Ռոստովի պետական ֆիլհարմոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստովի պետական ֆիլհարմոնիա
Տեսակտեսարժան վայր և Ֆիլհարմոնիա
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ռոստովի պետական ֆիլհարմոնիա (ռուս.՝ Ростовская государственная филармония), ֆիլհարմոնիա Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։

Հասցեն՝ ք. Դոնի Ռոստով, Բոլշայա Սադովայա փողոց, 170։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարս» սրճարան-թատրոն։ Կ. Վ. Չարախչյանցի տուն։ Շքամուտք
«Մարս» սրճարան թատրոն։ Շքամուտք

Մինչև 1930-ական թվականները սիմֆոնիկ և կամերային համերգները Դոնի Ռոստովում տվել են երաժշտական ուսումնական հաստատությունները և պետական Ռադիոկոմիտեն։

1935 թվականի մարտի 21-ին Ազով-Սևծովյան գործադիր կոմիտեի նախագահության հրամանով «երկրամասի երաժշտական ծառայությունը հաստատելու» նպատակով ստեղծվեց Ռոստովի պետական ֆիլհարմոնիան։ Ֆիլհարմոնիայի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցավ նրա առաջին ղեկավարը՝ երաժշտագետ, մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգորի Սավելևիչ Դոմբաևը։

Բացված Ռոստովի պետական ֆիլհարմոնիան դարձավ Ռուսաստանի հարավի երաժշտական մշակույթի մի մասը։ Նրա կազմում մոտ 80 տարի համերգներ է տալիս Ռոստովի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը։ Նվագախմբի երկացանկում հնագույն և ժամանակակից երաժշտությունն է։ Անցած տարիների ընթացքում նվագախումբը ղեկավարել են դիրիժորներ Նիկոլայ Անոսովը, Մարկ Պավերմանը, Լեոնիդ Կացը, Սեմյոն Կոգանը, Ռավիլ Մարտինովը և ուրիշներ։

Առաջին տասնամյակի ընթացքում սիմֆոնիկ նվագախմբից բացի ֆիլհարմոնիայում հայտնվեցին նաև Դոնի կազակների երգի և պարի համույթը և Հայրենական մեծ պատերազմի սկզբում ստեղծված երաժշտական-գրական լեկտորիումը։

Ներկայում Ռոստովի ֆիլհարմոնիայում գործում են երաժշտական խմբեր և մենակատարներ, որոնց թվում են Ռուսաստանի Դաշնության ժողովրդական և վաստակավոր արտիստներ, Համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիրներ և դիպլոմանտներ։ Ռոստովի ֆիլհարմոնիայում գործում են տարբեր տարիների հիմնված ստեղծագործական խմբեր. «Կլասիկ-կոնցերտ» երաժշտական-գրական ծրագրերի բաժինը, Վ. Ն. Եժդիկի անվան փողային գործիքների պետական համերգային նվագախումբը, ռուսական ժողովրդական նվագարանների «Դոն» նվագախումբը[1], ռուսական ժողովրդական նվագարանների «Դոնցի» համույթը, Կ. Նազարեթովի անվան էստրադային-ջազային նվագախումբը, «Ամազոնկի» շոու-խումբը։

Կոնսերվատորիայի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոցում գտնվող երեքհարկանի աղյուսե շենքը (Կարապետ Չարախչյանցի եկամտաբեր տուն) կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Շենքի կենտրոնում, շքամուտքի վերևում և կողմնամասերում կային պատշգամբներ։ Շինությունը զարդարված էր ծեփվածքով, պսակող քիվով, որմնասյուներով, ճակտոնազարդերով, խորաքանդակներով։ Սկզբնապես շենքի երրորդ հարկը զբաղեցնում էր հյուրանոցը։ Այստեղ գործում էր նաև «Մարս» սրճարան-թատրոնը, որը նախկինում կոչվել է «Պալե դը Կրիստալ», առաջին հարկում խանութներն էին։

Հետագայում սրճարանը վարձակալությամբ տրվել է «Թաթարների աշխատավորական ընկերակցությանը», որում հաշվառված էին Ի. Ն. Խայբեգովը, Ա. Խ. Դիմակաևը և Կ. Ի. Բիկեևը։ Ամեն երեկո տանը տրվում էին համերգներ, տեղի էին ունենում ռոստովյան երաժիշտների հանդիպումներ։

1917 թվականի փետրվարին շենքը դարձավ հեղափոխական իրադարձությունների կենտրոն։ Փետրվարյան հեղափոխությունից հետո այստեղ էր գործում Ռոստով-Նախիջևանյան բանվորական պատգամավորների խորհուրդը, ապա ռազմահեղափոխական կոմիտեն։ 1917 թվականի նոյեմբերին շենքում աշխատում էր ատաման Ալեքսեյ Կալեդինի Դոնյան կառավարության դեմ զինված ապստամբություն նախապատրաստող շտաբը։ Այդ կառավարությունը չէր ճանաչում Հոկտեմբերյան հեղափոխությունը, Դոնում հայտարարել էր ռազմական դրություն և արգելել հացահատկի և ածխի արտահանումը Ռուսաստանի կենտրոնական շրջաններ։

1927 թվականին շենքում մետաղագործների ակումբ էր։ 1935 թվականից այնտեղ սկսեց գործել Ռոստովի ֆիլհարմոնիան։

1976-1978 թվականներին ճարտարապետներ Ն. Ա. Սերգեևի և Վ. Ա. Կորոլյովի նախագծով իրականացված վերակառուցումից հետո շենքը ստացավ ժամանակակից տեսքը։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի պետական ֆիլհարմոնիան տարբեր ժամանակներում ղեկավարել են Գ. Ս. Դոմբաևը, Ի. Կ. Շապոշնիկովը, Ա. Պ. Արտամոնովը և Գ. Ե. Բեզրոդնին, Ա. Մ. Լուկովսկին, Ն. Ս. Կոստարևը, Է. Վ. Ագոպովան, Բ. Յ. Չիրվինը, Վ. Ն. Եպիֆանովսկին, Ֆ. Ի. Իշչենկոն։

Ներկայում Ռոստովի պետական ֆիլհարմոնիան ղեկավարում է գլխավոր տնօրեն Օքսանա Իվանովնա Յակովլևան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лобжанидзе В., Г. Лаптева Г. «Путешествие по старому Ростову». Ростов н/Д, 1997. с. 153.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]