ-ի փոխանցման բացատրությունը անհավանական մի բան էր։ ԽՍՀՄ բոլոր լրատվամիջոցները փորձում էին խուսափել սեռական կյանքի ու սեռավարակների մանրամասն նկարագրություններից։ «ՍՊԻԴ-Ինֆո»-ն ներկայացնում էր լրիվ հակառակ պատկերը։ Այն ինտիմ բնույթի առաջին պարբերականն էր, որը ԽՄԿԿ-ն թույլատրեց հրատարկվել։ Թերթում մանրամասն նկարագրված էր խմբակային սեքսի առանձնահատկությունները, խառնամուսնությունների թեման, ֆիզիկական շփման միջոցով հիվանդությունների տարածման դեմ պայքարի բացակայությունը և այլն։

ԽՍՀՄ փլուզումից հետո թերթն իր «AIDS-INFO» անվանումը փոխեց «SPEED-INFO»-ի, որտեղ առաջին պլանում ՁԻԱՀ-ի փոխարեն ի հայտ եկավ SPEED-ը՝ անգլերեն «արագություն»[2]։ Միևնույն ժամանակ, տեղի ունեցավ նաև թերթի բովանդակության փոփոխություն։ Իրազեկումից և պրոֆիլակտիկ խորհուրդներից խմբագրությունն անցում կատարեց դեպի դեղին մամուլին բնորոշ հրապարակումներին, որտեղ քննարկվում էր հայտնիների կյանքն ու նորությունները ներկայացվում դասական մամուլին ոչ բնորոշ ձևերով։

Հեղինակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ տաբու համարվող թեմայի՝ սեքսի բաց քննարկումը հասարակության լայն շերտերի շրջանում մեծ ճանաչում բերեց «ՍՊԻԴ-Ինֆո» պարբերականին[3]։ Ընթերցողները հազարավոր նամակներ էին ուղարկում խմբագրություն, դրանցից որոշներին թերթի խմբագրական կազմն անդրադառնում էր հաջորդ համարներում։ Թերթի տպաքանակը սկսեց շատ արագ աճել և 1992 թվականին այն հասավ 3 միլիոն օրինակի[2]։

Առանձին բաժիններ և թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ինտիմ ակումբ»
  • սեռական հողի վրա ընտանեկան դրամաներ
  • սեռական հանցագործությունների վերաբերյալ քրեական գրառումներ
  • «ամենակարևորի մասին» ընդարձակ հարցազրույցներ
  • «ինչպես է դա լինում մեծերի մոտ»

Թերթը բազմիցս ներքաշված է եղել հայտնի մարդկանց մասնակցությամբ սկանդալների մեջ։ Մասնավորապես, բավականին հայտնի է Բորիս Ակունինի հարցազրույցի հետ կապված սկանդալը։ 2012 թվաականի մայիսին «ՍՊԻԴ-Ինֆո»-ի էջերում հրապարակվեց Ակունինի հետ հարցազրույցը, որն իրականում չէր էլ եղել։ Այսինքն, Ակունինը հարցազրույց չէր տվել այս թերթին։ Որպես հարցազրույցի վերնագիր, «ՍՊԻԴ-Ինֆո»-ն ընտրել էր այս գլխագիրը. «Առաջին հերթին գնում եմ գերեզմանատուն, իսկ հետո՝ հասարակաց տուն»։ Գրողը դատի տվեց թերթին զրպարտանքի համար ու, որպես փոխհատուցում, պահանջեց 2 միլիոն ռուբլի։ Նույն տարվա հոկտեմբերին դատարանը բավարարեց հայցը ու պարտավորեցրեց վճարել 250 հազար ռուբլի, ինչպես նաև մեծ տառաչափով հրապարակել հերքում[4]։

Ներկայումս թերթի իրավական վիճակն անորոշ է։ Ամենաթարմ համարը լույս է տեսել 2021 թվականի մարտին, իսկ նույն ժամանակաշրջանից չի թարմացվել նաև կայքի «Առցանց թերթ» բաժինը։ 2023 թվականին հայտարարվեց նույն տարվա երկրորդ կեսի և 2024 թվականի առաջին կեսի բաժանորդագրության մասին։

Թերթի հիմնադիր Անդրեյ Մանի նկատմամբ դեռ 2020 թվականին հայտարարվել էր միջազգային հետախուզում ու կիրառվել հեռակա ձերբակալում։ «ՍՊԻԴ-Ինֆո»-ի լրագրողներին և վարկառուներին Մանը պարտք էր գրեթե կես միլիարդ ռուբլի գումար[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ««Чтобы у читателя мозги вынесло к чертовой матери!» Пресса 90-х выдумывала женщин-паучих и пичкала читателя доступным сексом». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-12-26-ին. Վերցված է 2023-01-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 ed_glezin (2020-07-27). «Как была издана первая советская эротическая газета». ed_glezin. Արխիվացված է օրիգինալից 2023-01-10-ին. Վերցված է 2023-01-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «История «СПИД-инфо» — с чего начинался и чем стал теперь главный таблоид 1990-х». postmodernism.livejournal.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-01-10-ին. Վերցված է 2023-01-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Суд обязал "СПИД-Инфо" выплатить 250 тыс. рублей по иску Акунина - Москва || Интерфакс Россия». www.interfax-russia.ru (ռուսերեն). 2012-10-24. Արխիվացված է օրիգինալից 2023-01-10-ին. Վերցված է 2023-01-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Основателя «Спид-Инфо» арестовали заочно». www.kommersant.ru (ռուսերեն). 2020-10-09. Արխիվացված է օրիգինալից 2022-12-03-ին. Վերցված է 2023-01-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]